Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինչ գործառույթ է իրականացնելու արբանյակի կառավարման կենտրոնը ՀՀ-ում. նախարարի և SATLANTIS-ի ներկայացուցչի պարզաբանումը

Ինչ գործառույթ է իրականացնելու արբանյակի կառավարման կենտրոնը ՀՀ-ում. 
նախարարի և SATLANTIS-ի ներկայացուցչի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կառուցվելիք արբանյակի կառավարման կենտրոնը հնարավորություն կտա երկրին կառավարումն ամբողջությամբ իրականացնել ինքնուրույն, ստացված տվյալները կօգտագործվեն տարբեր ոլորտներում ՝այդ թվում գյուղատնտեսությունում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ ARMSAT_1 հայկական առաջին արբանյակի աշխատանքների վերաբերյալ ասուլիսում:

Նախարարի խոսքով՝ կառավարման կենտրոնի կազմակերպչական աշխատանքները վերջնական փուլում են, շուտով կժամանեն մասնագետները, որոնք կիրականացնեն մոնտաժային աշխատանքները: Ինչ վերաբերում է աշխատակիցներին, ապա որոշ մարդիկ ներգրավված են վերապատրաստման աշխատանքներում, նրանք պրակտիկ գիտելիքներ են ստանում, թե ինչպես կառավարել արբանյակը:

«Այն պահից, երբ մենք վստահ լինենք, որ ամբողջությամբ կարող ենք ինքնուրույն կառավել, կառավարումն ամբողջությամբ կանցնի մեզ: Տվյալները, որոնք ստացվել են թե փորձարկումների ժամանակ, թե այն տվյալները, որոնք կստացվեն կանոնավոր կերպով, ՀՀ սեփականությունն են: Այլ երկիր կամ այլ ընկերություն որևէ իրավունք չունի դրանց նկատմամբ»,-ասաց Խաչատրյանը:

SATLANTIS ընկերության գլխավոր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին հետաքրքիր համեմատություն արեց: «Հայաստանը, եթե համեմատելու լինենք, ոչ թե թանկարժեք Մերսեդես է գնել, այլ ստեղծել է գործարան, որը կարտադրի այդ թանկարժեք Մերսեդեսը»,-նշեց նա:

SATLANTIS ընկերության հայաստանյան նախագծերի կառավարող Խավիեր Օջանգուրեն էլ ընդգծեց, որ համակարգչային ծրագիրը, որը կգործարկվի, ամբողջությամբ կվերահսկի արբանյակը: 7 տարբեր ենթակահամակարգեր կլինեն: Դրանց շնորհիվ հնարավոր կլինի ձեռք բերել տարբեր տվյալներ: Օջանգուրեն շատ կարևորեց նաև ահազանգերի համակարգը, որը կտեղեկացնի, եթե ինչ-որ բան գործառույթներում այն չլինի:

«Բոլոր այն պատկերները, տվյալները, որ ստացվում են արբանյակից, մշակվում են, արդյունքում ստանում ենք 4 սպեկտորային պատկերներ՝ կարմիր, կապույտ, կանաչ և ինֆրակարմիր ճառագայթներին մոտ գույն: Տվյալները կարող են գործածվել տարբեր ոլորտներում, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում:  Ուսումնասիրվող տարածքները վերաբերում են երկրագնդի ամբողջ տարածքին: Հատկապես նկատի ունենք այն տարածքները, որոնք Հայաստանի համար հետաքրքրություն են ներկայացնում»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ արբանյակի բացթողնման մասին հայտնի դառնալիս նշվել էր, որ այն կունենա նաև ռազմական նշանակություն, ոչ միայն գյուղատնտեսական՝ նախարար Խաչատրյանը վստահեցրեց, որ այն, ինչ հայտարարվել է, ուժի մեջ է, պլանների մեջ ոչինչ չի փոխվել: Արդեն որոշակի տվյալներ, նկարներ ստացվում են: Ամեն մեկն իր կիրառումը կգտնի:

Հայաստանն արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում է բացառապես խաղաղ նպատակներով՝ այդ թվում անվտանգային նպատակով մոնիթորինգ իրականացնելու համար:

Մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել, ամբողջությամբ պատրաստ է շահագործման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am