Բաժիններ՝

«Նա մեզ համար հոր պես էր». Ֆաբրեգասը, Ֆերգյուսոնը, Ուիլշերը՝ Վենգերի մասին

Մրցաշրջանի ավարտին Արսեն Վենգերը կհեռանա Լոնդոնի «Արսենալից»: Ֆրանսիացի մասնագետը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում էր արդեն 22 տարի:

Վենգերի որոշումից հետո ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ գրառումներ են արել Վենգերի մասին:

Սեսկ Ֆաբրեգասը գրառում է կատարել իր ինստագրամյան էջում.

«Ես չէի սպասում սրան, բայց սա ցույց է տալիս նրա արժանապատվությունն ու մակարդակը: Ես երբեք չեմ մոռանա նրա ղեկավարությունն ու աջակցությունը: Նա հավատում էր ինձ առաջին իսկ օրից, ես շատ բանում եմ պարտական նրան: Նա մեզ համար հոր պես էր: Նա հոր նման էր, ով միշտ տանում էր ինձ դեպի լավը: Արսեն, Դուք արժանի եք աշխարհի ամբողջ հարգանքին և երջանկությանը»:

Ջեք Ուիլշերը, Վենգերի հեռանալու մասին լուրը լսելուց հետո ասել է.

«Մարդ, ով ինձ հնարավորություն տվեց 16 տարեկանում, ցույց տվեց իր վստահությունը և աջակցությունը: Իսկական ջենտլմեն, հայր, ով դժվար պահերին ինձ հետ էր: Նա միշտ հավատացել է ինձ, երբ մյուսները չէին հավատում:
Շնորհակալ եմ Ձեզ, բոս»:

Անգլիական ֆուտբոլի լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ևս խոսել է Վենգերի որոշման մասին.

«Ես շատ ուրախ եմ Արսենի համար: Ես հարգում եմ նրան՝ որպես մարդ և հարգում եմ նրա աշխատանքը: Նա աշխատում էր թիմում 22 տարի, դա խոսում է նրա տաղանդի, պրոֆեսիոնալիզմի և նպատակասլացության մասին:

Այս ժամանակներում, երբ մարզիչը աշխատում է 1-2 տարի, սա հրաշալի արդյունք է:

Անկասկած, նա ԱՊԼ-ի պատմության լավագույն մարզիչներից մեկն է: Ես հպարտ եմ, որ եղել եմ նրա նման մեծ մարդու մրցակիցը, կոլեգան և ընկերը»,- նշել է Ֆերգյուսոնը:

Վենգերը լոնդոնյան ակումբում էր 1996 թվականից: Անցկացրած խաղերի քանակով նա գերազանցեց անգամ լեգենդար Սըր Ալեքս ֆերգյուսոնին: Դա ռեկորդ է:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 823 խաղերում Վենգերի թիմը տոնեց 473 հաղթանակ, 199 անգամ խաղաց ոչ-ոք և 151 անգամ պարտվեց:

Երկրպագուներին հրաժեշտի նամակ է գրել հենց ինքը՝ Վենգերը.

«Ամեն ինչի մասին երկար մտածելուց և ակումբի հետ բանակցելուց հետո, ես հասկացա, որ հիմա ամենահարմար ժամանակն է հեռանալու համար:

Ես շնորհակալ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ծառայել այս ակումբին այսքան տարի: Տարիներ, որ անմոռանալի էին: Ես աշխատել եմ այստեղ նվիրված և արդար:

Շնորհակալ եմ թիմի բոլոր աշխատակիցներին, ֆուտբոլիստներին, ղեկավարությանը և երկրպագուներին, ովքեր մեր ակումբը դարձնում են այսքան յուրահատուկ:

Կոչ եմ անում մեր բոլոր երկրպագուներին աջակցել ակումբին, որպեսզի թիմը հասնի լավ արդյունքների: Իմ սերն ու աջակցությունը միշտ կլինեն թիմի հետ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս