Բաժիններ՝

«Դա ոչ ոքի շահերին չի համապատասխանում. մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար». Դայն Ֆայնսթայն

ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հունիսի 24-ին Իրանի իշխանությունների դեմ սահմանված խիստ պատժամիջոցները խոչընդոտում են այդ երկրի շուրջ ստեղծված իրադրության դիվանագիտական կարգավորմանը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի ավագ դեմոկրատ (Կալիֆոռնիայի նահանգից) Դայն Ֆայնսթայնի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 25-ին:

«Իրանի գերագույն ղեկավարի դեմ պատժամիջոցների սահմանումը եւ վիրավորանքների փոխանակումը միայն ավելի անհասանելի է դարձնում հակամարտության դիվանագիտական կարգավորումը»,- ընդգծել է սենատորը: Նա հիշեցրել է, որ Թեհրանը «վերջին պատժամիջոցները որակել է դիվանագիտության դռների վերջնական փակում»:

«Դա ոչ ոքի շահերին չի համապատասխանում: Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար»,- հայտարարել է Ֆայնսթայնը: Սենատորը «կոչ է արել ԱՄՆ-ի վարչակազմին՝ դադարեցնել էսկալացման այս ցիկլը, հրաժարվել Իրանի հետ բանակցություններում չհիմնավորված նախապայմաններից եւ իսկական դիվանագիտական ջանքեր գործադրել»:

«Ես անհանգստացած եմ այն բանից, որ փոփոխությունների բացակայության դեպքում իրադրությունը կվերաճի հակամարտության, որը ոչ ոք չի ցանկանում»,- եզրափակել է նա: ԱՄՆ-ի նախագահը հունիսի 24-ին հրամանագիր է ստորագրել, որը պատժամիջոցների խստացում է նախատեսում Իրանի դեմ: Ելույթ ունենալով լրագրողների առջեւ, նա ճշտել է, որ նոր միակողմանի միջոցներն ուղղված են նախ եւ առաջ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դեմ:

Իր հերթին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ «այս շաբաթ ավելի ուշ» պատժամիջոցների ցուցակում պլանավորվում է ներառել նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ութ զորահրամանատարներ, ներառյալ հունիսի 20-ին ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար պատասխանատու գեներալը:

Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հունիսի 25-ին Twitter-ում գրել է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ հունիսի 24-ին սահմանված պատժամիջոցներն անօգուտ են եւ ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել երկրի ղեկավարության զորահրամանատարների դեմ, խիստ արտահայտություններ է արել Սպիտակ տան հասցեին: «Սպիտակ տունը մտավոր հետամնաց է»,-ասել է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:

Նա նշել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խոսում են այն մասին, որ Վաշինգտոնը լրջորեն չէր Թեհրանին բանակցություններ առաջարկում: «Պատժամիջոցներ սահմանելով Իրանի արտաքին գործերի նախարարի դեմ՝ նրանք (ամերիկացիները) հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենց կողմից բանակցությունների վերաբերյալ առաջարկությունները սուտ են»,-ասել է Ռոուհանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս