Քաղաքական

12.02.2019 16:40


Փաշինյան․ «Ադրբեջանի նախագահը ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից»

Փաշինյան․ «Ադրբեջանի նախագահը ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից»

«Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Արցախը ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում»,- հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Հիշեցնելով, որ դեռ անցած տարվա մայիսի 9-ին՝ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Ստեփանակերտում հայտարարել է, թե որպես Հայաստանի վարչապետ՝ կարող է, պատրաստ է և պետք է բանակցի Հայաստանի անունից, սակայն չի կարող բանակցել Արցախի անունից, և ընդգծելով, որ «Հայաստանի Հանրապետությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը», Փաշինյանը շարունակեց․ «Եվ ըստ էության, բանակցային գործընթացում մեր կարևորագույն խնդիրներից և բանակցային շփումների մեր կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: Այս պատմությունը և այս մոտեցումը նոր չէ, և սա ունի նախկինից հայտնի մի քանի զարգացումներ՝ կարևոր զարգացումներ, և այս ընթացքում ձևավորվել է որոշակի բովանդակություն»:

«Որն է այդ բովանդակությունը․ ըստ էության՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում եղել է այս ընթացքում մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Եվ նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմը ամեն անգամ Արցախի՝ բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին և թեմաներին արձագանքում է հետևյալ կերպ՝ որ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին՝ որպես բանակցային կողմ, ադրբեջանական կողմը իր հերթին կներգրավի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին», - ասաց վարչապետը՝ շեշտելով, որ իրականում այդ դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի․ «Խնդիրը հետևյալն է՝ ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը այս ընթացքում միշտ մասնակցել է և այսօր էլ մասնակցում է բանակցային ողջ գործընթացին, և, ըստ էության, տեղի չի ունեցել անգամ մի բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի և մասնակցություն չունենա: Ինչպե՞ս: Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ադրբեջանցիները, Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, և հետևաբար՝ Ադրբեջանի նախագահը ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից, և հետևաբար՝ Ադրբեջանի նախագահը և Ադրբեջանի կառավարությունը, Ադրբեջանի խորհրդարանը ունեն մանդատ՝ ներկայացնելու նաև այդ մարդկանց»:

Հետևաբար, ըստ Նիկոլ Փաշինյանի, «Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի լիարժեք մասնակցության վրա, Ադրբեջանը, իր հերթին, կպնդի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության վրա, մի շարք հարցեր է առաջացնում», մասնավորապես՝ «եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամվբողջ Ադրբեջանիը և Ադրբեջանի ժողովրդին, ի՞նչ մանդատով է այդ կառավարությունը ընդհանրապես մասնակցում բանակցություններին»:

«Մեր կառավարությունը շատ ուղիղ է ասում, ասում է՝ մենք չունենք մանդատ և լիազորություն ներկայացնել Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովրդին՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չեն մասնակցում <…>: Նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը և իրենց ներկայացուցիչները բանակցություններում: Եվ ես այս քննարկումները իրականում, որոնք տեղի են ունենում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ, իրականում համարում եմ բավականին լուրջ առաջընթաց, որովհետև ես տեսնում եմ շատ կոնկրետ և ձևեր, և մեթոդներ, թե ինչպես կարող է Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվել բանակցային գործընթացում, և մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, այդ թվում՝ էդ մեթոդները կքննարկենք նաև միջազգային մեր գործընկերների հետ»,-հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը