News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման 1 շաբաթն է լրացել եւ այդ ընթացքում մարզպետը հասցրել է այցելել մարզի 7 քաղաքային համայնքներ, հանդիպել աշխատակիցներին, համայնքապետերին, ծանոթացել քաղաքներում գոյություն ունեցող խնդիրներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կոտայքի մարզպետ  Ռոմանոս Պետրոսյանը.

«Հանդիպումների ընթացքում խոսել եմ նոր կառավարման մշակույթի ներդրման մասին մեր մարզում, խոսել եմ քաղաքական տեսլականի մասին, թե ինչի  շուրջ պիտի կառուցենք մեր դիսկուրսը: Եղել եմ մի շարք բուժհիմնարկներում մեր մարզի, անակնկալ այցելություններ են եղել  գյուղապետարաններ՝ չպալանավորված այցելությունների մասին է խոսքը: Արդեն հանդիպում եմ ունեցել մարզի բոլոր դպրոցների տնօրենների հետ եւ նշել եմ, որ մեր բոլոր պաշտոնական գործողությունները պետք է բացառապես բխեն օրենքի գերակայության դրույթից եւ ՀՀ քաղաքացու շահերից»,- ասել է Պետրոսյանը։

Նա հավելել է, որ իր նպատակ է հռչակել Կոտայքի մարզի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու. «Սերտ շփումներ եմ ունեցել  ամենատարբեր խավերի եւ ոլորտների ներկայացուցիչների հետ: Օրինակ մարզպետարանի շենքում հանդիպելու եմ ակտիվ երիտասարդների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ծրագրել եմ մարզպետարանի շենքում հիմնել հանրային գրադարան, որպեսզի  այդ փոքրիկ ժեստով հանրությանը բաց լինելու քայլ կատարեմ։ Նաեւ տրանսպորտային վերլուծություններ եմ կատարել եւ  ներքաղաքային  տրանսպորտային չվացուցակներն եմ հրապարակել  եւ կոչ արել մեր բնակիչներին հետեւել տնտեսվարողի կոնկրետ ուղղության չվացուցակին եւ պահանջել  հետեւել չվացուցակի ճշգրիտ ժամերին: Ուսումնասիրություններ ենք կատարել եւ եկել ենք եզրահանգման, որ եթե տնտեսվարողը հետեւի պայմանագրով նախատեսված դրույթներին, ապա տրանսպորտի ծանրաբեռնվածությունը բավականին կթեթեւանա»,-ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը։

Կոտայքի մարզպետը համեմատեց մարզի քաղաքների կառավարման մոդելն ու կատարված աշխատանքները՝  նշելով, որ կանաչապատման, հարդարման առումով առանձնանում է Աբովյան քաղաքը, սակայն Չարենցավանով եւս բավականին տպավորված է, ինչը չի կարող ասել Հրազդան քաղաքի մասին:

Նա Հրազդանի համայնքապետի աշխատանքն անբավարար համարեց՝ հայտնելով, որ վերջինս որոշում պիտի կայացնի. «Որպես մարզպետ, այս պահի իմ պատասխանը գուցե փոքր-ինչ սուբյեկտիվ լինի, որովհետեւ այդ խորությամբ դեռ չեմ ճանաչում համայնքները, բայց  անձնական տեսակետով կարող եմ նշել, որ Աբովյան քաղաքն իր կանաչապատման հարդարման առումով էականորեն տարբերվում է մյուս քաղաքներից։ Բայց իմ այցերից օրինակ պարզ դարձավ, որ Չարենցավանում փողոցների  փոսալցման, գծանշման,անցումների հարդարման առումով տեսանելի աշխատանքներ կային: Դա ընդունում եմ նաեւ ՏԻՄ վերափոխման իմ նշանակումից հետո:

Դա, ցավոք, չեմ նկատում Հրազդանում: Հրազդանում դեռ չեմ տեսել որեւէ գծանշման, աշխատանք, չեմ տեսել որեւէ փոսալցման աշխատանք եւ իմ այդ դիրքորոշումը պայմանավորված է քաղաքական իրողության փոփոխմամբ, դա անձերով պայմանավորված  չէ, դա պայմանավորված է նաեւ  կառավարման այն մոդելի տապալմամբ, որը Հրազդանի քաղաքապետը կիրառել է ավելի քան 1,5 տասնյակ շարունակ: Քաղաքներ կան, որտեղ շատ ավելի կարճ ժամկետներով ղեկավարած համայնքապետեր կան, բայց աշխատանքն այս կամ այն չափով  տեսանելի է: Հրաժարականի հետ կապված՝ թույլ տվեք այս պահին դեռ ոչինչ չխոսել, բայց առաջիկայում այդ մասին դիրքորոշում կհայտնենք, տեղեկատվություն կլինի»,-նշեց մարզպետը:

Դիտարկմանը, որ գաղտնիք չէ, որ երկար տարիներ Կոտայքի մարզը գտնվել է Գագիկ Ծառուկյանի ազդեցության ներքո եւ հարցին, թե ինչպես է պայքարելու այդ ազդեցության դեմ եւ արդյոք տեսնում է այդ ազդեցությունը, նորանշանակ մարզպետը պատասխանեց. «Ես  արդեն մեկ շաբաթ պաշտոնավարում եմ եւ շատ արդյունավետ իրականացնում  եմ օրենքով սահմանված իմ լիազորությունները եւ պարտականություները եւ  այդ կոնտեքստում որեւէ խնդիր չունեմ, չեմ ունեցել եւ վստահ եմ, որ չեմ էլ ունենա: Իմ աշխատանքն այսօր բխում է բացառապես օրենքից եւ ծառայում է բացառապես մեկ նպատակի՝ օրենքը դարձնել մեր մարզում գերակայություն բոլոր խավերի համար՝ կլինի դա ուսանող, գործարար, մանր ու միջին օղակի քաղաքական, հասարակական գործիչ, այսինքն էդ կոնտեքստում որեւէ բան ես չեմ հետապնդում, եւ ես քաղաքացուն ուզում եմ տեսնել իրավագիտակից վիճակում, քաղաքացուն ուզում եմ տեսնել գիտակցական այն մակարդակում, որ  ինքն իր գնահատականը առանց վախերի կարողանա  հնչեցնել  տարբեր քաղաքական ուժերի հայտարարությունների եւ դրսեւորած վարքի վերաբերյալ:Ես տեսնում եմ, որ առաջվա վախեցած, կուչ եկած քաղաքացին այլեւս չկա եւ դա հույս է ներշնչում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք»:

Այս օրերին Կոտայքի մարզպետը բազմաթիվ նամակներ, բողոքներ ու դժգոհություններ է ստացել ամենատարբեր խավից եւ ոլորտից: Սակայն, ի զարմանս իրեն, դրանք ավելի շատ տեխնիկական, ընթացակարգային բնույթի էին հակառակ մարզպետի այն կանխատեսումների, թե դրանք կլինեն սոցիալական աջակցության եւ իրավական հարթության վրա:Մարզպետն արդեն ծանոթացել է իր անձնակազմի հետ, անձամբ շրջել է աշխատասենյակներով, բարեւել, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Կադրային ջարդ չի լինելու, բայց փոփոխություններ, վրանշանակումներ արդեն սկսվել են ու սպասվում են։

Տպել
Ամենաշատ