Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքացին արժանի է, որ այդ օրը իր համար դառնա տոն․ Սուրեն Պապիկյան


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում պատասխանել է օգտատերերի և «Ազատության» հարցերին: Ստորև ներկայացնում են հարցուպատասխանից մի հատված, ինչպես նաև հաղորդման ամբողջական տեսագրությունը:

Հարց․ - Աշոտ Դանիելյանն ասում է՝ տեղական ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ քաղաքացին պետք է իրավունք ունենա ազդելու իր քաղաքի ներկայացուցչական մարմինների որոշումների վրա, որոնք վերաբերում են նրանց կյանքին, կենցաղին, համայնքին: Արդյո՞ք այսօր կա ներդրված (շեշտում եմ) գործող մեխանիզմ, որը կապահովի քաղաքացիների համապատասխան մասնակցությունը: Եթե այսօր, ըստ Ձեզ, կա այդպիսի մեխանիզմ, ապա հավաստիացնում եմ Ձեզ, որ այն լավ չի գործում կամ կրում է ձևական բնույթ: Իսկ եթե չկա՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

Պապիկյան․ - Իրավական մեխանիզմը կա։ Այսինքն, օրենքը այդ հնարավորությունը ստեղծում է, որ քաղաքացիները կարողանան ավագանու միջոցով վերահսկել համայնքապետարանի աշխատանքը և ավագանին համայնքի բնակչի ձայնն է: Այնուամենայնիվ, այո՛, ես համամիտ եմ քաղաքացու հետ՝ այդ համակարգը չի գործում, որովհետև մեր տեղական ինքնակառավարման մարմինների մի զգալի հատված շարունակում է գործել հին սկզբունքով, որովհետև հաճախ մեր ավագանու անդամները մոռանում են, որ իրենք տեղական ինքնակառավարման մարմնի կարևոր մաս են: Իրենք կարծում են, որ իրենք գյուղապետի աշխատողն են: Եվ երբ մենք խոսում ենք համայնքների միավորումից, խոսում ենք համամասնական ընտրակարգի մասին, մենք փորձում ենք գործիքներ ու հնարավորություններ ստեղծել, որպեսզի տարբեր համայնքներից ընտրված ավագանիները ազգակցական կամ այլ կապերով փոխկապակցված չլինեն համայնքապետի հետ:

«Ազատություն»․ - Մարզում անգամ բոլորը բոլորին բարեկամ են, գիտեք․․․

Պապիկյան․ - Միանշանակ հնարավոր է, և երբ մենք կունենանք համամասնական ընտրակարգ, այսինքն՝ անուղղակի կերպով ընտրվող համայնքապետ, այս պարագայում ունենալու ենք ամբողջական վերահսկողություն:

«Ազատություն»․ - Քաղաքացու օրը, ըստ քննադատությունների, շատ ճոխ է նշվում: Ասում են՝ արժե՞ր այդ օրվա համար այդքան գումար հատկացնել, այնինչ՝ ֆեյսբուքյան օգտատերերը մատնանշում են մի շարք խնդիրներ, որոնք նաև Դուք ասացիք, որ բավականին կլորիկ գումարներ են պահանջում:

Պապիկյան․ - Գիտեք՝ ճոխը հարաբերական է․․․ հարաբերական է նաև, թե որ տոնն է շատ ավելի կարևոր: Ես խնդրում եմ նաև ուշադրություն դարձնել այն տոներին, որ երբևէ կազմակերպվել են Հայաստանում ու ինչքան գումար է դրա համար ծախսվել․․․

«Ազատություն»․ - Դե՝ Էրեբունի –Երևանը, օրինակ, կրճատվեց գումարը, ասացին՝ ճոխ է․․․ հիմա սա ճոխ չի՞:

Պապիկյան․ - Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար է սա, Երևանի կենտրոնում մեկ համերգի համար չէ: Սա հանրապետության տարբեր մարզկենտրոններում կազմակերպվող միջոցառումների ցանկ է: Այսինքն, յուրաքանչյուր մարզի կտրվածքով եթե դիտարկենք․․․ ես միայն մի բանից եմ տեղյակ, այսինքն նաև իմ իրավասության տիրույթում է, որ մարզպետարանները հնարավոր միջոցները մոբիլիզացնում են նաև, համայնքներն իրենց հերթին պատրաստակամ են, ուզում են մասնակցել: Ամեն մեկը իր համայնքում հնարավոր է ինչ-որ բան կազմակերպի իր միջոցների հաշվին: Այսինքն, ասել, որ այդ գումարը բավարար է, որ Հայաստանի բոլոր անկյուններում միջոցառումներ կազմակերպենք, իհարկե, բավարար չէ: Բայց, կարծեմ, Հայաստանի քաղաքացին արժանի է, որ այդ օրը իր համար դառնա տոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG