20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իմ տեսակետը չի կարող տարբերվել վարչապետի դիրքորոշումից. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթ խնդիրը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն է։Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ խնդիրը կուտակվել է տասնամյակների անհետևողական և փնթի շահագործումից։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ որպես առաջնային քայլ պետք է Սևանի ավազանը մաքուր պահել և տնտեսվարողների կողմից թափոնների, այդ թվում՝ կոյուղու արտանետումների ուղղակի միախառնվելը խոչընդոտել, ինչը ենթադրում է հավելյալ ֆինանսական միջոցների ներառում:

«Կան բազմաթիվ ապօրինի կառուցապատումների և հողազավթումների դեպքեր. շուրջ 500 հեկտար բուսածածկ տարածքներ կան, որոնք արդեն լճի տակ են անցնում և բերում լճի ճահճացման, վերջնարդյունքում՝ կապտականաչ ջրիմուռների առաջացման»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այսօր արդեն այս հարցով մի քանի խորհրդակցություններ է ունեցել։

Նորանշանակ նախարարն անդրադարձավ նաև հանքարդյունաբերության խնդիրներին։

«Նախկինում շահագործված, կամ կիսաշահագործված լքված բազմաթիվ հանքավայրեր, լցակույտեր, փակ և կիսափակ պոչամբարներ այսօր բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքացիների առողջության համար: Շատ խնդիրներ պարզապես չէինք ունենա, եթե պետական վերահսկողական կառույցները հետևողական լինեին, տնտեսվարողներն օրենքի պահանջները պահպանեին։ Գործող օրենսդրությամբ փակ պոչամբարների նկատմամբ պետք է իրականացվեն ռեկուլտիվացիոն աշխատանքներ, բայց այսօր ցույց տվեք մի պոչամբար՝ ամենալուրջ հանքարդյունաբերողներից սկսած, ովքեր ռեկուլտիվացիա են արել, կարծես լքված ապոկալիպտիկ տարածքներ լինեն այս դրախտային երկրում»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի խնդրին՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Ամուլսարի մասին կխոսեմ որոշակի շրջան պաշտոնավարելուց հետո, երբ լիարժեք կծանոթանամ փորձագիտական գնահատականներին, ինչպես նաև հանդիպումներ և կոնսուլտացիաներ կիրականացնեմ և պատրաստ կլինեմ պարզ, թափանցիկ,ազնիվ զրույցի թե՛մեր բնապահպանների, թե՛ շահագրգիռ կողմերի, և թե՛ ՀՀ քաղաքացու հետ: Բայց խոշոր հաշվով իմ տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալ, այդ թվում՝ Ամուլսարի հետ կապված, չի կարող տարբերվել վարչապետի կամ մեր կառավարության դիրքորոշումից, բնականաբար, գործելու ենք այդ կոնտեքստում, իսկ կոնկրետ, առարկայական գնահատականներ և տեսակետներ կհնչեցնեմ որոշակի ժամանակ անց»,- ասել է նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ