HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արփի խոշորացված համայնք. երբ զարգացման ծրագիր են գրում՝ մասնակից չդարձնելով համայնքի բնակիչներին

Շիրակի մարզի Արփի խոշորացված համայնքի կենտրոնը համարվող Բերդաշենում անցած ՏԻՄ ընտրություններից մինչեւ օրս աչքի համար նկատելի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել՝ նույն սակավամարդ, հողաշեն փողոցներն են, նույն անշուք ու գորշ տները, աշնան մոտալուտ գալն ավետող խոտի դեզերն ու աթարի բուրգերը: Պատկերն ամբողջացնում են արագիլների դատարկ բները, անցանկապատ բակերում, խոտի դեզի տակ քուջուջ անող հավերը եւ ալպիական արդեն դեղնած բուսածածկույթի մնացորդներն ալարկոտ ծամող ձիերը:

Միակ տեսանելի դրականը, որ արձանագրեցինք, Ամասիա-Բերդաշեն 14 կմ-անոց փոսալցված, հարթեցված ճանապարհն էր ու Բերդաշենի համայնքային կենտրոնի առաջին հարկում բացված տեղեկատվական կենտրոնը: Նմանատիպ գրասենյակներ հիմնվել են նաեւ խոշորացված մյուս համայնքներում, այդ թվում եւ Արփի խոշորացված համայնքի հարեւան Ամասիա համայնքում: Ծրագիրն իրականացվել է  GTZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ասոցացիա) «Լավ տեղական ինքնակառավարում հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ, Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Նրանց համար, ովքեր չգիտեն, թե որտեղ է գտնվում Բերդաշենը (գյուղն իր մեջ ընդգրկում է Պաղակն բնակավայրը), նշենք մի շատ հայտնի տեղեկատվություն, որ սովորաբար հիշում ենք, երբ  ձմռանը ցրտի բարձր ցուցանիշներ են գրանցվում: Բերդաշենից ընդամենը 1 կմ հեռավորության վրա, Արփի լճի ափին տեղակայված փոքրիկ Պաղակն բնակավայրը ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ Կովկասի ամենացուրտ վայրն է: Ծովի մակերեւույթից 2040 մետր բարձրության վրա գտնվող բնակավայրում խորհրդային տարիներին գրանցված նվազագույն ջերմաստիճանը՝  -46 աստիճանը, կարելի է չգերազանցված ռեկորդ համարել մինչեւ օրս:

Մեկ տարի առաջ Ամասիայի նախկին տարածաշրջանի հյուսիսում գտնվող 9 համայնքների միավորումը` Արփի փնջում Բերդաշեն կենտրոնով՝ լճի շրջակայքում գտնվող բնակավայրերի բնակիչների ցանկությամբ ու ղեկավարների առաջարկով էր: Առաջարկը հիմնավորվել էր նրանով, որ համայնքներն հիմնականում վերաբնակեցված են Ջավախքից տեղափոխված հայերով, ունեն նույն մշակույթն ու մտածողությունը, գյուղերը շատ ավելի կապված են իրար հետ՝ ունեն նույն խնդիրները: Հաշվի էին առել նաեւ Արփի լճի գործոնը: Նշված գրեթե բոլոր բնակավայրերը Արփի լիճ ազգային պարկի ստեղծման ժամանակ տրամադրել էին համայնքներին պատկանող պահուստային ֆոնդի հողերը:

Խոշորացված համայնքներում ծրագրերի վերլուծությամբ, համայնքների խնդիրները, բնակչությունից հնչող առաջարկների բանկի ստեղծմամբ զբաղվող «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի փորձագետ Սեյրան Մարտիրոսյանին անհանգստացնում է նույն այդ համայնքների առաջիկա 5 տարիների զարգացման ծրագրերը, որոնք համեմատելիս ակնհայտ է դառնում միմյանցից արտագրելու փաստը:

«Այն, որ զարգացման ծրագրերը ձեւական բնույթ են կրում, ու այս տարիներին կարելի է ասել ոչինչ չի փոխվել՝ փաստում են խոշորացված համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերը: Տարիներ շարունակ վատ աշակերտի նման ինչպես արտագրել են միմյանցից՝ նույն ոգով էլ շարունակում են: Դա շատ ակնհայտ է դառնում, երբ ասենք հարեւան խոշորացված համայնքի զարգացման ծրագիրը թերթելիս հանդպում ես Թումանյան բառին: Պարզ է, որ «քոփի փեստ» է արված Թումանյան խոշորացված համայնքի ծրագրից, ու մարդիկ իրենց նեղություն չեն էլ տվել տողերում հանդիպող Թումանյանը փոխեն իրենց համայնքի անունը գրեն»,- նկատում է Սեյրան Մարտիրոսյանը:

Արտագրության սխալների հանդիպում ես նաեւ Արփի խոշորացված համայնքի զարգացման ծրագրում, որտեղ հենց առաջին էջում նշված է, որ փունջը ձեւավորվել է 2016թ-ի սեպտեմբերին, այնինչ այս տարածաշրջանի 9 համայնքների միավորման համար ՏԻՄ ընտրությունները նշանակված են եղել նույն թվականի հոկտեմբերի 2-ին:

«Գուցե ինձ մեղադրեն, թե էս ինչ մանր հարցերի վրա ենք ուշադրություն դարձնում: Ասենք արտագրել են, բայց դե իրենց համայնքին վերաբերող ծրագրերն են չէ՞ ի վերջո գրել: Շատ մանրամասն ուսումնասիրելու դեպքում հասկանում ես, որ իրենց վերաբերող խնդիրների 70-80 տոկոսն արտացոլված չեն այդ փաստաթղթերում, այսինքն զարգացման ծրագիրը չունի մասնակցային բնույթ, հաշվի չի առնվել հասարակ բնակչի կարծիքն ու ցանկությունը, այնինչ պիտի հակառակը լիներ,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը,- հասկանում ես, որ մի երկու-երեք հոգով նստել են, վերցրել են իրենց հրամցված ձեւաթուղթն ու որոշակի անուններ, թվեր փոփոխելով՝ հարմարեցրել համայնքի նկարագրին: Այդքան թմբկահարվող մասնակցայինն այստեղ էլ է բացակայում»:

Արփի խոշորացված համայնքի զարգացման ծրագրում Արփի լիճ ազգային պարկին վերաբերող որեւէ ծրագրի չես հանդիպի, թեպետ խոշորացման նախադրյալներից, եթե ոչ ծանրակշիռը, ապա գոնե առաջնայիններից մեկը եղել է տարածաշրջանում հենց ազգային պարկի գոյությունը: 2009թ-ին Արփի լիճ ազգային պարկի ստեղծումը նպատակ ուներ տարածաշրջանում խթանելու զբոսաշրջությունը, բարձրացնելու եւ բարելավելու մարդկանց կյանքի որակը: Անցած 8 տարիների ընթացքում, լճի հարեւանությամբ գտնվող համայնքների բնակիչների փոխանցմամբ, իրենք ոչ միայն դրական որեւէ բան չեն արձանագրել իրենց կյանքում, այլ հակառակը՝ ազգային պարկն համարում են գլխացավանք ու անօգուտ կառույց:

Արդենիս գյուղի բնակիչ Շաքրո Ղազարյանը մեկ տարի աշխատել է Արփի լիճ ազգային պարկում` որպես տնօրենի տեղակալ: Ասում է, որ Սուրեն Ավագյանն, ով պարկը ղեկավարել է հիմնադրման պահից, խոստացել էր 42 աշխատատեղի ստեղծում, տուրիզմի զարգացման հեռանկար, գյուղերում հյուրատների ցանցի զարգացում եւ այլն:

«Բայց եղավ փոփոխություն մի 5 տարի առաջ, նշանակվեց տնօրեն Արա Պետրոսյանն ու ընդհանրապես ազգային պարկ կոչվածը մեռավ: Հիմի նորից փոփոխություն են արել, նոր տնօրեն են նշանակել, դեռ չգիտենք ինչ է լինելու, բայց էն նախորդի վրա 3-4 քրեական գործ կար, ու ինքը չնստավ՝ անպատիժ դուրս եկավ, որովհետեւ թիկունքը Մարտուն Գրիգորյանն էր: Սուրեն Ավագյանի պաշտոնը թողնելուց հետո ես էլ եմ դուրս եկել, որովհետեւ Պետրոսյանի հետ աշխատելն անհնար էր»,- ասում է Շաքրո Ղազարյանը:

Զրուցակիցս նշում է, որ այս տարիների ընթացքում համայնքները որեւէ ծրագրային կոնկրետ առաջարկ չեն ստացել պարկից, ներդրումներ չեն կատարվել, այնինչ ըստ պայմանավորվածության, համայնքների տրամադրած հողերից գանձված վարձավճարների 30 տոկոսը պետք է հետ վերադառնար համայնքներ` ծրագրերի տեսքով: Շաքրո Ղազարյանը տեղյակ չէ, թե Արփի խոշորացված համայնքի զարգացման 5-ամյա ծրագրում որեւէ տողով անդրադարձ կա՞ լճին, ինչ-որ ծրագրեր նախատեսե՞լ է արդյոք ՏԻՄ-ը: «Մեր սեփական եկամուտները պակասել են, որովհետեւ հողերը տվել ենք պարկին: Մարդիկ էդ հողերը էլի վարձակալում են, բայց արդեն պարկից ու գումարն էլ գնում է իրենց,- բացատրում է Գառնառիճի վարչական ղեկավար Ամիրան Աղջոյանը,-բայց արդեն 5 տարի է մեզ մի լումա չի փոխանցվել: Եթե էդ փողերը հավաքվեր, ապա համայնքները կկարողանային որեւէ աշխատանք կատարել: Հավանաբար ավելի ձեռնտու է եղել սեփական գրպանը դնելը»:

Զարիշատի վարչական ղեկավար Ռուբեն Բադասյանը եւս դժգոհում է Արփի լիճ ազգային պարկի գործունեությունից. «Ինչու՞ պետք է ազգային պարկն էստեղ բուն դներ՝ կոպիտ ասած, խլեր էդ հողերը ժողովրդից: Էսօր իրանց աշխատողները ջիպերով ման գուկան, իսկ մեր համայնքի բնակիչները մի հատ հասարակական տրանսպորտ չունեն Գյումրի հասնելու կամ կողքի գյուղը գնալու համար: Գոնե էդ տիպի մի հատ հարց լուծեին էս տարիների ընթացքում: Հլը հաշվեք, թեկուզ վերջին 5 տարիներին իրանց ստացած եկամուտը: Գումարները հավաքել են, թե ինչ են էրել, պարկին ինչ օգուտ են տվել՝ անհասկանալի է,- նկատում է Ռուբեն Բադասյանը,- ու մենակ ազգային պարկը չէ, բա էդ հէկերի տերե՞րը, ասա ամեն մեկդ գոնե մի գյուղում 1 կմ ջրագիծ նորոգեիք, մի օգուտ տայիք: Որ իմանայինք պարկն էլ մի լումայի օգուտ չպիտի տար՝ հողերը չէինք տա»:

Արփի խոշորացված համայնքի բնակչության թիվը չի գերազանցում 2000-ը: Փնջի կազմում ընդգրկված 9 համայնքներից  սակավամարդը Զարիշատն է՝ 77 բնակիչ, Արդենիսն ունի 211 բնակիչ(այս համայնքից է ընտրվել Արփի համայնքի ղեկավարը-հեղ.), գերիշխողը Բերդաշեն համայնքն է՝ 378 բնակիչ , Գառնառիճը՝ 323 բնակիչ, Ալվարը՝ 279 բնակիչ, Աղվորիկը՝ 143, Շաղիկը՝ 111, Ծաղկուտը՝ 247, Զորակերտը՝ 221 եւ Աղվորիկը՝ 143 բնակիչ:

Փնջի բոլոր բնակավայրերում գործում է դպրոց, բացի կենտրոն համարվող Բերդաշենից: 2015 թ-ին հրդեհված դպրոցի վնասված մասնաշենքը մինչեւ հիմա նույն վիճակում է՝ կառավարությունը հավանաբար այդպես էլ չկողմնորշվեց նորոգելու համար հարկավոր գումարի հարցում: Չկողմնորոշվելու արդյունքում բերդաշենցի դպրոցականներն եւ ուսուցչական կազմը 2 տարի է դասապրոցեսները կազմակերպում են հարեւան Զորակերտ գյուղում: ֆիզիկայի ուսուցչուհի Եվգենյա Քարամյանն, ով մեկ տարի նաեւ ավագանու անդամ է եղել, ասում է, որ բազմիցս է ահազանգել պրոբլեմի մասին, լրատվամիջոցներ է հրավիրել Բերդաշեն` խնդիրը բարձրաձայնելու, սակայն ապարդյուն:

«Տարրական դասարանների երեխաների համար գյուղապետարանի շենքում են հարմարություն ստեղծել, որ երեխեքը տրանսպորտով չգնան-գան: Բարձր դասարանցիներն ու ուսուցիչներս ամեն օր գնում ենք Զորակերտ: Երկու տարի է խոսում ենք, բողոքում, բայց այդպես էլ արդյունքի չհասանք: Հիմա, խոշորացումից հետո դժվար թե ուզենան սարքել: Մեկ էլ տեսար ասեցին միանում եք Զորակերտի դպրոցին»,- նեղսրտում է Եվգենյա Քարամյանը:

Արփի խոշորացված համայնքում աշակերտների ընդհանուր թիվը 193 է: Զարիշատի եւ Շաղիկի հիմնական դպրոցներում համապատասխանաբար սովորում են 6 եւ 7 աշակերտ: Ամենամեծ թվաքանակն ապահովում են բերդաշենցիները՝ 52 աշակերտ: Ալվարի միջնակարգ դպրոցում սովորում է 8 աշակերտ, Գառնառիճում՝ 45, Ծաղկուտի միջնակարգ դպրոցում` 25, Զորակերտի դպրոցում՝ 15,  Արդենիսի դպրոցում՝ 18 եւ Աղվորիկի դպրոցում՝ 17 աշակերտ:

Արփիի համայնքապետարանի առաջատար մասնագետ Սեյրան Գեւորգյանն ասում է, որ անգամ խոշորացման պայմաններում համայնքը չի կարող իր միջոցներով նորոգել Բերդաշենի դպրոցը: Արփի համայնքի բյուջեն 72 մլն դրամ է, որից 42 մլն-ը աշխատավարձի ֆոնդն է: «Դե Ամասիայից եկող ճանապարը տեսաք, մյուս գյուղեր գնացող ճանապարհներն էլ նույն ձեւով հարթեցրել ենք, որոշակի լուսավորության հարց ենք լուծել Զարիշատում (9 կետ), Ալվարում եւ Արդենիսում էլ պիտի մի քանի կետ անցկացնենք,- թվարկում է Սեյրան Գեւորգյանը,- Շաղիկում, Գառնառիճում ու Զարիշատում մի 2-3 կմ ջրագիծ ենք նորոգել: Շատ մեծ ծախսեր չենք կարղ անել, եթե մեծ գործ նախաձեռնենք՝ 30 մլն-ը մի քանի ամսում կծախսենք ու դատարկ կնստենք»:

Համայնքի զարգացման 5-ամյա ծրագրում հիմնականում նշված են բոլոր բնակավայրերին բնորոշ խնդիրներն ու անհրաժեշտ գումարը: Օրինակ, Արփի խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի ամբողջական նորոգման ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 42 մլն դրամ, փողոցների գիշերային լուսավորության ցանցի անցկացման համար համայնքը նախատեսել է 11 մլն 500 դրամ, ներհամայնքային փողոցների վերանորոգման եւ մասնակի ասֆալտապատման համար՝ 95 մլն դրամ եւ այլն:

Զարգացման ծրագրում նշված է նաեւ 4 համայնքում մանկապարտեզների վերաբացման անհրաժեշտության(պահանջվում է 45 մլն դրամ) ու մշակույթի տների վերանորոգման մասին(պահանջվում է 55 մլն դրամ): Ոչ մի ծրագրի իրականացաման համար չկան նշված կոնկրետ աղբյուրներ, միայն ենթադրվող՝ կառավարություն, բարերարներ, դոնոր կազմակերպություններ:

Բերդաշենցի Հովհաննես Հովհաննիսյանը խոսում է հացահատիկի զտման կայան ունենալու անհրաժեշտության մասին: Բացատրում է, որ ալպիական նման գոտում, որտեղ լավագույն խոտհարքերն ու որակյալ սեւահողն է, որտեղ շատ լավ զարգացած է անասնապահությունը, կարող են առանց մեծ ծախսերի կայուն կերի բազա ստեղծել անասունի համար: «Խոշորացումից հետո է եղել առաջարկը, ավագանու հետ էլ է քննարկվել, որոշ կազմակերպությունների հետ ունենք համաձայնություն, որ էս պահին ուզում են մեզ օգնել ծրագիրն իրականացնենք,-ասում է Հովհաննես Հովհաննիսյանը,-մեր համար սա առաջնային խնդիր է, որովհետեւ երաշտ տարիներին խոտի դիֆիցիտ ենք ունենում, ու մարդիկ արդեն մտածում են, որ առանց ցանքաշրջանառության ոչ մի բանի հասնել հնարավոր չէ: 6 հազար հա շատ որակյալ վարելահողեր ունենք՝ հիմնականում 2-րդ, 3-րդ կարգի, ճիշտ է՝ անջրդի են, բայց մեր պայմաններում անջրդին աշխատում է: Նաեւ ուզում ենք 800 հա-ը ոռոգելի դարձնել, որովհետեւ ունենք էդ պոտենցիալը: Ու ամենակարեւորը, որ էսօր դրված է մեր համայնքի առաջ՝ նոր գյուղտեխնիկայի ձեռքբերումն է»:

Միացված բնակավայրերում առկա գյուղտեխնիկան 70-ականներից մնացած ժառագություն է, որը, գյուղացիների ասելով, «մի կերպ յոլա է տանում»: Հին տեխնիկայով կարողանում են միայն խոտքաղն ապահովել, հերկելու, պարարտացնելու, հացքաղն առանց կորուստի  կատարելու համար նոր տեխնիկա է հարկավոր: Համայնքապետարանի առաջատար մասնագետ Սեյրան Գեւորգյանի փոխանցմամբ, խոշորացման ծրագրի հետ կապված խոստացված 6 միավոր գյուղտեխնիկայից առայժմ մեկ տրակտոր են ստացել: Մեկ միկրոավտոբուսի խոստում էլ է հնչել, որը պիտի ապահովի միացված բնակավայրերի միջեւ կապը:

«Գյումրիում մի հանդիպման ժամանակ տարածքային կառավարման նախարարության փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ խոշորացված համայնքներում հիմա ամեն ինչ շատ լավ է, շատ գոհ են եւ բացարձակապես նորովի են աշխատում, սակայն իրականությունն այլ է,-նկատում է փորձագետ Սեյրան Մարտիրոսյանը,- ճանապարհները փոսալցնելը դեռ լավ ապրելու ցուցանիշ չէ: Եթե վերցնենք Արփի խոշորացված համայնքը, ապա իրենք, ունենալով համանուն լիճը, դեռ տարիներ առաջ պիտի իրենց փոքրիկ Ժնեւ երեւակաեին, բայց իրականությունը գյուղական տխուր պատկերից այն կողմ չի անցել: Դա երեւում է նաեւ իրենց զարգացման ծրագրից, որտեղ ամբողջովին արտացոլված չեն բնակչության կարիքներն ու դրանց լուծման ուղիները»:

Մեկնաբանություններ (2)

Հայյ
41 միլիոնը շատ չի աշխատավարձի ֆոնդի հանար?
Իսկ ով է իր եփածին թթու ասել?
Մարդը կարող է ուսյալ կամ անգետ լինել, խելոք կամ ոչ այնքան: Իսկ աստծո տված խելքն ու ստացած դիպլոմը տարբեր բաներ են: Ողորմած պապս զգուշացնում էր, որ ամենավտանգավորը ուսյալի ախմախն է, ով կարող է շատ ավելի վնաս հասցնել քան ցանկացած անկիրթն ու ագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter