Հանրապետության նախագահը պարբերաբար խախտում է Սահմանադրությունը

Հանրապետության նախագահը, ով Սահմանադրության համաձայն (123-րդ հոդված. 2-րդ մաս)՝ պարտավոր է հետևել այդ նույն Սահմանադրության պահպանմանը, ինքն է խախտում Սահմանադրությունը, այն էլ՝ պարբերաբար: Ամենազավեշտալին այն է, որ հանրապետության նախագահը Սահմանադրությունը խախտում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման հարցում, այսինքն՝ մի մարմնի դատավորի, որը Սահմանադրության գերակայության երաշխավորն է:

Մեկ անգամ տուրք տալով փաստաբանների փոքրաթիվ խմբի պահանջներին՝ նա սահմանել էր թվացյալ մրցութային կարգ՝ իբրև թե Սահմանադրական դատարանի լավագույն դատավորի թեկնածու ընտրելու նպատակով: Արդյունքում՝ նա դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովին ՍԴ անդամի համար առաջադրեց վարչապետին մտերիմ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ինչը ձախողվեց, ինչպես և Նախագահի՝ մինչ այդ առանց մրցույթի առաջադրված նախորդ թեկնածուն:

Բանն այն է, որ մրցույթի անցկացում պահանջող խմբի նպատակը հենց Վահե Գրիգորյանի առաջադրմանը հասնելն էր: Առանց երկար մտածելու կամ գուցե դիտավորյալ՝ Հանրապետության նախագահը տուրք տվեց այդ պահանջին և «ճիշտ ընտրություն» կատարեց՝ նախապատվություն տալով պահանջվող թեկնածուին: Սակայն իր իսկ սահմանած «մրցութային» ընթացակարգի շրջանակներում առկա էին նաև այլ թեկնածուներ, ովքեր Վահե Գրիգորյանի ձախողումից հետո չառաջադրվեցին Նախագահի կողմից, չնայած «մրցույթով» անցել էին: Նախագահը՝ խախտելով սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները, նոր մրցույթ է հայտարարել, որին, կռահեցիք, կրկին մասնակցելու է Վահե Գրիգորյանը:

Հարց է ծագում՝ նա արդյո՞ք նոր թեկնածու է, ինչպես սահմանադրական օրենքն է պահանջում, թե՞ ոչ: Եթե ոչ, ինչը ոզնուն էլ պարզ է, ապա «մրցույթը» կազմակերպվում է, որպեսզի նրան արհեստականորեն դարձնեն նոր թեկնածու, այսինքն, իբրև թե նոր «մրցույթով» առաջադրված՝ հին, բայց նոր «մրցույթի» անցկացման շնորհիվ՝ նոր: Այսինքն, Նախագահն իր լիազորություններն անմիջականորեն իրացնելու փոխարեն, որոնք առավելապես հակակշռող բնույթի են, լծվել է վարչապետի նախընտրած թեկնածուին Սահմանադրական դատարանի դատավոր դարձնելու գործին:

Հանրապետության նախագահի 2019 թվականի հունվարի 31-ի ՆԿ-5-Ա կարգադրության համաձայն՝ ձևավորվել է ժամանակավոր աշխատանքային խումբ, որը պետք է անցկացնի հիշատակված «մրցույթը» և թեկնածուներից յուրաքանչյուրի վերաբերյալ Հանրապետության նախագահին խորհրդատվական կարծիքներ ներկայացնի:

Աշխատանքային խումբը ժամանակավոր է, այդուհանդերձ, այն խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է Հանրապետության նախագահի կողմից, և որի կազմում ներառվել են մի շարք պետական մարմինների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Երկրի ֆորմալ ղեկավարի կարգադրությունն ուղիղ հակասության մեջ է մտնում Սահմանադրության հետ: Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ իր գործառույթները Հանրապետության նախագահն իրականացնում է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, որոնց թվին չի դասվում խորհրդակցական մարմիններ ձևավորելու լիազորությունը՝ ի տարբերություն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության, որում այն հստակ ամրագրված էր: Սահմանադրության այս դրույթը հուշում է, որ այդ տարբերությունը գիտակցված որոշման արդյունք է, իսկ Հանրապետության նախկին նախագահին առընթեր և նրա կողմից կազմավորված բոլոր խորհրդակցական մարմինների կարգավիճակի փոփոխությունը հենց հետապնդում էր Սահմանադրության պահանջները կատարելու նպատակ:

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը Սահմանադրական դատարանի կազմավորման գործընթացի անբաժանելի մասն է, որը, Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Իսկ Սահմանադրության մեկ այլ դրույթ էլ՝  166-րդ հոդվածի 9-րդ մասը, ամրագրում է, որ դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով: Այսինքն՝ ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ Սահմանադրական դատարանի մասին օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման մրցութային, կիսամրցութային կամ որևէ այլ՝ Հանրապետության նախագահի կարգադրությանը համապատասխանող կարգ սահմանված չէ:

Ի տարբերություն այս մոտեցման, որով բացառվում է Սահմանադրական դատարանի դատավորի մրցութային կարգ (պարզ էլ չէ՝ աշխարհի ո՞ր երկրում է գործում նման կարգ), Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունը հենց Սահմանադրության ուժով մրցութային է, քանի որ՝ համաձայն Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Ազգային ժողովն այս դատարանի դատավորներին ընտրում է յուրաքանչյուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած երեք թեկնածուներից: Բացի այդ՝ դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության և նշանակման կարգն իր հիմնական մասով սահմանված է Սահմանադրության 166-րդ հոդվածում, և միայն առանձին, երկրորդական հարցեր կարող են կարգավորվել օրենքներով։ Երկրորդական են նաև դատավորների ընտրության, այդ թվում՝ թեկնածուների առաջադրման, մանրամասները, որոնք, ինչպես նշվեց՝ պետք է սահմանվեն բացառապես սահմանադրական օրենքներով:

Սա, ըստ մասնագետների, առանցքային երաշխիք է նաև դատարանների անկախության ապահովման համար, քանի որ բացառում է այլ պետական մարմինների կողմից իրենց համար քաղաքականապես կամ անձնապես նախընտրելի անձանց համար հատուկ կարգեր սահմանելու միջոցով դատարաններ կազմավորելը, ինչն իրավական պետության հետ անհամատեղելի է և ենթադրում է դատական իշխանության ձևավորման համար խաղի կանոնների կամայական սահմանման հնարավորություն։ Մի բան, որ հատուկ է բռնապետություններին կամ չկայացած պետություններին:

Հանրապետության նախագահին վերաբերող սահմանադրական դրույթների վերլուծությունից ուղղակիորեն հետևում է, որ Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրելու լիազորությունը Հանրապետության նախագահի բացառիկ ինքնուրույն լիազորությունն է, և դրա իրականացումը պետք է ապահովվի բացառապես Հանրապետության նախագահի աշխատակազմի միջոցով:

Նախագահի կարգադրությամբ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների վերաբերյալ խորհրդակցական կարծիք հայտնելու հնարավորություն է տրվել նաև Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցչին, այսինքն՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովին։ Սա հակասում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 1-ին մասում սպառիչ սահմանված՝ մշտական հանձնաժողովների գործառույթներին, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքին:

Հանրապետության նախագահի կողմից վերստին խախտվել են նաև Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման՝ Սահմանադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1434 որոշմամբ դեռևս ուժի մեջ թողնված՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված բոլոր ժամկետները։ Խախտվել է նույնիսկ այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանի կողմից որպես ոչ խնդրահարույց գնահատված մեկամսյա ժամկետը։ Սա հիմքեր է տալիս ենթադրելու, որ այդ ժամկետները դիտավորությամբ են խախտվել, որպեսզի հնարավոր լինի շրջանցել նախորդ գումարման Ազգային ժողովը և նախապես որոշված հին թեկնածուին ներկայացնել արդեն նորընտիր Ազգային ժողովին։ Այդպիսով հնարավոր կլինի վարչապետի մտերմին, համատեղությամբ նաև՝ ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի կողմից քննվող առանցքային գործերում առնվազն «խորհրդատուի» կարգավիճակ ունեցող անձին անմիջապես ընտրելու Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում՝ հաշվի առնելով ԱԺ-ում վարչապետին սատարող ուժի ավելի քան անհրաժեշտ ներկայացվածությունը:

Եթե դա է Նախագահի հայտարարած «մրցույթի» իմաստը, ապա պետք է ամրագրել, որ սա նաև քաղաքական կոռուպցիայի ամենասանձարձակ դրսևորում է, որը խարան է դառնալու Սահմանադրության գերակայությունն ապահովող մարմնի և ամբողջ պետական իշխանության համար, քանի որ վարչապետի թեկնածուին Սահմանադրության և օրենքի կոպիտ խախտմամբ սեփական թեկնածու դարձնելը և ամեն գնով անցկացնելը կոռուպցիայի ծայրահեղ դրսևորում է, որով Նախագահը խախտում է նաև իր վրա դրված քաղաքական անաչառության սահմանադրական պարտականությունը:

Նախագահի լիազորությունները չեն ենթադրում նրա բանակցությունները քաղաքական ուժերի հետ՝ նրանց համար նախընտրելի թեկնածուին իր անունից առաջադրելու նպատակով, այլ ենթադրում են սեփական, քաղաքական ուժերի հետ առաջադրման տեսանկյունից չփոխկապակցված թեկնածուի առաջադրումը, քանի որ քաղաքական մարմինը՝ Կառավարությունը, ունի իր հերթին՝ Սահմանադրական դատարանի դատավորի իր երեք թեկնածուներին առաջադրելու լիազորություն: Եթե Կառավարությունը կամ նրա ղեկավարը (վերջինը, ի դեպ, ընդհանրապես առաջադրման լիազորություն չունի) Նախագահի ձեռքերով առաջադրելու են նաև մյուս երեք թեկնածուներին կամ դրանցից մեկին կամ երկուսին, ապա խախտվելու է Սահմանադրական դատարանի կազմավորման՝ Սահմանադրությամբ պահանջվող հավասարակշռությունը, և Կառավարությունը նրան մասնակի հակակշռող մարմնի ձեռքից փաստացի վերցնելու է նրա լիազորությունը՝ վճռորոշ դեր ստանալով ՍԴ կազմավորման հարցում: Ի վերջո, եթե դա պետք է ձևական լիներ, կարելի էր ՍԴ բոլոր անդամների նշանակումը վերապահել կառավարությանը, կամ, նույնիսկ՝ վարչապետին։

Ցանկացած անաչառ դիտորդի համար, ով նույնիսկ փոքր աղերսներ ունի սահմանադրական իրավունքի հետ, ակնհայտ է, որ Հանրապետության նախագահի կարգադրությունը հակասում է Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի մասին օրենքին, և Հանրապետության նախագահը կոպտորեն խախտել է իր լիազորությունների սահմանը: Դրանով նա կոպտորեն խախտել է առաջին հերթին՝ հենց Սահմանադրությունը, ինչը պաշտոնանկության հիմք է:

Սակայն ակնհայտ հակասահմանադրական ընթացակարգով և սահմանադրական օրենքի բոլոր պահանջների խախտմամբ առաջադրված և հետագայում ընտրված Սահմանադրական դատարանի դատավորն ունենալու է լեգիտիմության խնդիր, որը վտանգելու է Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը։  Նաև՝ այդ դատարանի որոշումների լեգիտիմությունը բոլոր այն դեպքերում, երբ այդ դատավորի ձայնն է որոշիչ լինելու Սահմանադրական դատարանի այս կամ այն որոշումն ընդունելու համար: Դա հղի է անկանխատեսելի վտանգներով Հայաստանի Հանրապետության իրավակարգի համար, քանի որ կարող է ուղղակիորեն վնաս պատճառել Սահմանադրության գերակայություն ապահովելու՝ Սահմանադրական դատարանի հիմնարար գործառույթին, իսկ դրանով՝ նաև սահմանադրական կարգին:

Ցանկացած քաղաքական ուժ, որը կընդդիմանա այսօրվա իշխանություններին, հնարավորություն է ստանալու բարձրաձայնել և նաև քաղաքական նպատակներով շահարկել տվյալ դատավորի մասնակցությամբ Սահմանադրական դատարանի որոշումների իրավաչափությունը, ընդհուպ՝ մինչև ընտրական վեճերի արդյունքներով ընդունված որոշումները: Այս վտանգը դամոկլյան սրի պես անընդհատ կախված է լինելու Սահմանադրական դատարանի, ինչպես նաև՝ նրա կողմից պահպանվող ամբողջ սահմանադրական կարգի գլխին, իսկ այս եղանակով ընտրված դատավորին և Սահմանադրությունը կոպտորեն խախտած, գուցե նաև քրեական օրենքը խախտած Նախագահին անընդհատ սպառնալու է պաշտոնանկության, իսկ Նախագահի դեպքում՝ նաև քրեական հետապնդման վտանգ:

Ոչ իրավական, սակայն լուրջ քաղաքական պատասխանատվություն է առաջանալու նաև այն Ազգային ժողովի համար, որն առանց քննարկելու Նախագահի առաջադրման օրինականությունը՝ կընտրի իբրև թե նրա թեկնածուին՝ որպես դատավոր: Վաղն Ազգային ժողովն ինքն է խնդիրներ ունենալու, եթե դիմի Սահմանադրական դատարան և ստանա որոշումներ այդ դատավորի որոշիչ մասնակցությամբ, որոնք մշտապես կասկածի տակ են դրվելու խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև՝ հանրության մի մասի կողմից:

Իսկ հինգ տարի անց քաղաքական մեծամասնությունը լեգիտիմության ավելի մեծ խնդիրներ է ունենալու, քան նախորդ իշխանությունը, եթե Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ պարզ դառնա, որ վարչապետի նախընտրած և Սահմանադրության ու սահմանադրական օրենքի կոպիտ խախտմամբ ընտրված դատավորի ձայնը վճռորոշ է եղել այդ հարցով Սահմանադրական դատարանի որոշումն ընդունելու համար։ Նույնիսկ, եթե այդ որոշումն իրականում լինի շատ հիմնավորված: Ցանկացած ընդդիմություն, եթե պարտվի, սա հաղթաթուղթ է դարձնելու և շահարկելու առնվազն հետագա հինգ տարիների ընթացքում, իսկ եթե հաղթի՝ նրա ընդդիմությունն է հնարավորություն ստանալու դա շահարկել:

Արդյո՞ք Հանրապետության նախագահը և նրան ուղղորդող ուժերը չեն հասկանում, որ այդպիսով ռումբ են դնում մեր պետականության տակ, որովհետև գոնե մինչ այժմ ՍԴ կազմի լեգիտիմության հանդեպ երբևէ կասկածներ չեն եղել։ Իհարկե, որոշակի կասկածներ ՍԴ առանձին որոշումների բովանդակության վերաբերյալ կամ դատավորների նկատմամբ հնարավոր ճնշումների մասով անցած տարիներին եղել են, բայց ՍԴ կազմի վերաբերյալ՝ երբեք։ Մինչդեռ այսօր ստեղծվում է դրա վտանգը։

ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս