News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 16 երկրներից ժամանած ավելի քան վեց տասնյակ մանկավարժներ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վերապատրաստման ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը` կարեւորելով դպրոցի դերակատարումը հանրային կյանքում.  «Նոր Հայաստանում ուսուցչի կերպարը պետք է զարթոնք ապրի` ապահովելով այն բարձր չափանիշները, որոնց վրա պետք է հիմնվեն դպրոցն ու կրթությունը, ուսուցչի գործի գրավչությունը:

Վերջերս Լիբանան կատարած այցի ժամանակ ականատես եմ եղել, թե ինչ մեծ ոգեւորություն կա հայկական սփյուռքում` նոր Հայաստանի ապագայի հետ կապված: Դուք այն եզակի ընտրյալներն եք,  ում այս պահին բախտ է վիճակվել գալ Հայաստան` նոր իրողության պայմաններում: Այս տեսանկյունից դուք տեսնելու եք նոր իրավիճակ, ինչը չեն տեսել այս ծրագրի նախորդ մասնակիցները»-նշել է նախարարի տեղակալը:

Նա խորհրդանշական է համարել, որ վերապատրաստման ծրագրի մասնակիցները մեծ մասամբ հայոց լեզվի եւ գրականության մասնագետներ են. «Սփյուռքում գլխավոր խնդիրը հայապահպանությունն է, որը դարձել է գլոբալ մարտահրավեր քրիստոնեական միջավայրերում, որտեղ ձուլման վտանգն ավելի մեծ է, մասնավորապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, որտեղ երկրորդ-երրորդ սերունդն այլեւս հայերեն չի խոսում: Այս իմաստով ամենամեծ պատասխանատվությունը դրված է մանկավարժների վրա ինչպես պետության, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից: Միանշանակ է, որ սփյուռքը Հայաստանի կարեւորագույն ներուժն է, միաժամանակ ակնհայտ է, որ առանց Հայաստանի սփյուռքը գոյատեւել չի կարող»,-իր խոսքում նշել է Հովհաննես Հովհաննիսյանը եւ մաղթել արդյունավետ մասնագիտական դասընթաց:

Ներկաներին ողջույնի խոսք են ուղղել նաեւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  ռեկտոր Ռ. Միրզախանյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, արքեպիսկոպոս Տեր Նաթան սրբազան Հովհաննիսյանը  եւ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Դոլուխանյանը:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, տարբեր ծրագրերով աշխատող սփյուռքահայ դպրոցների մանակավարժների համար: Վերապատրաստման ծրագիրը  կանցկացվի աշխատանքային 6 խմբերով, որը կավարտվի հուլիսի 27-ին:

Տպել
Ամենաշատ