Thursday, 18 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը

Նժդեհը եւ թրքաբոլշեվիկյան ֆաշիզմը. Ովքե՞ր են իրականում համագործակցել երրորդ ռեյխի հետ (մաս 1-ին)

Արամ Սարգսյան
Պատմագիտության մագիստրոս, «Առաջին լրատվական»-ի քաղաքական մեկնաբան

«Մեզ համար չկա՛յ սոսկական բոլշեւիզմ – կայ թրքօբոլշեւիզմ: Բոլշեւիզմը մեր ժամանակի ամենամեծ չարիքն է… Զինակցում է թուրքին եւ Դաշնակցութիւնը հռչակում ֆաշական: Հոգի է տալիս Իտալիոյ եւ Գերմանիոյ հետ բարեկամանալու համար եւ մեզ անուանում է Մուսոլինիի եւ Հիթլէրի դաշնակից: Սուտն ու կեղծիքը ոչ թէ պայքարի սոսկական զէնքեր են նրա համար, այլ նրա երկրորդ բնաւորութիւնը…»:

Գ. ՆԺԴԵՀ

ՆԱԽԱԲԱՆ. ԱՊԱԳԱՅԻ ՖԱՇԻՍՏՆԵՐԸ

«Ապագայի ֆաշիստներն իրենց կոչելու են հակաֆաշիստներ»։ Այս հայտնի խոսքերն ամենից հաճախ վերագրում են 20-րդ դարի ամենաազդեցիկ ու հայտնի քաղաքական դեմքերից մեկին՝ անգլիացի նշանավոր պետական-քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլին[1]: Իրականում, թեև Չերչիլն իր հայրենակիցների հետ միասին, անշուշտ, անուրանալի ներդրում է ունեցել հիտլերյան Գերմանիայի[2] ջախջախման գործում՝ դաշնակիցներ Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության առաջնորդների հետ միասին պատերազմից հետո դնելով նոր աշխարհակարգի հիմքերը, բայց ինչպես ուսումնասիրողներն են պարզել՝ նա չէ նշված խոսքերի հեղինակը։

Երկրորդ հայտնի գործիչը, ում վերագրում են «ապագայի ֆաշիստների» մասին կանխատեսման հեղինակային իրավունքները, իտալացի գրող, ձախական գործիչ, հակաֆաշիստ Ինյացո Սիլոնեն (Ignazio Silone) է, ով ասել է, թե «վերջնական գոտեմարտը տեղի է ունենալու կոմունիստների և նախկին կոմունիստների միջև»։

Կան նաև այլ վարկածներ: 1938-43թթ. շրջանում ամերիկացի լրագրողները Լուիզիանայի նահանգապետ Հյու Լոնգին էին վերագրում այն ֆրազը, թե «երբ ֆաշիզմը հասնի Ամերիկա, դա տեղի կունենա հանուն հակաֆաշիզմի (հակաֆաշիզմի անվան տակ)»: 

ԱՐԴԻԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ. «ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ» ԴԻՏԱՆԿՅՈւՆ

Ամեն դեպքում, ով էլ որ առաջինն ասած լինի վերոհիշյալ խոսքերը, այն մեզ է հասել նշված ժամանակաշրջանից, և սրանք միանշանակորեն կարելի է մարգարեական համարել։ Այլ կերպ՝ չնայած Հիտլերի նացիստական ռեժիմի ջախջախմանը 1945թ․՝ ֆաշիզմի, նացիզմի, շովինիզմի, էթնիկ, կրոնական, ռասայական խտրականության, այլատյացության և առհասարակ ծայրահեղականության նոր դրսևորումների խնդիրն այսօր էլ, ցավոք, խիստ արդիական է ու քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի կարևոր մարտահրավերներից է:

Թեման առավել արդիական է հատկապես այս օրերին, երբ նշվում է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 75-ամյակը:

Սույն հոդվածում անդրադառնալու ենք նշված երևույթի յուրօրինակ դրսևորումներից մեկին, ու միանգամից պետք է ընդգծենք, որ ներկայացվող դիտանկյունը, այսպես ասած, ոչ ավանդական է, քանի որ վերաբերում է այնպիսի երկրների, որոնք իրենք են պետական ամենաբարձր մակարդակով խոսում ֆաշիզմի, նացիզմի հերոսացման, նեոնացիզմի, քսենոֆոբիայի (այլատյացության) կամ նմանատիպ այլ երևույթների դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Ու որքան էլ գուցե տարօրինակ կամ պարադոքսալ թվա, այդուհանդերձ, խոսքն առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության մասին է՝ հիտլերյան Գերմանիային հաղթած Խորհրդային Միության իրավահաջորդ և խորհրդային քաղաքական ավանդույթները մեծապես ժառանգած այս մեծ տերության, ինչպես նաև վերաբերում է ռուսական քաղաքականության ուղեծրում գտնվող կամ իշխող վարչակարգով ու քաղաքական ավանդույթներով Ռուսաստանին առավել մոտ հետխորհրդային մի քանի այլ երկրների, մասնավորապես հարևան Ադրբեջանական Հանրապետությանը: 

ՄԱՅԴԱՆԸ ԵՎ ՌՈւՍ-ՈւԿՐԱԻՆԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԸ

Վերջին տարիներին «ապագայի ֆաշիստները լինելու են հակաֆաշիստներն» արտահայտությունն ակտիվորեն շրջանառվում էր հատկապես Ուկրաինայում, ու դա կրկին կապված էր Ռուսաստանի քաղաքականության հետ, քանի որ Ուկրաինայում 2014թ. փետրվարին տեղի ունեցած «Մայդանի» հեղափոխությանը[3], ինչպես հայտնի է, հաջորդեց Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը[4] և ռուսական ուղղակի կամ միջնորդավորված ռազմական ագրեսիան Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում[5]: Հետևելով ժամանակակից հիբրիդային պատերազմների հայտնի մեթոդներին՝ ռազմական ագրեսիային զուգահեռ Մոսկվան ռուսաստանյան պետական և կառավարամետ մեդիայի միջոցով գեբելսյան ոճի[6] լայնածավալ տեղեկատվական արշավ սկսեց Կիևի իշխանությունների և ուկրաինացի ժողովրդի դեմ, որի մեխը «բանդերական ուկրաինացիները ֆաշիստներ են»[7] դրույթն էր:

Իսկ թե կա՞ն արդյոք ուկրաինացիների՝ Ռուսաստանին վերաբերող ելույթներում, բողոքի ցույցերում, հանրահավաքներում, պաշտոնական ու ոչ պաշտոնական հայտարարություններում կամ վերջին 6 տարիների ընթացքում եղե՞լ են ազգայնամոլության կամ ծայրահեղականության, ռուսատյացության դրսևորումներ[8], քննարկման այլ՝ քաղաքագիտորեն ոչ պակաս հետաքրքիր թեմա է։ Ակնհայտ է, որ Ուկրաինայում ազգային ինքնությունը դեռևս ձևավորման և բյուրեղացման ակտիվ գործընթացի մեջ է, և 2014թ․ «Մայդանը», շատ փորձագետների կարծիքով[9], այդ գործընթացի կարևոր շրջափուլերից էր։ «Մայդանի» 2014թ. հեղափոխությունը, ինչպես հայտնի է, ուղղակիորեն կապված էր Կիևի արտաքին քաղաքական կողմնորոշումների և ռուսական կախվածությունից ազատվելու հարցի հետ: Ցույցերը «Մայդանի» հրապարակում սկսվեցին 2014թ. նոյեմբերի վերջին՝ այն բանից հետո, երբ օրվա քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Յանուկովիչի գլխավորությամբ, փաստացի հրաժարվեց Եվրամիության հետ նախաստորագրված Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց[10]: Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Վիտալի Պորտնիկովն այս համատեքստում նկատում է[11], թե «այն տպավորությունն է (ի դեպ, դա նույնպես Մայդանի կարևոր դասերից է), որ ուկրաինական ինքնությունը կառուցվում է Ռուսաստանին հետ մղելու, Ռուսաստանից ազատվելու վրա»: Սակայն թողնենք այս հարցը և վերադառնանք մեր բուն թեմային: 

ՖԱՇԻԶՄՆ Ու ՆԱՑԻԶՄԸ

Նախ փորձենք հասկանալ՝ ի՞նչ է ֆաշիզմը, ի՞նչ է նացիզմը, ի՞նչ գաղափարախոսություններ են սրանք ընդհանրապես, ի՞նչ ծագում ունեն և ինչո՞վ են տարբերվում իրարից: Ֆաշիզմի և նացիզմի մասին հանրային պատկերացումներն ու գիտելիքները հիմնականում ասոցացվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի, հիտլերյան Գերմանիայի քաղաքականության և դրա աղետալի հետևանքների հետ: Պատմաքաղաքական այս երևույթների միջև, սակայն, նրբերանգային որոշ տարբերություններ կան:

Ընդհանուր առմամբ, ֆաշիստական են համարվում աջ-ծայրահեղական այն քաղաքական ուժերն ու գաղափարախոսությունները, որոնք հակված են կառավարման բռնատիրական, տոտալիտար (ամբողջատիրական) մոդելին, իսկ դրանց բնորոշ առանձնահատկություններից են ազգայնամոլությունը, այլատյացությունը, ռևանշիզմը, հակալիբերալիզմը, ժողովրդավարության մերժումը, առաջնորդի պաշտամունքը և այլն: «Ֆաշիզմ» տերմինը գալիս է[12] իտալական «Պայքարի միություն» («Fascio di combattimento») կազմակերպության անունից, որը հիմնել է Մուսոլինին 1919թ․[13]: 1921թ․ այն վերափոխվեց Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության:

Իսկ նացիզմը կամ նացիոնալ-սոցիալիզմն Ադոլֆ Հիտլերի առաջնորդած Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության[14] գաղափարախոսությունն է, որը կրկին ֆաշիզմի դրսևորումներից է: Միաժամանակ այն ունի նաև որոշ էական առանձնահատկություններ: Նախ, նացիոնալ-սոցիալիզմը, ինչպես կարելի է անվանումից կռահել, պարունակում է սոցիալիստական ուղղվածության կարևոր բաղադրիչ: Այս համատեքստում արժե նշել, որ Հիտլերի, Գեբելսի, Գյորինգի, Հիմլերի, Հեսսի, Բորմանի և մյուս հայտնի չարագործների կուսակցությունը, որը պետք է դառնար Երկրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծողը, ստեղծվել է դրա նախակարապետի՝ Գերմանական աշխատավորական կուսակցության հիման վրա: Այս կուսակցության հիմնադիրների նպատակն էր ստեղծել ազգայնական ուժ, որը կհենվի ոչ թե միջին խավի, այլ աշխատավորների և գյուղացիության աջակցության վրա: Նացիստական գաղափարախոսության կարևոր տարրերից են նաև ռասիզմը և հակասեմականությունը (անտիսեմիտիզմ):

Գալով իշխանության՝ նացիստները ճառերից շատ արագ անցան գործի և սկսեցին աստիճանաբար կյանքի կոչել իրենց գաղափարները: Սրա ամենավառ և ամենաողբերգական դրսևորումը, անշուշտ, Հոլոքոստն է[15]՝ շուրջ 6 միլիոն հրեաների Ցեղասպանությունը[16], որն իրականացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում և եվրոպական այլ երկրների տարածքում: 

ԵՐԿՈւ ԵԼԱԿԵՏ. ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԸ

Այս համատեքստում առանձնացնենք երկու կարևոր ելակետ, որոնք մեթոդաբանորեն կօգնեն ավելի լավ հասկանալ քննարկվող նյութի էությունը և գալ ճիշտ եզրակացության.

  • Առաջինը, ինչպես տեսանք, ֆաշիզմն ու նացիզմը ծագումնաբանական և երանգային որոշ տարբերություններ ունեն: Այդուհանդերձ, գոնե այն մասով և այն իմաստով, որը քննվում է սույն հոդվածում, դրանք ընդհանրական են, ուստի այսուհետ ֆաշիզմն ու նացիզմը կօգտագործենք իբրև հոմանիշներ: Իր իմաստով ու համարժեքությամբ ֆաշիզմ, նացիզմ, շովինիզմ հասկացություններին, մեր կարծիքով, ամենաշատը համապատասխանում է Ազգայնամոլություն եզրույթը, հետևաբար այս տերմինը կարող ենք օգտագործել իբրև նշված հասկացությունների հոմանիշ:
  • Երկրորդ կարևոր ելակետն ազգայնամոլության և ցեղասպանության պատճառահետևանքային ուղիղ կապն է: Այլ խոսքերով՝ նացիզմը, ֆաշիզմը, ռասիզմը, շովինիզմը պատմաքաղաքական այս կամ այն շրջափուլում գաղափարական, քաղաքական հող են նախապատրաստում որևէ երկրի տարածքում էթնիկական, ցեղական, կրոնական կամ ռասայական որևէ խմբի նկատմամբ ատելության քաղաքականության, թշնամանքի, բռնությունների, բռնաճնշումների, ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացման համար:

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան[17] շատ հստակ տալիս է Ցեղասպանություն կոչվող հանցատեսակի սահմանումը: Եվ ինչպես տեսանք Հոլոքոստի օրինակով, նմանատիպ ծայրահեղական գաղափարախոսությունները, տեսությունները շատ հաճախ կարող են խոսքից վերածվել կոնկրետ գործողության և ծանրագույն հետևանքներ ունենալ մարդկության համար: Հանցագործության այս տեսակը միջազգային քրեական իրավունքի տերմինաբանության մեջ հենց այդպես էլ կոչվում է՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Այս նախադեպը, ինչպես հայտնի է, ստեղծեց և իրավականորեն ամրագրեց Նյուրնբերգյան դատավարությունը[18]: Բայց նախ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաներից բացի էթնիկական ու ռասայական զտումների են ենթարկվել նաև այլ ժողովուրդներ, և երկրորդն էլ՝ 20-րդ դարում և այս իրադարձություններից ավելի վաղ եղել են մարդկության դեմ ուղղված այլ խոշոր հանցագործություններ: Խոսքն առաջին հերթին Հայոց Ցեղասպանության մասին է, որին, սակայն, ի տարբերություն Հոլոքոստի՝ մինչ օրս միջազգայնորեն իրավական գնահատական չի տրվել: 

«ԳԵՆՈՑԻԴ» ԲԱՌԻ ԾԱԳՈւՄՆ Ու ՀԻՏԼԵՐԻ ՀԱՅՏՆԻ ԽՈՍՔԵՐԸ

Ի դեպ, Յեյլի համալսարանի պրոֆեսոր, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, հրեական ծագումով լեհ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» («գենոցիդ») տերմինը ստեղծել է[19] առաջին հերթին հայկական ջարդերի ուսումնասիրության հիման վրա[20]: Լեմկինն այդ մասին ասել է իր հարցազրույցներում՝ նշելով, որ ինքը սկսել է հետաքրքրվել ցեղասպանություն երևույթով, քանի որ դա նախկինում տեղի է ունեցել բազմիցս, մասնավորապես՝ հայերի և այլ ժողովուրդների հետ[21]: Հայոց ցեղասպանությունը և հայատյացության քաղաքականությունը, որը շարունակվում է նաև այսօր, ևս կարևոր առնչություն ունեն մեր թեմային:

Սրան կարելի է ավելացնել մեկ այլ հայտնի փաստ, որը կրկին խոսում է նացիզմի, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության կապի մասին: Երբ ասում ենք, որ հրեաների, սլավոնների և այլ ժողովուրդների ցեղասպանությանը նախորդել են նաև այլ մեծ ոճիրներ, այս շեշտադրումն ամենևին էլ պատահական չի արվում: Սա նույնքան կարևոր է, որքան ցեղասպանագիտական շրջանակներում ընդունված այն տեսակետը, որ անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը կօգնի կանխարգելել նման հանցագործություններն ապագայում: Այս հիմնարար մոտեցումն առավել քան արդիական է հատկապես Հայկական հարցի պարագայում:

Պատմաբանների շրջանում էլ կան տարածված ու փորձված շատ տեսակետներ, օրինակ, հայտնի այն խոսքերը, թե պատմությունը «եթե»-ներ չի սիրում: Նման ճշմարտություն, իհարկե, կա, բայց այս խոսքերը մի քիչ այլ իմաստ ունեն, ու տեղին է դրանք օգտագործել այլ համատեքստերում և այլ իմաստով: Այլ խոսքերով՝ դրանք պատմագիտության «ավանդական» մոտեցումների մասին են:

Իսկ սույն հոդվածը, հիշեցնենք, պատմության «ոչ ավանդական» հարցերի, այլընտրանքային պատմության մասին է՝ այն դիտանկյուններից, որոնք մեր իրականության մեջ այնքան էլ ընդունված չէ շոշափել: Այս իմաստով «եթե»-ով հարցրադրում անելը ոչ միայն տեղին է, այլև՝ անհրաժեշտ ու օգտակար: Օրինակ, կլինե՞ր արդյոք հրեաների ցեղասպանությունը նացիստական Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, եթե դրանից ընդամենը 20-25 տարի առաջ մեկ այլ պատերազմի՝ Առաջին աշխարհամարտի քողի տակ նախկին Կայզերական Գերմանիայի դաշնակից երիտթուրքական կառավարությունը դարձյալ էթնիկ, կրոնական և ռասայական խտրականության, այլատյացության հողի վրա իրականացրած չլիներ հայերի զանգվածային բնաջնջման հրեշավոր ծրագիրը, որին զոհ գնաց մոտ 1,5 մլն մարդ, կամ գոնե, եթե այդ հանցանքն անպատիժ չմնար, և ամենակարևորը, եթե երևույթին միջազգային մակարդակով տրվեր հստակ իրավական, քաղաքական գնահատական, ինչպես դա արվեց հրեաների Հոլոքոստից հետո Նյուրնբերգում:

Ու երևի շատերը գիտեն, որ նույն նացիստները և առաջին հերթին Ադոլֆ Հիտլերը հրեաների սպանդը ծրագրելիս ոգեշնչվել են հենց Հայոց ցեղասպանության դեպքից ու դրա անպատժելիությունից: «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին», այս խոսքերը Հիտլերը, ըստ Օքսֆորդի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, հայագետ Գևորգ Բարդակչյանի «Հիտլերը և Հայոց ցեղասպանությունն» ուսումնասիրության[22],  ասել է 1939թ. օգոստոսի 22-ին Օբերզալցբերգում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ: 

ՌԴ ԱԳՆ ԶԵԿՈւՅՑԸ ԵՎ ՆԵՈՆԱՑԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ 

Իսկ ի՞նչ հիմքեր կան ժամանակակից Ռուսաստանի իշխող վարչակարգի քաղաքականությանը վերագրելու այն պնդումը, որ Մոսկվան ազգայնամոլության դեմ պայքարի հարցը հընթացս շահարկում է քաղաքական որոշակի նպատակներով:

Հիմքում առաջին հերթին պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունն է, ռուս չինովնիկների ու Կրեմլի հետ կապված մեդիափորձագիտական հանրության բազմաթիվ հայտարարություններն ու մեկնաբանությունները, որոնք լսել ենք վերջին տարիներին:

Որպես օրինակ կվերցնենք հիտլերյան Գերմանիայի դեմ տարած հաղթանակի հերթական տարեդարձի կապակցությամբ 1 տարի առաջ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՌԴ ԱԳՆ) պաշտոնական կայքում հրապարակված զեկույցը[23], որում ներկայացվում է «նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության (քսենոֆոբիայի) ժամանակակից ձևերին նպաստող այլ տեսակների տարածման հետ կապված իրավիճակը»: Ծավալուն զեկույցում, որպես «նացիզմի հերոսացման» դրսևորում, անդրադարձ է կատարվել 20-րդ դարի հայ ականավոր ռազմաքաղաքական և պետական գործիչ, մտավորական Գարեգին Նժդեհին:

Մասնավորապես, զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում նշվում է. «Երրորդ ռեյխի ջախջախման գործում խորհրդային ժողովրդի դերակատարման մասին պատմական հիշողության պահպանման, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու փորձերին հակազդելու հետ կապված հարցերում Հայաստանի Հանրապետությունը կողմնակից է Ռուսաստանի հետ համախմբված մոտեցմանը»:

Զեկույցի հեղինակները նաև գրում են, որ «նացիզմի ռեաբիլիտացիայի փորձեր և նեոնացիստական տրամադրությունների բռնկման տրամադրություններ Հայաստանում չեն արձանագրվել»: Բայց այս համատեքստում նաև նշվում է, թե միաժամանակ նախկին իշխող ուժը՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քայլեր է ձեռնարկել հավերժացնելու ազգայնական (նացիոնալիստական) ուղղության այնպիսի ոչ միանշանակ քաղաքական գործչի հիշատակը, ինչպիսին Գ. Նժդեհն է, որի վերաբերյալ տեղեկություն կա Երրորդ ռեյխի հետ համագործակցության մասին»:

Իսկ ի՞նչն է այստեղ խնդիրը, ի՞նչ է ընդհանրապես նշանակում «համագործակցություն Երրորդ ռեյխի հետ», արդյո՞ք Նժդեհը միակն էր, ով այս կամ այն կերպ «համագործակցել է» Երրորդ ռեյխի հետ, և ինչո՞ւ է Մոսկվան գնահատում Նժդեհի գործունեությունն ու պատմական դերակատարումը հենց այս դիտանկյունից: 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼՆ Ու ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԵՐՈՍԸ 

  • Թե ինչպե՞ս փրկվեց Հայաստանը 

Գարեգին Նժդեհը (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955թթ․) հայ նշանավոր ռազմական, քաղաքական և պետական գործիչ է, քաղաքական փիլիսոփա, Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ակտիվ գործիչ, «Ցեղակրոն» շարժման[24] հիմնադիրը: Մասնակցել է Բալկանյան առաջին պատերազմին, Առաջին և Երկրորդ աշխարհամարտերին, 1918թ. մայիսյան հերոսամարտերին: Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-20թթ.) հարավային ուժերի հրամանատարը: 1918 թ. վերջին Գարեգին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919թ. օգոստոսից` Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար[25]:

Տաղանդավոր զորահրամանատարը 1919-21թթ. ղեկավարել է Զանգեզուրի պաշտպանությունը թուրք-բոլշևիկյան զավթիչներից՝ թույլ չտալով, որ այս շրջանը (ներկայիս ՀՀ Սյունիքի մարզը) արժանանա Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագրին ու բռնակցվի Խորհրդային Ադրբեջանին: Իսկ որ նման վտանգ իսկապես կար, վկայում են պատմաբաններն ու Նժդեհի կենսագիրները[26]: Ինքը՝ Նժդեհը, 1921թ. հունիսի 26-ին ՀՀ Մինիստրական խորհրդին հասցեագրված նամակում գրում է դրա մասին[27]՝ ցույց տալով Զանգեզուրի, Նախիջևանի և Ղարաբաղի հարցերի փոխկապակցվածությունը. «Քանի դեռ ինքնավար Լեռնահայաստան կայ` Սովետական Արարատեան Հայաստանն իրեն ապահով զգալ չէ կարող: Այսպէս է մտածել ու գործի անցել Երևանի Յեղկոմը: Քանի դեռ ինքնավար Լեռնահայաստան կայ` Նախիջևանն ու Շարուրը չեն կարող կցուել Ատրμէջանին, Հայկական Ղարաբաղը չի ատրբէջանանայ, այսպէս է ըմբռնել իրերու դրութիւնը»:

Իսկ ավելի վաղ՝ 1920թ. օգոստոսին, երբ անկախ Հայաստանը դեռևս կար, ՀՀ զինվորական նախարարը` Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքված զինադադարի (իմա՛ 1920 թվականի օգոստոսին 10-ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջև կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ը համաձայնություն էր տալիս կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ և Նախիջևան), Դրոյի (Դրաստամատ Կանայան) միջոցով հեռագրում էր Նժդեհին` թողնել Կապանն ու Գենվազը և անցնել Երևան: Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի` Զանգեզուրը թողնելու հրամանը և մերժելով Դրոյի առաջարկը` անցնել Երևան ապաքինվելու, նախընտրեց մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը:

Նժդեհը Զանգեզուրի զինված ուժերի հրամանատարությունը ստանձնել է 1919թ. հոկտեմբերին՝ կազմակերպված դիմադրություն ցույց տալով թուրք-թաթարական զորքերին: Բացահայտելով թուրք-բոլշևիկյան միացյալ դավադրությունը և չընդունելով ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, որը Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի հետ կնքած վերոհիշյալ համաձայնագրով, փաստորեն, Զանգեզուրն Ադրբեջանին հանձնելու նախաքայլ էր անում, Սյունիքը շարունակեց պայքարը Գարեգին Նժդեհի գլխավորությամբ նաև անկախ Հայաստանի անկումից հետո: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920թ. դեկտեմբերի 25-ին, հռչակվում է Սյունիքի ինքնավարությունը, և Նժդեհն ընտրվում է Սյունյաց սպարապետ: Իսկ 1921թ. ապրիլին, երբ հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետությունը, Նժդեհը դարձավ ինքնահռչակված անկախ հանրապետության վարչապետը և արտաքին գործերի ու զինվորական նախարարը: Իսկ 1921թ. հունիսի 1-ին Զանգեզուր անցած ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստան՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ: Զորավարը պահպանում է զինվորական նախարար-սպարապետի պաշտոնը[28]:

Նժդեհը Սյունիքից հեռանում է 1921թ. հուլիսի կեսերին՝ Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո: Թողնելով Զանգեզուրը՝ սպարապետը հրաժեշտից առաջ հավաստում է լեռնահայությանը, որ ինքն ընդմիշտ չի հեռանում և պիտի վերադառնա, եթե Երևանի փոխարեն Բաքուն լինի Սյունիքի տերը[29]:

Լեռնահայաստանի հերոսամարտը, Սյունիքը Մայր Հայաստանի կազմում պահելը և դրանով նաև ողջ Արևելյան Հայաստանը հնարավոր մասնատումից փրկելը Նժդեհի՝ թերևս ամենանշանավոր ու կարևոր ներդրումն է մեր ժողովրդի պատմության մեջ և Հայրենիքին մատուցած ամենամեծ ծառայություններից մեկը: Եվ երբ խոսք է գնում Նժդեհի պես կերպարի հերոսացման մասին և փորձ է արվում դա ներկայացնել բացասական լույսի ներքո, ապա պետք է ընդգծել, որ նրա՝ հենց այս պատմական դերակատարման, Հայրենիքի պաշտպանությանը և հայության ազգային-ազատագրական պայքարին անմնացորդ նվիրելու, անսահման գաղափարականության և սկզբունքայնության համար է, որ Նժդեհը ոչ միայն առանձնանում է Հայոց պատմության նոր և նորագույն շրջանի երևելիների շարքում, այլև այսօր էլ Հայաստանում որևէ քաղաքական ուժ, գործիչ կամ մասնագետ, չնայած վիճելի շատ հարցերին և անկախ քաղաքական հայացքներին, լինի ազգայնական, թե ազատական, այդ առումով նրա հերոսությունը և բացառիկ դերակատարումը կասկածի տակ չի դնում: Եվ դա հերթական անգամ ապացուցեցին Նժդեհի շուրջ ռուսական և ադրբեջանական կողմերի հրահրած վերջին բանավեճերը: 

  • Նացիստների և Նժդեհի միջև զուգահեռներն անընդունելի են 

Նժդեհի բուռն կյանքի ու գործունեության ամենավիճելի ժամանակահատվածը, որն այսօր էլ շատ է շահարկվում, կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի հետ, երբ նա Եվրոպայի հայությանը, մասնավորապես՝ Գերմանիայում, Բուլղարիայում, Ռումինիայում բնակվող հայերին հակահայկականության դրսևորումներից պաշտպանելու, ինչպես նաև նացիստների կողմից գերեվարված հայ զինվորներին փրկելու նպատակով կապեր է հաստատում նացիստական Գերմանիայի իշխանությունների հետ: Օրինակ, 1942թ․ նա Բեռլինում հանդիպում է նացիստական կուսակցության ներկայացուցչի հետ ու իր անհանգստությունը հայտնում գերմանացիների կողմից տարվող հակահայկական քարոզչության համար: Առաջնորդվելով «գերմանական գայլին կուշտ պահելու և հայ գառնուկին փրկելու» քաղաքական սկզբունքով՝ Նժդեհը վերջինիս հետ պայմանավորվում է Բուլղարիայում հավաքագրել հայերի մի խումբ` Բեռլինում վարժվելու և Գերմանիայի` Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու համար[30]: Եվ նմանատիպ փաստերը հետագայում սովետական կեղծարար ու խիստ գաղափարականացված պատմագրությունն ու քարոզչամեքենան փորձեց ներկայացնել բացասական լույսի ներքո՝ որպես «կոլաբորացիոնիզմ», այսինքն՝ համագործակցություն նացիստների հետ և նույնիսկ «դավաճանություն»: Մի խոսքով՝ պիտակավորել խորհրդային քարոզչությանը հատուկ կեղծ գաղափարական շտամպերով ու կարծրատիպերով: Ցավոք, նմանատիպ տեսակետները պահպանվում են նաև այսօր:

Այս հարցը ս. թ. մայիսի 7-ին՝ Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված իր ելույթում[31], բարձրացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ասելով[32], որ նացիստների և Նժդեհի միջև զուգահեռներն անընդունելի են:

«Տեղին չենք համարում զուգահեռներ անցկացնել նացիստների և Գարեգին Նժդեհի միջև: Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում մանրամասն ծանոթանալ Նժդեհի կենսագրությանը և հասկանալ նրա կարևորությունը հայ ժողովրդի համար: Գարեգին Տեր-Հարությունյանը (Նժդեհ) Հայաստանի քաղաքական գործիչ և հերոս է, ով իր կյանքը նվիրել է Հայաստանի անկախության և ազատության պայքարին: Նա պայքարում էր լուծելու հայկական հարցը՝ կապված Հայաստանի պատմական տարածքների ազատագրման և հայերի պատմական հայրենիք վերադարձի հետ… Երկրորդ աշխարհամարտի տարիներին Գարեգին Նժդեհի հիմնական նպատակն էր կանխել հնարավոր թուրքական արշավանքը Խորհրդային Հայաստան, եթե գերմանացիները գրավեին Անդրկովկասը: Այնպես որ ևս մեկ անգամ կոչ եմ անում մանրամասն ծանոթանալ պատմական փաստերին և այլևս նման բան թույլ չտալ», – ասել է Ազգային ժողովի նախագահը: 

«ԹՐՔԱԲՈԼՇԵՎԻԶՄԸ» ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ

Նժդեհի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառները հասկանալու համար նախ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ զորավարը որքան էլ իրեն մի կողմից համարում էր Թուրքիայի թշնամին և իր ամբողջ կյանքը պայքարում էր այս պետության դեմ՝ որպես հայ ժողովրդին ստրկացնողի և «մշակույթների և ազգերի պատմական դահճի»[33], նույնչափ ատում և խորապես մերժում էր խորհրդային կարգերն ու բոլշևիզմ երևույթը և առհասարակ չէր առանձնացնում այս երկու ուժերը՝ որպես Հայաստանի անկախությանն ու հայկական շահերին սպառնացող վտանգ:

Ասում էր, թե «մեզ համար չկա՛յ սոսկական բոլշեւիզմ – կայ թրքօբոլշեւիզմ»[34]: Նժդեհի մտորումները կարդալիս թվում է, թե այս չարիքը, որը, ինչպես տեսանք, շատ ծանր հետք է թողել նաև մեր երկրի պատմության մեջ, իրենից ավելի լավ պարզապես հնարավոր չէ նկարագրել:

«Բոլշեւիզմը – կոպիտ ոյժի տիրապետութիւնը սարսափի միջոցաւ -մեր ժամանակի ամենամեծ չարիքն է, որի դէմ պայքարելն աւելի դժուար է, քան մարդկային ցեղի որեւէ թշնամու: Դա մի նոր հեթանոսութիւն է, մի խելագար վերադարձ դէպի վայրենացում եւ ընկերային գայլութիւն: Դա աշխարհ եկաւ եւ իր իշխանութիւնը տեւականացնելու նպատակով արդարացրեց յանցանքն ու յանցագործը, եւ հակաբարոյական այս ակտով լենինեան փարախը քաշեց մարդկայնօրէն եւ ազգայնօրէն տկար բոլոր տարրերը եւ նրանց վերածեց քանդիչ ոյժի: Մի հատիկ չափանիշ ունի նա – շա՛հը, նիւթական շահը: Տաքտիքի մի հիմնական սկզբո՛ւնք – հակառակորդը մեղադրել այն վատութիւնների մէջ, որոնք ինքն է կատարում: Թրքատիպ ջարդարար է, զանգուածօրէն մարդիկ է ոչնչացնում եւ իր հակառակորդներին փակցնում «ոճրագործ» ածականը: Զինակցում է թուրքին եւ Դաշնակցութիւնը հռչակում ֆաշական: Հոգի է տալիս Իտալիոյ եւ Գերմանիոյ հետ բարեկամանալու համար եւ մեզ անուանում է Մուսոլինիի եւ Հիթլէրի դաշնակից: Սուտն ու կեղծիքը ոչ թէ պայքարի սոսկական զէնքեր են նրա համար, այլ նրա երկրորդ բնաւորութիւնը», – գրում է հայ մտավորականը[35]:

Հետևաբար, պարզ է, որ խորհրդային պատմագրությունը Նժդեհին պետք է դիտեր իբրև գաղափարական և դասակարգային թշնամու ու նրան ներկայացներ հենց այդ լույսի ներքո՝ փորձելով ամեն կերպ վատաբանել ու պախարակել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ խորհրդային կարգերը վաղուց արդեն չկան, և խորհրդային հռետորաբանության կարծրատիպային տերմիններն էլ վաղուց հնացել են, բայց նախկին ընկալումները շատերի մոտ են պահպանվել, և ռուսական պետական քարոզչությունն էլ, ժառանգելով խորհրդային քարոզչամեքենայի «լավագույն ավանդույթները», շարունակում է նույն քաղաքականությունը: Սրա վառ դրսևորումներից են ոչ միայն ՌԴ ԱԳՆ-ի վերոնշյալ զեկույցում տեղ գտած ձևակերպումները, այլև նախկինում Մոսկվայից պաշտոնապես ու ոչ պաշտոնապես հնչեցված հայտարարություններն ու մեկնաբանությունները, մասնավորապես, Նժդեհի արձանի տեղադրման[36] կապակցությամբ: Օրինակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2016թ. հունիսին հայտարարեց, թե Մոսկվան «զարմացած է» Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ[37]: Սա դժգոհության մեծ ալիք բարձրացրեց Հայաստանում, քանի որ դա դիտվեց որպես երկրի ներքին գործերին միջամտելու փորձ:

Մյուս կարևոր հանգամանքն այս համատեքստում այն է, որ Նժդեհի ձևակերպած «թրքաբոլշևիզմ» երևույթն այսօր էլ սպառնում է հայկական շահերին: Այսօր դրա վառ դրսևորումներից են հետխորհրդային տարածքում Մոսկվայի առաջնորդությամբ իրականացվող եվրասիական ինտեգրացիոն նախագծերը, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և ԵԱՏՄ-ը (Եվրասիական տնտեսական միություն)[38]: Հայտնի է, որ եվրասիականության հիմքում սլավոնական և թյուրքախոս ժողովուրդների սերտաճման գաղափարն է դրված: Արցախահայ քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանն այս հարցի առնչությամբ գրում է[39]. «… Պետք չէ բոլշևիկներին մեղադրել «թրքամոլության» մեջ: Նրանք ընտրել են երկրորդը` եվրասիականությունը, մի քաղաքականություն, որը Գարեգին Նժդեհը դիպուկ ձևակերպել է «թրքաբոլշևիզմ»: Այո՛, եվրասիականությունը «թրքաբոլշևիզմ» է, Ռուսաստանի` իբրև սլավոնա-թուրանական «համազոր արժեքների վրա խարսխված բացառիկ քաղաքակրթության» կրողի, առանցքով եվրաատլանտիզմի աշխարհաքաղաքական այլընտրանքի կենտրոն դառնալու ծրագիր»:

Իսկ թե ինչո՞վ են «թրքաբոլշևիզմը» և եվրասիական ինտեգրման գաղափարը, մեր կարծիքով, վտանգավոր Հայաստանի և հայկական շահերի համար՝ ավելի մանրամասն կանդրադառնանք հետազոտության 2-րդ մասում:  Միայն ընդգծենք, որ դա ուղղակիորեն կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության գերառաջնահերթ խնդրի՝ Արցախի հիմնահարցի հետ: 

«ԹՐՔԱԲՈԼՇԵՎԻԶՄԻ» ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴՐՍԵՎՈՐՈւՄՆԵՐԸ

Մինչ այդ հստակեցնենք, որ «Թրքաբոլշևիզմ» լայն հասկացության տակ նկատի ունենք մի կողմից՝ Մոսկվայի կայսերապաշտական-ծավալապաշտական քաղաքականության և մյուս կողմից՝ թյուրքախոս Ադրբեջանի ու Թուրքիայի համագործակցությունը կամ դաշինքը տարբեր ժամանակաշրջաններում երկկողմ (ռուս-թուրքական կամ ռուս-ադրբեջանական) կամ եռակողմ (ռուս-թուրք-ադրբեջանական) ձևաչափերով, որոնք և՛ անցյալում են ուղղված եղել Հայաստանի ու հայկական շահերի դեմ, և՛ ներկայումս ու ապագայում կարող են սպառնալիք դառնալ: 

«ՃԻՇՏ» ԵՎ «ՍԽԱԼ» ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐ

ՌԴ ԱԳՆ զեկույցի՝ Հայաստանին վերաբերող պարբերության շարունակությունը հենց «թրքաբոլշևիզմի» դրսևորումների հետ կապված հարցերին է վերաբերում: Նշվում է, թե Հայաստանի՝ ազգայնական (նացիոնալիստական) ուղղվածություն ունեցող քաղաքական կազմակերպություններից կարելի է առանձնացնել «Սասնա Ծռերին», որն իբրև կուսակցություն գրանցվել է 2018թ. աշնանը:

«Սասնա Ծռերի» գաղափարախոսության հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետք է հրաժարվել Հայաստանի Հանրապետության ճանաչումից՝ որպես «ռուս-թուրքական հանցավոր դավադրության արգասիքի» (1921թ. Մոսկվայի պայմանագիր) և պայքարել «նոր պետության ստեղծման» համար», – մեկնաբանում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ինչպես տեսնում ենք, այստեղ ևս ուղղակի առնչություն կա թուրք-բոլշևիկյան կամ ռուս-թուրքական դաշնակցության խնդրին, և Մոսկվային ակնհայտորեն դուր չի գալիս հայ քաղաքական դասի ներկայացուցիչների տված գնահատականն այս երևույթին:

Ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ-ն ազգայնական ուղղվածություն ունեցող հայաստանյան կուսակցություններից ու կազմակերպություններից առանձնացնում հատկապես այն ուժին, որի ներկայացուցիչներն ընդգծված կերպով քննադատում են ռուսական քաղաքականության շատ ասպեկտներ և հատկապես դրա ծավալապաշտական դրսևորումները, ոտնձգությունները Հայաստանի անկախության ու ինքնիշխանության դեմ, իրենց հրապարակային ելույթներում խոսում են «ռուսական գուբերնիա» դառնալու վտանգների մասին[40], և ինչո՞ւ ազգայնական ուղղվածություն ունեցող ուժերի շարքում չեն նշվում ավելի հայտնի ու ազդեցիկ ուժեր, օրինակ՝ Դաշնակցությունը, որը գոնե վերջին տարիներին աչքի է ընկել Ռուսաստանի նկատմամբ իր զգուշավոր կեցվածքով, եթե չասենք՝ լոյալությամբ[41]:

Իսկ Դաշնակցությունը, հիշեցնենք, իբրև ազգայնական գաղափարախոսության առաջամարտիկներից մեկը, հայ իրականության մեջ գործում է արդեն 130 տարի: Մինչդեռ «նացիոնալիստական ուղղվածության» «Սասնա Ծռեր» կուսակցությունն ընդամենը 2 տարի առաջ է ստեղծվել, բայց արդեն հասցրել է հայտնվել Մոսկվայի ուշադրության կենտրոնում՝ այն էլ նեոնացիզմի դեմ պայքարի շրջանակներում: Սա ոչ միայն հռետորական հարցադրում է, այլև լուրջ կասկածների տեղիք տվող հանգամանք:

Հատկապես ի՞նչը դուր չի եկել ռուս պաշտոնյաներին, դիվանագետներին, փորձագետներին «Ծռերի» գործունեության մեջ: Այն, որ ինչպես այս կուսակցությունը, այնպես էլ այլ քաղաքական ուժեր ու առհասարակ բոլոր արժանապատիվ և գիտակից քաղաքացիները Հայաստանում ուզում են պահպանե՞լ իրենց անկախությունը, ապրել ազա՞տ, հզոր պետությո՞ւն ստեղծել, խուսափե՞լ կրկին օտարի տիրապետության տակ հայտնվելուց:

Մեր խնդիրն այստեղ ամենևին էլ «Սասնա ծռերի» կամ մեկ այլ քաղաքական ուժի դատապաշտպանությամբ, փաստաբանությամբ զբաղվելը չէ: Մեր խնդիրն օբյեկտիվ իրականությունն ու ռուսական քաղաքականության էությունը պարզելն է: 

ՌՈւՍ-ԹՈւՐՔԱԿԱՆ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ 

Ինչպես տեսանք, զեկույցում չի մատնանշվում որևէ փաստ, որը կխոսեր «Սասնա Ծռերի» գործունեության մեջ նացիզմի հերոսացման կամ նեոնացիզմի, ֆաշիզմի, ռասիզմի, այլատյացության տարածման դրսևորումների մասին: Այդ դեպքում ո՞րն է խնդիրը: Ի՞նչն է խնդրահարույց պաշտոնական Մոսկվայի համար, 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական դաշնագրի[42]՝ «հանցավոր դավադրություն» լինելու մասին պնդո՞ւմը:

Իսկ ինչպե՞ս կարելի է անվանել երկու չճանաչված պետությունների կողմից երրորդ երկրի տարածքների հաշվին իրականացված քաղաքական առևտրի ամրագրումը: Միգուցե ավելի ճիշտ կլինի այն անվանել ավազակային գործարք: Ի դեպ, այս բնորոշումը ոչ թե մերն է, այլ հայ ականավոր պատմաբան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, երջանկահիշատակ Բաբկեն Հարությունյանինը[43]:

Եվ այս համատեքստում ՌԴ ԱԳՆ զեկույցի հեղինակները գրում են. «[«Սասնա Ծռեր»] կուսակցության ծրագրում շեշտադրվում է իբր թե «ռուսական գաղութատիրության կողմից ոտնահարված» իրավունքների և «Նախիջևանի ու Ախուրյան գետից դեպի արևմուտք ընկած տարածքների նկատմամբ Հայաստանի իրավասությունների» վերականգնումը»:

Կարելի՞ է արդյոք սեփական երկրի ու ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնումը կարևորելը, պատմական անարդարության մասին բարձրաձայնելը համարել նացիզմի հերոսացման կամ նեոնացիզմի, այլատյացության տարածման դրսևորում: Այս տրամաբանությամբ ի՞նչն է խանգարում նեոնացիզմի դրսևորում համարել, օրինակ, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և արևմտահայության ոտնահարված իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը կարևորելը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության մասին խոսելը, Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ 1921թ․ հուլիսի 5-ի հայտնի որոշման[44] օրինականությունը վիճարկելը: Չէ՞ որ դա նույնպես Մոսկվայի որոշումն էր, ու այդ որոշման պատճառով մինչ օրս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն չի հաստատվել, հազարավոր մարդիկ, այն էլ տասնամյակներ շարունակ, իրենց մաշկի վրա են զգում դրա հետևանքները, տարեկան տասնյակ ու հարյուրավոր մարդիկ են զոհվում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի չլուծված լինելու պատճառով: Էլ չենք խոսում այն մասին, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վաղուց դարձել է տարածաշրջանի կառավարման և հակամարտող կողմերի վրա ազդելու ավանդական գործիքներից մեկն արտատարածաշրջանային ուժերի և առաջին հերթին նույն Ռուսաստանի ձեռքում:

Անշուշտ, սրանք պատմաքաղաքական բարդ խնդիրներ են, և կարելի է երկար վիճել դրանց շուրջ, վիճարկել այս կամ այն որոշման օրինականությունը, արդարացիությունն ու իրավաչափությունը, կոնֆլիկտի տարբեր կողմեր կարող են վիճել նշված շրջաններից յուրաքանչյուրի ազգային պատկանելության շուրջ, հիմնավորել, բերել փաստարկներ, բայց թե ինչ կապ ունեն այս հարցերը նեոնացիզմի, ֆաշիզմի, էթնիկ, ռասայական խտրականության, այլատյացության դրսևորումների հետ, պարզ չէ: 

ՇԱՀԱՐԿՈւՄ ԵՎ ՄԱՆԻՊՈւԼՅԱՑԻԱ

Հետևաբար, եզրակացությունը շատ հստակ է՝ Մոսկվան պարզապես շահարկում է ՌԴ ԱԳՆ զեկույցում և այլ առիթներով բարձրացված խնդիրները՝ ազգայնականությունը նույնականացնելով ազգայնամոլության հետ և փորձելով ճնշել հարևան, հարակից պետություններից շատերի, հատկապես՝ նախկին խորհրդային հանրապետությունների և իր ռազմաքաղաքական, տնտեսական ազդեցության տիրույթում գտնվող ազգերի անկախ, ինքնիշխան պետության գաղափարախոսությունները, որոնք հիմնվում են տվյալ ժողովրդի ինքնության, լեզվի, պատմության և մշակույթի վրա: Իհարկե, հետխորհրդային երկրներից ու ժողովուրդներից յուրաքանչյուրի մոտ դրանք տարբեր են ու գտնվում են տարբեր մակարդակների վրա:

  • Եվ այս իմաստով, ինչպես տեսանք ՌԴ ԱԳՆ վերոնշյալ զեկույցում, ընդհանուր պատմության, ընդհանուր պատմական հիշողության և այս հարցերի շուրջ ընդհանուր քաղաքական մոտեցումներ պարտադրելը կամ առնվազն քարոզելը կարող է բավական էֆեկտիվ քաղաքականություն դառնալ:
  • Սա ամենևին էլ չի նշանակում, թե պատմական հաղթանակի մասին հիշողությունը պահպանելն ու այս հարցի շուրջ համախմբված մոտեցում ունենալը լավ է կամ վատ, ճիշտ է կամ սխալ: Խոսքը դրա մասին չէ: Լավ թե վատ, ամեն դեպքում, սա քաղաքականություն է՝ դրանից բխող հնարավոր նպատակներով ու հետևանքներով:
  • Իսկ այդ քաղաքականության ակնհայտ նպատակներից է նշված ազգերին ու ժողովուրդներին ռուսական ազդեցության տիրույթում պահելն ու հնարավորության դեպքում Ռուսաստանի, երբեմնի կենտրոնի՝ Մոսկվայի ազդեցությունը նախկին Խորհրդային Միության տարածքում վերականգնելը: 

ՊՈւՏԻՆԻ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ. ԽՍՀՄ ՎԵՐԱԾՆՈւՆԴ

Ի դեպ՝ Խորհրդային Միության մասին[45]: ԽՍՀՄ-ի և ժամանակակից՝ պուտինյան Ռուսաստանի ժառանգական կապը հասկանալն ու հաշվի առնելն այս համատեքստում չափազանց կարևոր է: Իսկ ի՞նչ հիմքեր կան պնդելու, թե Պուտինի վարչակարգը նախկին ԽՍՀՄ-ի ազդեցության վերականգնման ծրագրեր ունի: Հիշում ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս 2005թ․ ասել էր, թե ԽՍՀՄ փլուզումը դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետն էր:

Նման հայտարարությունը որոշակի հետևությունների տեղիք է տալիս: Բայց շատերը կասեն, թե այդ հայտարարությունը շատ վաղուց է եղել, և հետո գուցե նա այլ համատեքստում է ասել այդ խոսքերը[46]: Գուցե նման բան ենթադրելը պարզապես «փոքր ժողովուրդներիս»՝ հայերի, վրացիների, ուկրաինացիների և այլոց «ազգային բարդույթների», վախերի դրսևորո՞ւմն է: Գուցեև այդպես է: Բայց ընդամենը մեկ ամիս առաջ՝ ապրիլի 19-ին, Պուտինն ի լուր աշխարհի հայտարարեց[47], թե նախկին խորհրդային երկրներն աստիճանաբար հաղթահարում են Խորհրդային Միության և խորհրդային կայսրության վերածնման վախերը:

Նույն համատեքստում Կրեմլի ղեկավարը խոսել է հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների մասին՝ ընդգծելով, որ դրանում ոչ մի զարմանալի բան չկա, բացի նրանից, որ մասնակից երկրներն այնքան առաջ չեն գնացել նշված ուղիով, որքան կարող էին:

Այնպես որ, նման պնդումը ոչ թե հերյուրանք է կամ ենթադրություն, այլ՝ հստակ արձանագրված փաստ:

Իսկ թե ինչպես ու ինչ տեսքով են Կրեմլում պատկերացնում «խորհրդային կայսրության» վերակենդանացումը, որքանո՞վ է այն նման լինելու նախկին ԽՍՀՄ-ին, դա լինելու է ավելի ժամանակակից միավորում` ԱՊՀ-ի (Անկախ պետությունների համագործակցություն), ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և ԵԱՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) հիման վրա և ամենակարևորը՝ որքանո՞վ են իրատեսական նման երազանքները, այլ հարցեր են[48]: Բայց այն, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ից ստացել է որոշակի ժառանգություն, և դա ուղղակիորեն առնչվում է մեր թեմայում քննվող հարցերի հետ, ակնհայտ է: 

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈւԹՅՈւՆԸ ԵՎ ՊՈւՏԻՆՅԱՆ ՌՈւՍԱՍՏԱՆԸ

Անշուշտ, Պուտինյան Ռուսաստանը շատ բաներով է տարբերվում մոտ 30 տարի առաջ փլուզված Խորհրդային Միությունից: Էական և առանցքային տարբերություններից մեկն այն է, որ ինչքան էլ թե՛ Խորհրդային Միությունը, թե՛ պուտինյան Ռուսաստանը հեռու են ժամանակակից ժողովրդավարության հանրահայտ չափանիշներից, այդուհանդերձ, ըստ քաղաքագիտական դասակարգման՝ ԽՍՀՄ-ի իշխող քաղաքական ռեժիմը (քաղաքական վարչակարգ)[49] մասնագիտական գրականության մեջ ընդունված է գնահատել իբրև տոտալիտար (ամբողջատիրական), իսկ պուտինյան ռեժիմը բնորոշվում է իբրև ավտորիտար (հեղինակազոր)[50]: Քաղաքական վարչակարգերի՝ քաղաքագիտության մեջ ընդունված 3 հիմնական տեսակներից երրորդը ժողովրդավարական (դեմոկրատական) վարչակարգերի տեսակն է[51]: Իսկ այս 3 հիմնական տեսակներից  յուրաքանչյուրն էլ իր հերթին բաժանվում է առանձին ենթատեսակների:

Ֆորմալ տեսանկյունից Ռուսաստանի Դաշնության ներկայիս իշխող համակարգը, իհարկե, ժողովրդավարական է, բայց փաստացի՝ քաղաքագիտական, փորձագիտական տեսանկյունից, երկրում քաղաքացիական ազատությունների, մարդու իրավունքների հետ կապված վիճակը, անցկացվող ընտրությունների մակարդակն ու շատ այլ գործոններ հաշվի առնելով՝ պուտինյան վարչակարգը մասնագետների կողմից գնահատվում է իբրև ավտորիտար: Օրինակ, ամերիկյան հեղինակավոր Freedom House հետազոտական, իրավապաշտպան կազմակերպությունը, որն ամեն տարի հրապարակում է զեկույցներ, ուսումնասիրություններ՝ ներկայացնելով ժողովրդավարության մակարդակն ու քաղաքական և քաղաքացիական ազատությունների վիճակը, ս. թ. մարտ ամսին հրապարակված «Ազատությունն աշխարհում-2020» զեկույցում[52] Ռուսաստանը դասել է անազատ երկրների շարքին: Իսկ կազմակերպության Եվրասիա ծրագրի փորձագետը զեկույցի կապակցությամբ ասել է[53], որ ավտորիտարիզմը Ռուսաստանում ձևավորված համակարգ է:

Այդուհանդերձ, Խորհրդային Միությունում, ինչպես հայտնի է, քաղաքացիական ազատությունները շատ ավելի սահմանափակ էին, մարդու իրավունքներն էլ ավելի խայտառակ վիճակում էին և ժողովրդավարությունն էլ ավելի ցածր մակարդակի վրա էր: Սրանք նշված երկու համակարգերի այն տարբերություններն ու առանձնահատկություններն են, որոնք համեմատելիս և զուգահեռներ անցկացնելիս հարկավոր է հաշվի առնել: 

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԱՏԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈւԹՅՈւՆԸ

Երկու պետությունները տարբերվում են նաև այլ ասպեկտներով, օրինակ, աշխարհաքաղաքական ազդեցության աստիճանով, տնտեսական ներուժով, ռազմական հզորությամբ, վերջապես՝ գաղափարական առումով:

Սիրենք Սովետը, թե ոչ, անկախ մեր վերաբերմունքից՝ Խորհրդային Միությունը բավական ամուր և հիմքային գաղափարախոսության վրա հիմնված, հստակ ռազմավարական տեսլականով ու ձևակերպված երազանքով պետություն էր: Խորհրդային պետության քաղաքացիները հավատում էին «համաշխարհային պրոլետարական հեղափոխության հաղթանակին»՝ համոզված լինելով, որ իրենք վստահ քայլերով գնում են դեպի սոցիալիզմ և կոմունիզմ: Այլ հարց է, որ այդ հավատը հիմնականում մարդկանց ներշնչում էր պետական ու կուսակցական հզոր ապարատը՝ իր կացնային պրոպագանդայի միջոցով: Այս մի հարցում՝ պետական անառողջ պրոպագանդայի, ուղեղների լվացման քաղաքականության մեջ Խորհրդային Միությունն ու այսօրվա Ռուսաստանն իսկապես նման են[54]:

Ժառանգելով այս մեթոդները՝ Կրեմլը շարունակում է «լավագույն ավանդույթները»: Ստալինի վարչահրամայական համակարգի ժամանակաշրջանում էլ խրախուսվում էր անձի պաշտամունքը, այսօր էլ Պուտինի անձի պաշտամունքն է դարձել շատ տարածված երևույթ, թեև ինքը՝ նախագահ Պուտինը, ասում է[55], թե դեմ է դրան: Ի դեպ, ընկեր Ստալինի վարկանիշը այսօր էլ բավական բարձր է Ռուսաստանում:

Ըստ սոցիոլոգիական որոշ հարցումների՝ խորհրդային ժողովուրդների երբեմնի «հայրը» նույնիսկ ավելի բարձր վարկանիշ ունի Ռուսաստանում, քան գործող նախագահ Վլադիմիր Պուտինը[56]: Ու սա նույնպես կարելի է համարել ժամանակակից Ռուսաստանում խորհրդային ոչ միանշանակ ժառանգության ու պատմության արժևորման հետևանքներից մեկը:

Բացի այդ խորհրդային շրջանում էլ էին մարդկանց քարոզում «համաշխարհային դավադրության», «իմպերիալիստական Արևմուտքի» քայքայիչ գործողությունների մասին, այսօր էլ: Ճիշտ է, տերմինները փոքր-ինչ փոխվել են, բայց քարոզչամեքենայի մեթոդները մնացել են նույնը: 

«ՀԱԿԱՖԱՇԻԶՄԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ

Մյուս կարևոր բանը, որը խորհրդային կայսրության վերածնմանը ձգտող պուտինյան Ռուսաստանը ժառանգել է Խորհրդային Միությունից, «հակաֆաշիզմի» գաղափարախոսությունն է, ավելի ճիշտ «псевдо-» (կեղծ) գաղափարախոսությունը:

Ի՞նչ է ֆաշիզմը, և ի՞նչ վտանգներ է այն պարունակում, վերևում արդեն անդրադարձանք: Առանցքայինը, սակայն, այստեղ «հակա-» (անտի-) բաղադրիչն է: Իրականում սա ոչ թե գաղափարախոսություն է, այլ ընդամենը միջոց, մեթոդ, մարտավարություն, որը լայնորեն կիրառվել է նաև խորհրդային իշխանությունների կողմից՝ քաղաքական որոշակի խնդիրներ լուծելու, օրինակ, քաղաքական հակառակորդներից ազատվելու, այլախոհներին ճնշելու նպատակով: Դրա համար էլ առաջ բերվեցին հայտնի քրեական հոդվածները՝ կառուցված «հակահեղափոխական» հասկացության հիման վրա: Եվ պատահական չէ, որ 1920-40-ական թվականներին ստալինյան վարչահրամայական համակարգի կողմից բռնադատված մարդկանց, հատկապես քաղբանտարկյալների ճնշող մեծամասնությունը դատվում էին «հակահեղափոխական», «տրոցկիստական», «ծայրահեղական», «ահաբեկչական», «նացիոնալիստական» կամ նմանատիպ այլ պիտակավորումներով: Սրա հիմքերը դրվել են դեռևս Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1918թ. սեպտեմբերի 5-ին ՌԽՖՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից «Կարմիր տեռորի» մասին ընդունված հայտնի դեկրետով[57]: Օրինակ, հայ գրողներ Չարենցը, Բակունցը, Մահարին, Ալազանը և այլ նշանավոր մտավորականներ 1936-38թթ. ձերբակալվել և բռնադատվել են «հակահեղափոխական, նացիոնալիստական գործունեության», «տրոցկիստական» կազմակերպության մեջ ընդգրկված լինելու, «Անդրկովկասի ժողովուրդների եղբայրական համագործակցության վերացման նպատակով ազգային թշնամանք բորբոքելու», «ղեկավարության դեմ տեռորիստական գործողություններ նախապատրաստելու» և նմանատիպ այլ շինծու մեղադրանքներով[58]:

  • Այսպիսով, խորհրդային կայսրությունը, մի կողմից, հստակ ռազմավարական տեսլական ունեցող տերություն էր, որն ընտրել էր զարգացման որոշակի ուղղություն, բայց մյուս կողմից՝ շատ դեպքերում, նմանվում էր մի պետության, աշխարհաքաղաքական ուժի, որը գործում էր ոչ թե հանուն, այլ ընդդեմ ինչ-որ մի բանի կամ ինչ որ մեկի: Եվ ֆաշիզմի ԴԵՄ 1945թ խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի հիշողության վրա մի ամբողջ պետության գաղափարախոսություն կառուցելը և այն տասնամյակներ շարունակ քարոզելը, կարծում ենք, նշված երևույթի դրսևորումն է:
  • Անշուշտ, սա պատմական և դարակազմիկ իրադարձություն էր, կարևորագույն հաղթանակ ընդդեմ ֆաշիզմ կոչվող չարիքի և ատելության քաղաքականության, որը հանգեցրեց միլիոնավոր մարդկանց մահվան, և այս համամարդկային նշանակության գործում իր ներդրումն է ունեցել նաև Հայաստանն ու հայ ժողովուրդը: Բայց այս փաստը քննվող հարցի էությունը չի փոխում:
  • Եվ ինչպես տեսանք ՌԴ ԱԳՆ-ի վերոնշյալ զեկույցում, ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը հստակ ժառանգել է այս քաղաքականությունը և շարունակում է հետևողականորեն առաջ մղել այն:
  • Մեր կարծիքով՝ տարբեր առիթներով այս կամ այն գործընկերոջը, այս կամ այն երկրի կառավարությանը, տարբեր ուժերին հակառուսականության կամ ռուսաստյացության (ռուսաֆոբիայի) մեջ մեղադրելը[59] ևս խորհրդային, բոլշևիկյան քաղաքական մշակույթի ժառանգությունն է և այլախոհներին «հակահեղափոխականի» մեղադրանքով լռեցնելու վերոնշյալ գործելաոճի վառ դրսևորումներից մեկը: 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԱՏՅԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ

Ամփոփելով վերոգրյալը՝ փորձենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված Հայաստանում նացիզմի հերոսացման կամ նեոնացիզմի դրսևորումների համառ փնտրտուքը, և ինչո՞ւ են Ռուսաստանում, ինչպես նաև նախկին խորհրդային մի քանի այլ երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում, այդքան ցավագին վերաբերվում Գարեգին Նժդեհի կերպարին ու գործունեությանը: Ինչո՞ւ հայազգի նշանավոր գործիչը, ով ասպետականության, սակավապետության, խստակեցության, գաղափարականության իսկական մարմնավորում է ու դրանով կարող է այսօր օրինակ լինել յուրաքանչյուր պաշտոնյայի ու քաղաքական գործչի համար կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ով իր ամբողջ կյանքը նվիրել է իր հայրենիքի ազատության և անկախության համար պայքարին, մինչ օրս շատերին հանգիստ չի տալիս: Հիշենք, որ 1944թ. նա նույնիսկ կամովին հանձնվեց խորհրդային հատուկ ծառայություններին՝ հույս ունենալով, որ կարող է ԽՍՀՄ ղեկավարության հետ կյանքի կոչել Արևմտյան Հայաստանի ազատագրման իր ծրագիրը, թեև կարող էր շատերի պես հանգիստ հեռանալ, բայց նախընտրեց մնալ Բուլղարիայում, ձերբակալվել և դրա պատճառով իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց խորհրդային բանտերում: Ուրեմն ի՞նչն է խնդիրը: Գուցե պատճառը «թրքաբոլշևիզմի» դեմ պայքարում իր արձանագրած հաջողություննե՞րն են:

Ինչպես արդեն ընգծեցինք վերևում՝ Նժդեհը Հայաստանում արժևորվում և հերոսացվում է շատ կոնկրետ արժանիքների ու գործունեության՝ Հայաստանի պատմության մեջ ունեցած բացառիկ դերակատարման, հայրենիքի ազատագրության պայքարին անմնացորդ նվիրվելու, մատուցած ծառայությունների ու հատկապես Սյունիքը Հայաստանի կազմում պահելու համար: Ռուսաստանում այս հանգամանքը համառորեն անտեսում են ճիշտ այնպես, ինչպես անտեսում են ֆաշիզմի, նացիզմի, ռասիզմի և այլատյացության այլ դրսևորումներ, որոնք կապված չեն ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի «պատմական հիշողության» հետ:

  • Ամենապարադոքսալն այստեղ այն է, որ ինչպես հայկական դիտորդական կազմակերպություններն են հաղորդում[60]՝ մինչ Ռուսաստանն իրեն հռչակել է նացիզմի դեմ պայքարի դրոշակակիր, այդ երկրում տարեցտարի ավելի զանգվածային են դառնում նացիզմի դրսևորումները:
  • Նույնը կարելի է ասել նաև հարևան Ադրբեջանի մասին, որտեղ հայատյացությունը վերջին 32 տարիների ընթացքում՝ սկսած Սումգայիթի, Բաքվի, Գյանջայի ջարդերից[61] մինչև Ապրիլյան քառօրյա պատերազմ[62] և մեր օրեր, հասել է անասելի չափերի:

Ադրբեջանում Հայաստանի, հայերի և հայկականության հետ կապ ունեցող ցանկացած երևույթի նկատմամբ ատելություն է քարոզվում պետական ամենաբարձր մակարդակով: Ի դեմս հայերի՝ Ադրբեջանում վաղուց ձևավորվել ու արմատավորվել է թշնամու կերպար, որին պետական քարոզչամեքենան և վերահսկվող մեդիան վերագրում է ցանկացած անհաջողություն: Եվ սրանք պարզապես բառեր չեն: Հայատյացության շիզոֆրենիան Ադրբեջանական Հանրապետությունում հասել է այն աստիճանի, որ ադրբեջանական դպրոցներում մանկահասակ երեխաներին սովորեցնում են, թե «մեր թշնամիները հայերն են»: 2018թ. մարտին համացանցում հայտնվել էր դա փաստող տեսանյութ[63]: Սրան ի պատասխան՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակեց տեսանյութ[64], որում արցախցի երեխաները պատասխանում էին իրենց ադրբեջանցի հասակակիցներին՝ «ես ձեր թշնամին չեմ, դուք իմ թշնամին չեք»:

Ադրբեջանում խորն արմատներ գցած ու տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիք հանդիսացող այս խնդրի մասին պաշտոնական Երևանը[65] և պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս են բարձրաձայնել[66]:Մինչդեռ ՌԴ ԱԳՆ վերոնշյալ զեկույցում ռասիզմի, այլատյացության այս խայտառակ դրսևորումների մասին որևէ խոսք չկա:

Ընդհակառակը նշվում է, թե նման դրսևորումներ Ադրբեջանում չկան: «Նեոնացիզմի, ռասիզմի, ռասայական խտրականության և այլատյացության դրսևորումներ Ադրբեջանում գործնականում չկան: Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը դիրքավորում է իր երկիրը որպես պետություն, որտեղ համերաշխաբար ապրում են տարբեր ազգությունների և կրոնների ներկայացուցիչներ», – գրված է զեկույցում:

Բաքվի իշխող ալիևյան ռեժիմը հստակորեն շարունակում է Մոսկվայի քաղաքական գիծը: Եվ պետք է ասել, որ Ռուսաստանում հականժդեհական հիստերիայի բարձրացման գործում մեծ ջանքեր է գործադրել նաև Բաքուն՝ իր լոբբիստների միջոցով փորձելով ՌԴ-ում հրահրել հակահայկական տրամադրություններ[67]: Նժդեհի մասին իր ելույթներում մի քանի անգամ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ բնականաբար, փորձելով հնարավորինս շահարկել և օգտագործել այս հարցը Հայաստանի դեմ: Վերջին անգամ դա տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ հարցազրույցի շրջանակներում[68]: Ալիևն ասել է, թե «ֆաշիստական հանցագործների հերոսացումը Հայաստանում դառնում է կյանքի նորմա», և այս համատեքստում հիշատակել է Գարեգին Տեր-Հարությունյանին:

Սրան ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է[69], որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը:

Բայց էլ ավելի ուշագրավ, թեև միաժամանակ տհաճ միջադեպ տեղի ունեցավ նախորդ տարի՝ 2019թ. հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, որտեղ հավաքվել էին ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նիստի ընթացքում Բաքվի բռնապետը փորձեց «անհարմար վիճակի մեջ դնել» Փաշինյանին՝ կլոր սեղանի շուրջ հայտարարելով, թե իբր «Հայաստանում հերոսացնում են ֆաշիզմն» ու մասնավորապես «գերմանացի ֆաշիստների մոտ ծառայած» Գարեգին Նժդեհին, ում աշխարհի «ամենատոլերանտ» երկրի նախագահն անվանեց «ֆաշիստական դահիճ ու դավաճան»։ Թե ո՞ւմ էր Նժդեհը հավատարմության երդում տվել և ո՞ւմ է «դավաճանել»՝ Իլհամ Հեյդարօղլո՞ւն, իհարկե, չասաց: Նաև մոռացավ հիշատակել քնած հայ սպային կացնահարած իրական դահճին՝ Ռամիլ Սաֆարովին, ում ինքն է պարգևատրել ու հերոսացրել բանտից կաշառքով ազատելուց հետո[70]:  Սակայն ամեն դեպքում արժանի պատասխան ստացավ Հայաստանի վարչապետի կողմից:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տեղին չէ ԱՊՀ ղեկավարների հանդիպման ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու և աշխատանքային մթնոլորտի մեջ լարվածություն մտցնելու համար ու հեգնել է Ալիևին՝ ասելով, որ Ադրբեջանի նախագահի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե «այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը եղել է Գարեգին Նժդեհը»: Փաշինյանը նաև ընդգծել է՝ ճշմարտությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանում թուրքական օկուպացիայի և թուրքերի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության դեմ[71]։

Իհարկե, կարելի էր ավելի հստակ լինել ու նշել նաև խորհրդային ու ադրբեջանական զավթիչներին, որոնց հետ դաշնակցելով՝ թուրքական զորքերը փորձում էին զավթել Հայաստանի տարածքները և որոնցից Նժդեհն իր քաջարի մարտիկներով կարողացավ պաշտպանել Զանգեզուրը: Բայց դա այնքան էլ կարևոր չէ: Ավելի կարևոր է այն, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի ղեկավարության առանձնակի թշնամանքը Նժդեհի նկատմամբ, և ինչու է նա ամեն կերպ փորձում վարկաբեկել հայ զորավարին:

Այս միջադեպից շատ չանցած՝ Ալիևը բացահայտեց ծրագիրը՝ տալով հարցի պատասխանը: Պարզվեց, որ Ալիևի ելույթը ոչ միայն և ոչ թե պարզապես հակահայկական հիստերիա էր, այլ շատ լավ մշակված բազմաքայլ կոմբինացիա,  որի հաջորդ քայլը նա պետք է աներ դրանից մի քանի օր անց Բաքվում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին[72], որին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Եվ այդ փոքրիկ «օպերացիան» ուղղակիորեն կապված էր Նժդեհի ազատագրած Զանգեզուրի հետ: Չէ՞ որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Զանգեզուրի և Հայաստանի այլ շրջանների նկատմամբ[73]: Եվ Բաքվում կայացած համաժողովին Ալիևը հայտարարել է[74], թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։ Էրդողանն էլ իր ելույթում աջակցություն է հայտնել ադրբեջանցի դաշնակցին՝ ասելով, թե «մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»:

Արձագանքելով Ալիևի և Էրդողանի հայտարարություններին՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է[75], որ «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով»:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ևս նկատել է[76], որ Ալիևի հայտարարության մեջ առաջին անգամ հնչել է պանթյուրքիստական երանգ։

Խոսելով հարցի շուրջ՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցերի փորձագետ Լարիսա Ալավերդյանն ընդգծել է[77], որ Ադրբեջանը վաղուց որդեգրել է շատ հստակ ձևակերպված, ագրեսիվ, նվաճողական քաղաքականություն և նույնիսկ ունի Բաքվից մինչև Բաթում ընկած տարածքներն ընդգրկող քարտեզ, որի վերականգմանն էլ ադրբեջանական ղեկավարությունը ձգտում է: Եվ այս իմաստով Նժդեհի հարցն ու մյուս բոլոր հայտարարությունները, քայլերը մեկ շղթայի հետևողական օղակներ են։

«Կարծում եմ՝ ձեր նշած ուղերձները խոսում են այն մասին, որ ադրբեջանցիները նոր՝ ավելի ագրեսիվ փուլ են սկսում և տարածաշրջանային հարցը դարձնում են աշխարհաքաղաքական՝ ընդգրկելով, այսպես կոչված, թյուրքական աշխարհը։ Եվ դուք ճիշտ եք՝ Նժդեհը և մյուս բոլոր հայտարարությունները, քայլերը մեկ շղթայի հետևողական օղակներ են։ Դրանք պատահական չեն հնչեցվում ու ներքին լսարանի համար չեն, ինչպես մեզ մոտ են կարծում», – շեշտել է Լարիսա Ալավերդյանը:

Վերլուծելով այս ամենը՝ քաղաքական մեկնաբան Կարեն Բեքարյանը ցույց է տվել[78] Ալիևի «ծանր հռետորաբանության» տողատակերը. «Բաքվում տեղի ունեցավ թյուրքալեզու պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ Ալիևը շատ ծանր հռետորաբանության անցավ և անգամ թույլ տվեց իրեն շոշափել Զանգեզուրին առնչվող խնդիրներ և շոշափել այն համատեքստում, որ Զանգեզուրը ՀՀ-ին «հանձնել» կամ «թողելը» դեռևս Խորհրդային Միության ժամանակ իր հետ բերեց թյուրքալեզու աշխարհի մեջ «սեպ» ունենալուն։ Նժդեհ, Նժդեհի հետ կապված պատասխան՝ վերաբերող այդ նույն ժամանակահատվածին, Զանգեզուրի պահպանում, Զանգեզուրի շոշափում՝ թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Եթե ուշադիր լինենք՝ շղթան ուղղակիորեն ուրվագծվում է»։ 

ՆԺԴԵՀԸ՝ ՊԱՆԹՅՈւՐՔԻԶՄԻ ԵՎ ԹՐՔԱԲՈԼՇԵՎԻԶՄԻ ԿՈԿՈՐԴԻՆ

Իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև հայ թուրքագիտական շրջանակներում գերիշխող այն տեսակետը[79], որ պանթուրքիզմի ծրագիրը միշտ էլ եղել է Թուրքիայի բոլոր առաջնորդների «սեղանի գիրքը», և ինչքան էլ այն անիրատեսական ցնորամտություն թվա, այդուհանդերձ, գոնե Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դիտվում է իբրև հեռահար, երկարաժամկետ ծրագիր, – իսկ մենք վերևում արդեն տեսանք, որ պանթյուրքիստական նկրտումների երանգները հստակ երևում են ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, հետևաբար դրա հիմքում անպայման պետք է լինեն քաղաքական կամ ռազմավարական որոշակի մոտեցումներ, – ապա կարող ենք եզրակացնել՝

  • ինչպես Նժդեհի ազատագրած Զանգեզուրն ու ավելի լայն առումով անկախ Հայաստանն են շարունակում իբրև «սեպ» խրված մնալ թուրքալեզու աշխարհի արանքում, այնպես էլ Զանգեզուրն ազատագրած ու դրանով Հայաստանի Հանրապետության ամբողջականության պահպանման գործում հսկայական ներդրում ունեցած Գարեգին Նժդեհը, ով իր պայքարով և թողած գրական ժառանգությամբ դարձավ հայ ազգային-ազատագրական պայքարի, անկախ Հայաստանի խորհրդանիշներից մեկն ու ազգային գաղափարախոսության, ազգային ինքնագիտակցության իսկական մարմնավորումը, ոսկորի պես մնացել է կանգնած պանթյուրքիստական գաղափարախոսության և թրքաբոլշևիկյան ֆաշիզմի կոկորդին:
  • Ահա թե ինչու արդեն 100 տարի Նժդեհը հանգիստ չի տալիս «ապագայի ֆաշիստներին»՝ բոլշևիկներին ու նրանց ռուսաստանյան հոգեզավակներին, թուրք-թաթարական խուժանին ու նրանց քաղաքականությունը շարունակողներին՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի: 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՐԱԿԱՆՈւՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏ

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Նժդեհը համագործակցել է Երրորդ ռեյխի հետ, ապա Երկրորդ աշխարհամարտի շրջանի պատմությունը խորությամբ իմացող ու Եվրոպայի ռազմաքաղաքական իրադրության բարդությունը պատկերացնող մարդիկ, հատկապես մասնագետները շատ լավ հասկանում են, որ նման մեղադրանքները ոչ միայն կեղծիք են ու սովորական դեմագոգիա, այլև չափազանց մակերեսային մոտեցում:

Այդ տարիներին, հատկապես նախապատերազմական շրջանում, նացիստական վարչակարգի հետ այս կամ այն առումով, այս կամ այն ձևաչափով, այս կամ այն նկատառումներով և այս կամ այն շահերից ելնելով՝ համագործակցել են շատ ու շատ մարդիկ և ուժեր, միջազգային խաղացողներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Խորհրդային Միությունը, որոնք հետո հակահիտլերյան կոալիցիայի կորիզն էին կազմում: Բայց հանուն արդարության պետք է ասել, որ այս երկրների օրվա իշխանություններն էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը և Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Դալադիեն, այսպես ասած, «խաղաղեցման» (appeasement) քաղաքականության կողմնակից էին և իրենց քաղաքական կարճատեսությամբ հույս ունեին, թե Հիտլերին ինչ-որ զիջումներ անելով՝ կարող են խուսափել պատերազմից ու գնացին խայտառակ գործարքի՝ 1938թ. սեպտեմբերի 30-ին նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և ֆաշիստական Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի հետ ստորագրելով Մյունխենի համաձայնագիրը[80], ըստ որի՝ Չեխոսլովակիան պետք է 10 օրվա ընթացքում ազատեր և Գերմանիային զիջեր հիմնականում գերմանացիներով բնակեցված Սուդետների շրջանը: Այսպիսով, չեզոքացվեց այդ տարիներին ռազմական շատ լուրջ ներուժ ունեցող Չեխոսլովակիան, և Հիտլերը վերացրեց ևս մի խոչընդոտ՝ դեպի Արևելք արշավելու համար:

Իսկ 1 տարի անց արդեն ԽՍՀՄ ղեկավարությունը, կրկին տակտիկական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, դիմեց առավել խայտառակ գործարքի Երրորդ ռեյխի հետ՝ 1939թ. օգոստոսի 23-ին գերմանական կողմի հետ ստորագրելով հայտնի Մոլոտով-Ռիբենտրոպ Պակտը[81] կամ Չհարձակման պայմանագիրը Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև, որը, ըստ էության, արձակեց Հիտլերի ձեռքերը, քանի որ Արևելքից՝ Խոհրդային Միության կողմից իրեն գոնե ժամանակավորապես վտանգ չէր սպառնում և հիմա կարող էր հանգիստ սկսել իր ռազմական ծրագրերի իրագործումը:

Պատերազմական ակտիվ գործողությունները սկսվեցին դրանից ընդամենը 1 շաբաթ անց՝ 1939թ. սեպտեմբերի 1-ին, Լեհաստանի վրա գերմանա-ֆաշիստական զորքերի հարձակումով:

Իսկ ի՞նչ առնչություն ուներ պատերազմի սանձազերծմանը Խորհրդային Միությունը

Ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես շատ տարիներ անց պետք է պարզվեր՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին կցված է եղել հավելյալ գաղտնի արձանագրություն, որով խորհրդային և գերմանական կողմերն Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ բաժանում էին «ազդեցության գոտիների»: Մասնավորապես, Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Լեհաստանի արևելյան շրջանները և Բեսարաբիան ընդգրկվում էին ԽՍՀՄ «ազդեցության գոտու» մեջ: Իսկ Լիտվան և Լեհաստանի արևմտյան հատվածն անցնում էին Գերմանիային: Շուտով Խորհրդային Միությունը սկսեց մեկը մյուսի հետևից անեքսիայի ենթարկել այն տարածքները, որոնք ընդգրկվել էին իր ազդեցության գոտու մեջ: Խորհրդային զորքերը չկարողացան կոտրել միայն Ֆինլանդիայի դիմադրությունը. այս երկրից բռնազավթվեցին միայն Կարելիան և Սալլայի շրջանը: Պայմանագրի իր մասն ամբողջությամբ կատարեց, ավելի ճիշտ՝ գերակատարեց նաև Գերմանիան՝ ոչ միայն մտնելով Լեհաստան, այլև մեկը մյուսի հետևից գրավելով եվրոպական երկրները: Այսպես է սկսվել Երկրորդ աշխարհամարտը, և իրականում հենց այսպես է Խորհրդային Միությունը մտել պատերազմի մեջ՝ առաջնորդությամբ Հիտլերի այն ժամանակվա դաշնակից ընկեր Ստալինի, ոում հերոսացնողները, ում շովինիստ երկրպագուներն ու խղճուկ նմանակներն այսօր համարձակվում են ինչ որ մեկի մեղադրել Երրորդ ռեյխի հետ «համագործակցության» մեջ:

«Թրքաբոլշևիզմին» հատուկ այս կեղծիքն ու ստախոսությունը, իհարկե, լավագույնս բնութագրել է Նժդեհը՝ «հոգի են տալիս Իտալիայի և Գերմանիայի հետ բարեկամանալու համար և մեզ անվանում Մուսոլինիի և Հիտլերի դաշնակից»: Այս խոսքերը նա գրել է 1935թ․[82], և ինչպես տեսանք՝ քաղաքական պահի ըմբռնումն ու հետագա զարգացումների կանխատեսումը միանգամայն ճշգրիտ էին։ 

ԱՄՓՈՓՈւՄ. ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀԱՐՑԱԴՐՈւՄՆԵՐ

Այսպիսով, այն, ինչ ներկայացրեցինք վերևում, կոնկրետ փաստեր են, որոնք ցանկացած պահի կարելի է ստուգել, ինչպես նաև հիմնավորված փաստարկներ են ու դրանց վրա հիմնված գնահատականներ ու վերլուծություններ: Իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը, զեկույցում նշելով, թե «Նժդեհի և Երրորդ ռեյխի համագործակցության վերաբերյալ տեղեկություն կա», չի բերում ոչ մի կոնկրետ փաստ ու չի նշում, թե ինչ բնույթի համագործակցության մասին է խոսքը, և ի՞նչ հետևանքներ է ունեցել այդ «հանցավոր համագործակցությունը», եթե այն իրոք այդքան դատապարտելի է: Այս ամենը մի շարք կարևոր հարցեր է առաջացնում:

  • Ասենք, ի՞նչ հետևանքներ է ունեցել եվրոպական երկրների, մարդկության համար Նժդեհի «համագործակցությունը» նացիստական կուսակցության ներկայացուցիչների հետ, և ի՞նչ մարդկային, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ բնույթի հետևանքների է հանգեցրել նույն Ստալինի, Չեմբեռլենի, Դալադիեի, եվրոպական այլ լիդերների անսկզբունքայնությունը, հանցավոր համաձայնությունները նացիստական ռեժիմի հետ: Ի՞նչ ընթացք կունենար անխուսափելի թվացող պատերազմը, և քանի՞ մարդ հնարավոր կլիներ փրկել, եթե ագրեսորին, ապագա պատերազմական հանցագործին փորձեին ավելի վաղ կանգնեցնել, այլ ոչ թե այսրոպեական շահերի համար գնային նրա հետ քաղաքական առևտրի, հանցավոր գործարքների, որոնց մասին նշվեց վերևում:
  • Ի՞նչ ընթացք կունենար հիտլերյան Գերմանիայի պատերազմը ԽՍՀՄ-ի դեմ, կլինե՞ին արդյոք առաջին ամիսների աղետալի կորուստները, եթե չլինեին 1930-ականների ստալինյան բռնաճնշումները, այդ թվում՝ խորհրդային բանակի հազարավոր զինվորականների բռնադատումը, իսկ նրանց թվում՝ մի շարք տաղանդավոր զորահրամանատարների, գեներալների, մարշալների, այդ թվում՝ խոհրդային հանճարեղ ստրատեգ մարշալ Մ. Ն. Տուխաչեվսկու բռնադատումն ու գնդակահարությունը կեղծ, սարքված գործերով[83]:
  • Իսկ քանի՞ մարդ է զոհվել Երկրորդ աշխարհամարտի տարիներին Նժդեհի «համագործակցության» հետևանքով: Ընդհակառակը, նրա ողջ գործունեությունն այդ շրջանում նպատակաուղղված էր իր հայրենակիցների կյանքերը փրկելուն:

Այս բոլոր հարցերին, իհարկե, ավելի ճշգրիտ պատասխան կարող են տալ խնդրի նեղ մասնագետները, բայց առանց այդ էլ ակնհայտ է, որ Նժդեհի «մեղքը» ստալինյան բռնաճնշումների, Հիտլերի հետ նույն Ստալինի, եվրոպական այլ պոլիտիկանների հանցավոր գործարքների խորապատկերին պարզապես «մանկական չարաճճիություն է»:

Շարունակելի

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

—————————————————–

[1] Ուինսթոն  Չերչիլը (Winston Churchill) մի քանի տասնամյակների ընթացքում եղել է Անգլիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1940-45թթ., ինչպես նաև 1951-55թթ․ նա զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի (Միացյալ Թագավորության) կառավարության ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը։ Չերչիլը, ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դ․ Ռուզվելտի և ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ միասին, դարձավ հակահիտլերյան կոալիցիայի (խմբավորման) երեք հիմնադիրներից, հենասյուներից մեկը:

[2] Այն վարչակարգը, այն պետությունը, որը հիմնեցին 1933թ. Գերմանիայում իշխանության եկած Ադոլֆ Հիտլերն ու իր քաղաքական թիմակիցները և որն իր վախճանը գտավ 1945թ․՝ պատերազմի փլատակներում, ընդունված է անվանել նաև նացիստական կամ ֆաշիստական Գերմանիա կամ «Երրորդ ռեյխ» («Երրորդ կայսրություն»):

[3] Ուկրաինական «Մայդանի» դեպքերը հայտնի են նաև որպես «Արժանապատվության հեղափոխություն»։

[4] Аргументы и Факты: Как Крым вошёл в состав России: хроника событий

[5] Новое время: Начало агрессии. Как в 2014 году Россия аннексировала Крым и развязала войну на Донбассе

[6] Владимир Яковлев: Методы боевой спецпропаганды

[7] Аркадий Мамонтов: «бандеровцы. Палачи не бывают героями»

[8] Сергей Мовчан: Про фашистов, которых нет, и фашистов, которые есть

[9] Олег Неменский: «Эволюция русской и украинской идентичности на Украине после Евромайдана»; Вопросы национализма, № 4 (24), 2015.

[10] BBC: Украина не подписала Соглашение об ассоциации с ЕС

[11] Майдан: уроки и последствия

[12] Милза П., Что такое фашизм?

[13] Բենիտո Մուսոլինին (Դուչե՝ «առաջնորդ») իտալական ֆաշիզմի հիմնադիրներից է, Իտալիայի վարչապետն ու դիկտատորը՝ 1922-1943թթ. և հիտլերյան Գերմանիայի առանցքային դաշնակիցներից մեկը:

[14] Գերմաներեն՝ Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei (NSDAP): Այս կուսակցությունը քաղաքական գործունեություն է ծավալել Գերմանիայում 1920-45թթ.:

[15] Հունարենից թարգմանաբար՝ «Ողջակիզում»:

[16] United States Holocaust Memorial Museum: Introduction to the Holocaust

[17] Կոնվենցիան ընդունվել և հաստատվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 260 A (III) Բանաձևով:

[18] Կոնվենցիա պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին

[19] Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ. Ցեղասպանություն տերմինը

[20] Huffington Post. Ցեղասպանություն բառը ստեղծվել է հայերի ջարդը նկարագրելու համար

[21] The Genocide Word by Raphael Lemkin

[22] “Who, after all, speaks today of the annihilation of the Armenians?”:  Տե՛ս Kevork Bardakjian. Hitler and the Armenian Genocide (Cambridge, Mass.: The Zoryan lnstitute, l985), B1 pp., n.p.: Տե՛ս նաև՝ David Myers, Holocaust and Genocide Studies, Volume 2, Issue 1, 1987, pages 175–178:

[23] Министерство иностранных дел Российской Федерации: О ситуации с героизацией нацизма, распространении неонацизма и других видов практики, которые способствуют эскалации современных форм расизма, расовой дискриминации, ксенофобии и связанной с ними нетерпимости, 6.05.2019

[24] Գարեգին Նժդեհ. Ցեղակրոն շարժումը, հրատարակիչ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՀԿ Կուսակցական գրադարան

[25] Տե՛ս Գարեգին Նժդեհ. Հատընտիր; «Ամարաս», Երևան 2006; ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (կենսագրական ակնարկ), էջ 3-20:

[26] Տե՛ս Գարեգին Նժդեհ. Հատընտիր, նույն տեղում:

[27] Տե՛ս Վարդան Գէորգեան. «Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921)», հրատարակիչ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ» ակումբ, Երևան 2010; ՀՀ ՄԻՆԻՍՏՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ, Պատճենը` վարչապետ ՎՐԱՑԵԱՆԻՆ, ՀՀ Զինուորական Նախարար-Սպարապետ Զօրավար ՆԺԴԵՀ, էջ 152-153:

[28] Տե՛ս Վարդան Գէորգեան, նշվ. աշխ., էջ 148:

[29] Տե՛ս Վարդան Գէորգեան, նշվ. աշխ., էջ 158:

[30] Տե՛ս Գարեգին Նժդեհ. Հատընտիր, նույն տեղում:

[31] ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսին, 07.05.2020:

[32] «Նացիստների և Նժդեհի միջև զուգահեռներն անընդունելի են»․ Միրզոյանը՝ ԱՊՀ գործընկերներին:

[33] Ի՞նչ կլիներ հայերի հետ, եթե չլիներ Գարեգին Նժդեհը:

[34] Տե՛ս Գարեգին Նժդեհ. «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը», Սոֆիա 1935 թ. (IV ՀԱՅ ԲՈԼՇԵՒԻԿԸ)// Գարեգին Նժդեհ. Հատընտիր, էջ 203-209:

[35] Տե՛ս Գարեգին Նժդեհ. «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը», նույն տեղում:

[36] «Ազատություն». Գարեգին Նժդեհի արձանը կտեղադրվի Կառավարության երրորդ շենքի հարևանությամբ

[37] «Ազատություն». Ռուսաստանի համար «անհասկանալի է», թե ինչո՞ւ է Հայաստանում տեղադրվել Գարեգին Նժդեհի արձանը

[38] Եվրասիական տնտեսական հանձնաժողով. Ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության մասին (ԵՏՄ) պայմանագիրը

[39] Վահրամ Աթանեսյան, «Թուրքաֆոբիայից» անդին

[40] Վարուժան Ավետիսյան. «Մենք չպիտի գուբերնիա դառնանք ինչ որ մեկի տակ: Մենք հզոր պետականություն ենք ստեղծելու»: Տե՛ս «Չլքեք պայքարի հրաշքը». ՊՊԾ գնդի ներսում. 1in.am, 31 հուլիսի, 2016թ.:

[41] Որպես այս պնդման հիմնավորում կարելի է նշել բազմաթիվ փաստեր, օրինակ այն, որ 2013թ. սեպտեմբերին, երբ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից անսպասելիորեն հայտարարեց ԵԱՏՄ ձևավորման գործընթացներին միանալու որոշման մասին, ինչպես Դաշնակցությունը, այնպես էլ քաղաքական ընդդիմության մյուս ուժերի ճնշող մեծամասնությունը սկզբունքորեն դեմ չարտահայտվեցին Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս նախագծին միանալուն: Տե՛ս ՄԱՀՀԻ հետազոտություն, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հրամայականն ու մարտահրավերները: Կամ էլ կարելի է հիշատակել ՀՅԴ Բյուրոյի այն ժամանակվա ներկայացուցիչ և փաստացի կուսակցապետ Հրանտ Մարգարյանի՝ 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում տված հարցազրույցը, երբ «մտահոգություն» էր հայտնում վարչապետ Փաշինյանի քաղաքականության «հակառուսական» դրսևորումների վերաբերյալ՝ ըստ էության հանդես գալով ռուսական շահերի պաշտպանի դիրքերից:

[42] Պաշտոնապես այս փաստաթուղթը կոչվում էր «Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև Բարեկամության և եղբայրության մասին մեծ պայմանագիր»: Մոսկվայի և դրա հիման վրա հետագայում՝ 1921թ. հոկտեմբերի 13-ին, ստորագրված Կարսի պայմանագրերով ամրագրվեց Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության Կարսի մարզի և Սուրմալուի գավառի բռնազավթումը, ինչպես նաև Նախիջևանի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին՝ Թուրքիայի և Ռուսաստանի խնամակալության ներքո։

[43] Բաբկեն Հարությունյան, Ալեքսանդրապոլի 1920թ. և Մոսկվայի 1921թ. պայմանագրերի համադրական քննության շուրջ

[44] Թեև Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ԽՍՀ) Հեղկոմը Հայաստանի Հեղկոմին ուղղած պաշտոնական ուղերձում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչվել են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բաղկացուցիչ մաս, այդուհանդերձ, Մոսկվան հետագայում փոխեց դիրքորոշումը: 1921թ. հունիսի 3-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության` ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն, որոշում է. «Հայկական կառավարության հայտարարության մեջ մատնանշել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելու մասին»։ Սակայն մեկ ամիս անց՝ հուլիսի 5-ին, երբ գումարվում է Կովբյուրոյի պլենումի արտահերթ նիստ, կենտրոնական իշխանության՝ Մոսկվայի ու մասնավորապես ազգությունների հարցերով ժողովրդական կոմիսար Իոսիֆ Ստալինի ճնշման տակ որոշում է կայացվում «…Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում՝ նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն»:

[45] Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն՝ ԽՍՀՄ (1922-1991թթ.)

[46] Ֆյոդոր Լուկյանով. «ԽՍՀՄ վերածնման կամ չվերածնման էջը մենք արդեն շրջել ենք. Պուտինի խոսքերը պետք է մեկնաբանել այս իմաստով»

[47] ТАСС: Путин заявил, что постсоветские страны постепенно преодолевают страхи возрождения СССР

[48] Տե՛ս ԽՍՀՄ վերածնման հարցն ու «Լավրովի պլանը». Մոսկվան բացում է խաղաքարտերը

[49] Քաղաքական ռեժիմը քաղաքական կառավարման մեթոդների, եղանակների ու նպատակների ամբողջությունն է: Տե՛ս Կիմ Ղահրամանյան, Թեմա 5. Քաղաքական ռեժիմ// «Քաղաքագիտություն». Բուհական դասագիրք, 2-րդ, լրամշակված հրատարակություն, ԴԱԼԼ հրատարակչություն, Երևան 2008, էջ 60-73:

[50] Григорий Явлинский: Зрелость авторитаризма.

[51] Տե՛ս Օրդուխանյան Է., Սուքիասյան Հ., Թեմա 5. Քաղաքական վարչակարգի հասկացությունը և ձևերը (Էմիլ Օրդուխանյան)// Քաղաքագիտություն. ուսումնամեթոդական ձեռնարկ, ԼԻՄՈՒՇ, Երևան 2016, էջ 68-80:

[52] Американская Freedom House снова оценила Россию как несвободную страну

[53] Эксперт Freedom House: Авторитаризм в России – сложившаяся система

[54] Владимир Яковлев: Методы боевой спецпропаганды

[55] В Кремле сообщили об отношении Путина к созданию культа его личности

[56] Опрос: Сталин обогнал Путина и Пушкина в рейтинге выдающихся личностей

[57] Декрет совета народных комиссаров о красном терроре, 5 сентября 1918 г.:

[58] Տե՛ս Դ. Վ. Գասպարյան, «Փակ դռների գաղտնիքը: Չարենցը, Բակունցը և մյուսները», Երևան 1994թ․:

[59] Օրինակ, 2019թ. հունիսին, երբ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած մի միջադեպի պատճառով Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հերթական անգամ կտրուկ սրվեցին, Թբիլիսիում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր, որոնց ընթացքում վրաց ակտիվիստները քննադատում էին ռուսական քաղաքականությունը՝ բարձրացնելով Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան «օկուպացնելու» խնդիրը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե «Վրաստանում ռուսատյացության հիստերիա է»: Նման միջադեպեր շատ են եղել նաև հայ-ռուսական հարաբերություններում, երբ ռուսական քաղաքականությունն այս կամ այն հարցում քննադատելը, Ռուսաստանից դժգոհելը կամ պարզապես Ռուսաստանի քաղաքական շահերին հակասող ինչ-որ քայլ անելը Մոսկվայի կամ ռուս փորձագետների, ռուսական քաղաքականության հայաստանյան դատապաշտպանների կողմից որակվել է իբրև «հակառուսականություն» կամ «ռուսաֆոբիա»:

[60] «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»․ Նժդեհի արձանն ու ֆաշիզմը Ռուսաստանում (անիմացիոն տեսանյութ)

[61] Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն. Հայկական ջարդերն Ադրբեջանում 1988-1990թթ.  

[62] «Առաջին լրատվական». «Ագենտների պայմանավորված պատերազմը». Ապրիլյան քառօրյան միջազգային դավադրությո՞ւն էր, թե՞ պետական դավաճանություն

[63] Кто враги детей в Карабахе и Азербайджане? (Видео):

[64] «Արմենպրես». Ես ձեր թշնամին չեմ, դուք իմ թշնամին չեք. արցախցի երեխաների պատասխանն իրենց ադրբեջանցի հասակակիցներին

[65] «Արմենպրես». Ադրբեջանի հայատյացությունը դրսևորվել է նաև 21-րդ դարում. Բաքվի ջարդերի մասին ԱԺ նախագահի ելույթը

[66] Դավիթ Բաբայան. Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց հռետորաբանությունից

[67] Вестник Кавказа. «Памятник Гарегину Нжде – демарш Армении против России»

[68] Minval.az: «Я человек дисциплинированный. Перед природой и Богом все равны»: интервью Ильхама Алиева ТАСС.

[69] ՀՀ ԱԳՆ. ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահի՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին

[70] ՍիվիլՆեթ. Ինչպես է Ադրբեջանը հետ ստացել Ռամիլ Սաֆարովին․ լրագրողական հետաքննության բացահայտումները

[71] Մեդիամաքս. Փաշինյանը կոշտ հակադարձել է Ալիևին

[72] «Ազատություն». Բաքվում մեկնարկում է Թյուրքական խորհրդի գագաթնաժողովը

[73] Ильхам Алиев: «Мы вернемся в Ереван мирным путем», 4 декабря 2016.

[74] Алиев: «Передача Зангезура Армении привела к географическому расколу тюркского мира»

[75] ՀՀ ԱԳՆ. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանները Թյուրքական խորհրդի նիստին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից արված հայտարարությունների վերաբերյալ հարցերին, 16 հոկտեմբերի, 2019թ․

[76] Ռուբեն Սաֆրաստյան․ «Ալիևի հայտարարության մեջ առաջին անգամ հնչում է պանթյուրքիստական երանգ»

[77] «Առաջին լրատվական». Ադրբեջանն ու Թուրքիան վերածնում են պանթյուրքիստական ծրագիրը․ ինչո՞ւ Ալիևը հիշեց Նժդեհին ու Զանգեզուրը

[78] Կարեն Բեքարյան. Շփոթը բանակցային սեղանին և բանակցային սեղանից դուրս հաղթահարված չէ

[79] «Առաջին լրատվական». Էրդողանն ակտիվացնում է իր պանթուրքիստական ծրագիրը․ նպատակը՝ Մեղրիով կապվել Ադրբեջանի հետ

[80] РИА Новости: Мюнхенское соглашение 1938 года. Справка

[81] DW: Пакт Молотова – Риббентропа

[82] Տե՛ս Գարեգին Նժդեհ. «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը», Սոֆիա 1935թ. (IV հայ բոլշևիկը)// Գարեգին Նժդեհ. Հատընտիր, էջ 203-209:

[83] Տե՛ս Справка Комиссии президиума ЦК КПСС «О проверке обвинений, предъявленных в 1937 году судебными и партийными органами тт. Тухачевскому, Якиру, Уборевичу и другим военным деятелям, в измене Родине, терроре и военном заговоре». Опубликовано: Военные архивы России. 1993. Вып. 1, с. 4-113; Военно-исторический архив. 1998. Вып. 2, с. 3-81:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում