×


«Ես մի քիչ պատրաստ էի. նա կոփում էր ինձ»․ Լուիզա Ղամբարյանի անկեղծ հարցազրույցը

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին եւ երկար դադարից հետո անկեղծ խոսել ամուսնու եւ մոր մահվանից հետո իր ապրումների, Սոֆի Դեւայանի խորհրդի, նրա ընտանիքի հետ հարաբերությունների, աջակցության եւ, իհարկե, սիրելի աշխատանքի մասին։

«Ես նրան չեմ կորցրել. նա ներկա է, որովհետեւ այնքան շատ բան է թողել։ Ես, իհարկե, դեմ եմ հիշողությունների հետ ապրելուն. այն մարդիկ, ովքեր ապրում են միայն անցյալով, կորցնում են ներկայի զարկերակը։ Բայց նա այնքան մնայուն բաներ է թողել՝ արժեքներ, սովորույթներ, խորհուրդներ, խոսքեր․․․ Քանի որ շատ բարի եւ իմաստուն մարդ էր եւ գիտեր՝ մի օր այնպես է ստացվելու, որ մենք ֆիզիկապես առանց իրեն ենք մնալու, շատ հարցերում ուղղորդում էր մեզ, սովորեցնում։ Այդ իմաստով ես մի քիչ պատրաստ էի. նա կոփում էր ինձ։ Նա ինձ համար իսկապես կա հիմա։ Իսկ մնացածն արդեն իմ ապրումներն են, իմ կարոտն է, իմ՝ նրան միշտ վառ հիշելն է։ Չկա օր, որ մենք տանը չհիշենք Գաբիիս հետ եւ չհիշենք ուրախությամբ, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա»,- ասել է դերասանուհին՝ խոսելով ամուսնու՝ Գեորգի Պողոսյանի մասին։

Հիշելով մայրիկին, որ նույնպես կյանքից հեռացավ կորոնավիրուսի հետեւանքով, Լուիզա Ղամբարյանը շեշտել է՝ մամաները չեն մահանում, նրանց ուղղակի չենք տեսնում․ «Միշտ ասում եմ՝ այնքան կուզեի իմ մամայի հետ այդքան կապված չլինեի, որովհետեւ 44 տարի ես ապրեցի մորս հետ մի հարկի տակ։ Հիմա իմ մայրն էլ է ինձ ուժ տալիս։ Քովիդը բառացիորեն չարիք էր ինձ համար, իմ ընտանիքի համար։ Բայց քանի որ նրանք երկուսն էլ շատ լուսավոր, միամիտ ու անուշ մարդիկ էին, վստահ եմ՝ նրանք հիմա շատ լավ տեղում են, ուղղակի ինձ համար է դժվար, ավելի շատ՝ Գաբիի»։

Ամուսնու առաջին կնոջ՝ Սոֆի Դեւոյանի եւ նրա ընտանիքի հետ հարաբերությունների մասին խոսելիս Լուիզա Ղամբարյանն ընդգծել է, որ իրենք մեծ ընտանիք են եւ Գեորգիի մահից հետո ավելի են մտերմացել․ «Մենք միշտ եղել ենք բարեկիրթ եւ անկեղծ, որովհետեւ մեզնից ոչ ոք այլեւս որեւէ ակնկալիք չի ունեցել մեկը մյուսից․ երբ ես հայտնվել եմ, ամեն ինչ վաղուց արդեն խաղաղությամբ տեղի էր ունեցել։ Իսկ Սոֆին շատ խոհեմ կին է, ինքնաբավ, կարծում եմ՝ ինքն էլ նույն կարծիքն ունի իմ մասին։ Մենք միմյանց հետ բացառիկ անկեղծ ու սիրալիր հարաբերություններ ունենք։ Կորստից հետո նորից հասկացանք, որ հիմա ավելի քան անհրաժեշտ է միմյանց նեցուկ լինել, նա ինձ այնպիսի խորհուրդ է տվել, որը կարող էր տալ միայն սիրող մարդը»։

Զրույցը կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին