Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միջադեպ խորհրդարանական դահլիճում. ԱԺ նախագահը դիտողություն արեց

Միջադեպ խորհրդարանական դահլիճում. ԱԺ նախագահը դիտողություն արեց

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ ամբիոնից բռնության կոչերն ու քարոզը քրեականացնող նախագծի քննարկմանն իր ելույթում, շեղվելով քննարկվող հարցից, իր ելույթը նվիրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ավելի վաղ իրեն ուղղված մի մտքի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս ելույթին տեղից արձագանքեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ, այնուհետև միջամտեցին նաև «Իմ քայլը»-ի պատգամավորներ, արդյունքում դահլիճում աղմուկ սկսվեց: Թեև պատգամավորների բարձրախոսները միացված չէին և հստակ լսելի չէր, թե ինչ էին նրանք ասում, այնուամենայնիվ, հասկացվեց, որ ԼՀԿ-ից դժգոհում էին, թե պատգամավորի ելույթը քննարկվող թեմայի հետ կապ չուներ:

Պապոյանն իր ելույթում նշեց, որ անդրադառնում է Էդմոն Մարուքյանի ավելի վաղ հնչեցրած այն մտքին, որով նա իրեն մեղադրել է 18 տարեկանում Հանրապետական կուսակցությանն անդամակցելու համար՝ հետաքրքրվելով, թե Պապոյանն այդ ժամանակ ինչու կոռուպցիայի հետ կապված հարցերը չէր բարձրաձայնում: Պապոյանը վստահեցրեց՝ չէր կարող կոռուպցիայի հետ կապված հարցերը բարձրացնել, քանի որ որևէ կապ չի ունեցել նախկին իշխանության հետ և «Լուսավոր Հայաստան» խմբակցության որոշ անդամների մեղադրեց նախկին իշխանության հետ կապ ունենալու մեջ:

«Ավելին, 2011-ին իմ հայացքների և օրվա իշխանության հետ կապ չունենալու համար որոշում է կայացվել ինձ բուհում աշխատանքից զրկել, և օրենքը կոպտորեն խախտելով զրկեցին ինձ դասաժամերի մեծ մասից»,-ասաց Պապոյանը:

 Նա վստահեցրեց, որ աշխատել է միայն մասնավոր սեկտորում, և այն ժամանակ, երբ հանրապետականները իշխանության էին, ինքը վաճառող է աշխատել, հետևաբար չէր կարող այդ հարցերը բարձրացնել: Դիմելով Էդմոն Մարուքյանին՝ Պապոյանն ասաց, որ  սակայն նա  ու նրա  կուսակցության անդամները կարող էին: Նա նշեց, որ երբ ինքը մասնավոր սեկտորում է  աշխատել, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայիս մի շարք անդամներ նախկին իշխանության տարիներին պետական պաշտոններ են զբաղեցրել: Պապոյանը Մարուքյանին մեղադրեց մի շարք հարցերում:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան շեշտեց, որ բոլորը միասին պետք է հետևն ընդհանուր խաղի կանոններին, որոնք որևէ մեկը չպետք է խախտի: Այդ կանոնները պետք է ընդունելի լինեն բոլորի համար: «Եթե մենք որդեգրում ենք սկզբունք, կանոն, որ որևէ մեկը ամբիոնից որևէ հարցի քննարկման ժամանակ այլ հարցի մասին չի կարող խոսել, այս կանոնը պետք է ընդունելի լինի բոլորի համար և խստորեն կպահպանվի նախագահության կողմից: Այդպիսի ելույթները կընդհատվեն և խոսողին կհրավիրենք զբաղեցնել իր տեղը: Բայց, եթե որևէ մեկը, այնուամենայնիվ, իրենց թույլ է տվել որևէ հարցի քննարկման ժամանակ խոսել մեկ այլ հարցից, իսկ այդպիսի բան մինչև այսօր թույլ են տվել բոլոր խմբակցությունների ներկայացուցիչերը, ուրեմն այդ կանոնը պետք է գործի մնացած խմբակցությունների և մնացած բոլոր պատգամավորների համար»,-ասաց Միրզոյանը:

Նա առաջարկեց պայմանավորվել՝ այդպիսի ելույթներ կարող են լինել, թե չեն կարող լինել: «Քանի դեռ եղել են, կարծում եմ, որ փոխնախագահ Էնֆիաջյանը ճիշտ արեց, չընդհատեց Պապոյանի ելույթը: Իսկ քանի դեռ որևէ մեկն ամբիոնից ելույթ է ունենում, մյուսները թող լսեն և հետո արձագանքեն»,-ասաց նա:

Ավելի ուշ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը քննարկվող հարցի վերաբերյալ ելույթից հետո դիմելով Պապոյանին՝ ասաց. «Այն, որ դուք ամաչում եք Ձեր հանրապետական անցյալի համար, մենք մեղավոր չենք: Երբ Էդմոն Մարուքյանը հաղթում էր հանրապետական կուսակցության թեկնածուին, դուք երազում էիք հանրապետական իշխանությունում տաքուկ տեղ ունենալու համար: Անցեք Էդմոն Մարուքյանի անցած ճանապարհը, նոր փորձեք այս ամբիոնից գնահատականներ հնչեցնել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]