Քաղաքական

15.05.2019 17:40


Հրապարակվեցին Սերժ Սարգսյանի և Արշակ Կարապետյանի ցուցմունքներից որոշ դրվագներ (տեսանյութ)

Հրապարակվեցին Սերժ Սարգսյանի և Արշակ Կարապետյանի ցուցմունքներից որոշ դրվագներ (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննության ժամանակ այսօր հրապարկվեցին Արշակ Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից որոշ դրվագներ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական կողմը դռնբաց կարգով հարապարակեց գործով հարցաքննված Արշակ Կարապետյանի ցուցմունքից որոշ հատված, ինչի ընթացքում մեղադրող կողմը պարբերաբար ընդհատեց՝ առարկելով, որ պաշտպանը հրապարակում է դռնփակ կարգով պայմանավորված սահմանափակումից դուրս հատվածներ։ Դատավորը ընդունեց առարկությունը այն առումով, որ ոչ թե ամբողջական ցուցմունքը հրապարակվի, այլ առարկայական մեջբերումներ անի, քանի որ դատարանը ծանոթ է դրանց, եւ ամբողջը հրապարակելու դեպքում այս հարցի քննությունը ամիսներ կտեւի։

Արշակ Կարապետյանի ցուցմունքի հրապարակված հատվածը ներկայացնում ենք ստորեւ.

«Իմ հիշելով՝ 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների, ուժային կառույցների առանձին բաժինների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Եթե չեմ սխալվում` մինչև ՊՆ ստորաբաժանումների ղեկավարության դահլիճ մտնելը նախագահն առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ։ Ուժային նշված կառույցների անձնակազմի դուրս գալուց հետո ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Ի դեպ, մեր հետ խորհրդակցությանը, որքան հիշում եմ, եթե չեմ սխալվում, մասնակցում էին այդ ուժային կառույցների միայն ղեկավարները։ Քոչարյանի հետ սենյակում էր նաև ՀՀ վարչապետ, նախագահի հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը»,-կարդում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Վերջինս շարունակում է. «Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում։ Բառացի դժվար կարողանամ մտաբերել խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները, սակայն ընդհանուր գծերով կներկայացնեմ։ Խորհրդակցությունը սկսվեց Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից, որին հստակ ուշադրություն չեմ դարձրել։ Ապա խոսք գնաց պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի և Երկրապահ կամավորական միության մասին։ Մասնավորապես, այն մասին, որ Մանվել Գրիգորյանն ու ԵԿՄ այլ անդամներ միացել էին ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Խոսք գնաց նաև ԵԿՄ-ի անդամների ու Մանվել Գրիգորյանի զինված լինելու մասին, ինչն իրենից վտանգ էր ներկայացնում։ Այդ ժամանակ Քոչարյանը կամ Սարգսյանը հարց ուղղեցին Միքայել Հարությունյանին՝ որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը, իսկ Միքայել Հարությունյանը զինվորականին վայել կեցվածքով ոտքի կանգնեց ու ասաց՝ «չգիտեմ»։ Նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չէ, թե իր նախարարությունում ինչ է կատարվում, ինչով է զվաղված իր տեղակալը»։

Ըստ Արշակ Կարապետյանի ցուցմունքի՝ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ.-ի մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, չնայած Ռոբերտ Քոչարյանը Զինված ուժերում արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին, այսինքն՝ գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն բանավոր հրաման էր տվել, ինչն էլ ՊՆ Միքայել Հարությունյանը կատարել էր։

Պաշտպան Ալումյանը պնդեց, որ այս դրվագը հենց այն է, ինչին մեղադրող կողմը հղում է անում մեղադրանքը մատնանշելիս։

Ըստ պաշտպանի՝ Արշակ Կարապետյանի այս ցուցմունքն իր ցուցմունքում հերքել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը. «Խորհրդակցության մանրամասների մասին չեմ հիշում, բայց կարող եմ ասել՝ խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է զինված ուժերի սպայական կազմը։ Ընդհանուր նպատակն է եղել զգուշացնել, որ ցուցարաների ղեկավարները քաղաքական պրոցեսների մեջ են փորձում ներգրավել Զինված ուժերի ղեկավար կազմին»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ եթե ինքն էլ լիներ ՊՆ նախարար, ապա նույն կերպ կվարվեր. «Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի եւ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով՝ այդ ժամանակ դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից»,- նշված է Սարգսյանի ցուցմունքում։

Այս խորագրի վերջին նյութերը