Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մեկ օր անվասայլակով». Երևանում հաշմանդամության մասին հասարակության իրազեկման ֆլեշմոբ անցկացվեց

«Մեկ օր անվասայլակով». Երևանում հաշմանդամության մասին հասարակության 
իրազեկման ֆլեշմոբ անցկացվեց

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամության մասին հասարակության իրազեկության բարձրացման նպատակով մայիսի 25-ին «Հույսի կամուրջ» ՀԿ-ն Երևանում անցկացրեց «Մեկ օր անվասայլակով» խորագրով ֆլեշմոբը:

Նախաձեռնության շրջանակում հաշմանդամություն չունեցող անձինք՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և այլք անվասայլակներ վարեցին՝ ցույց տալով այն դժվարություններն ու խնդիրները, որոնց առօրյայում բախվում են սայլակից օգտվողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆլեշմոբի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակwum, որտեղից մասնակիցները սայլակներով շարժվեցին դեպի Կոմիտասի անվան պուրակ: Մասնակիցները փորձեցին «ՔայլՏեք» հայկական ընկերության արտադրած անվասայլակի էլեկտրական կցորդիչը՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով #100հնարավորություն սոցիալական նախաձեռնության մասին:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Հույսի կամուրջի» շահերի պաշտպանության թիմի անդամ Արևիկ Մելքոնյանը հիշեցրեց, որ կազմակերպությունը 25 տարի զբաղվում է հաշմանդամություն ունեցող  երեխաների և երիտասարդների շահերի պաշտպանությամբ և կարևորում է ներառական կրթությունը:

Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ Խորհրդային Միության տարիներից բախվում են մատչելիության խնդրին: «Երբ նրանք տնից դուրս են գալիս, կանգնում են մուտքերի թեքահարթակների բացակայության, մատչելի տրանսպորտի և առհասարակ շենք-շինությունների անմատչելիության խնդրի առաջ, որոնց լուծման համար հաճախ ենք դիմում պատկան մարմիններին: Այժմ իրականացնում ենք գերատեսչությունների և համալսարանների մոնիթորինգ, որի արդյունքները ներկայացնելու ենք պատկան մարմիններին: Վերջիններս ի գիտություն են ընդունում, բայց շոշափելի արդյունքներ դեռևս չկան»,- ընդգծեց Մելքոնյանը:

Անդրադառնալով հասարակության՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքին՝ նա ասաց, որ տարիների ընթացքում դրական առումով զգալի փոփոխություն է նկատվում, քանի մարդիկ սկսել են ընդունել հաշանդամություն ունեցող մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: «Երբեմն մեզ ճիշտ չեն հասկանում, խղճահարությամբ են մոտենում, «տառապել» բառն են օգտագործում, բայց հավատացե՛ք, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն տառապում, ապրում են լիարժեք կյանքով, ընդամենը հավասար պայմանների կարիք ունեն»,-եզրափակեց Մելքոնյանը:

«ՔայլՏեք» հայկական ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանն էլ տեղեկացրեց, որ անվասայլակի էլեկտրական կցորդիչից զատ արտադրում են էկզոկմախք, կանգնակ-սայլակ և քայլաբեր, որը մարդուն քայլելու հնարավորություն է ընձեռում: «Քայլաբերը մարդուն թույլ է տալիս ձեռքերի աշխատանքի միջոցով ոտքերի քայլքի իմիտացիա  ստեղծել: Այն կանխարգելում է հաշմանդամության հետ զարգացող տասից ավելի հիվանդություն: Մեր առաքելությունը հաշմանադամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարձրացնելն է»,-նշեց Արսենյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանն էլ ասաց, որ սիրով է միացել նախաձեռնությանը: «Պատերազմների հետևանքով և ոչ միայն մեր հասարակությունում մեծ քանակությամբ հաշմանդամություն ունեցող մարդիկ կան: Բնականաբար, ցանկացած մարդ պետք է մտածի, թե ինչ անել, որ նրանք էլ կարողանան լիարժեք կյանքով ապրել: Երբ իմացա, որ գիտնականների ուժերով սարք է պատրաստվել, որ անվասայլակները կարող են ինքնակառավարվել և հարկ եղած դեքպում բավականին արագ շարժվել, ոգևորվեցի: Դա կարևոր է ցանկացած հումանիստ մարդու համար»,- ընդգծեց Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը:

Թոփչյանը խոստովանեց՝ հաճախ է մտածում այն մասին, որ ոչ մի մարդ չպետք է դժվարին կացության մեջ հայտնվի: Նա պարբերաբար խորհում է հավասարության մասին և ուրախ է, որ ինչ-որ բան կարող են ստեղծել, անել և աջակցել  դժվարություններ ունեցող մարդկանց:

Դիրիժորը հայտնեց, որ նվագախմբի տնօրեն Վիկտոր Մնացականյանի նախաձեռնությամբ առաջիկայում Արամ Խաչատրյան համերգասրահը կվերազինվի, հնարավոր է՝ վերելակներ տեղադրվեն, որոնք հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորություն կտան հեշտությամբ տեղաշարժվել դահլճում և ունկնդրել յուրաքանչյուր միջոցառում:

Ֆլեշմոբն իրականացվեց «Հույսի կամուրջ» ՀԿ և «ՔայլՏեք» ընկերության համագործակցությամբ՝ «Հույսի կամուրջ» ՀԿ 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]