Քերոբյան․ Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, ՀՀ բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը

Քերոբյան․ Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, ՀՀ բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջերս ՀՀ հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը հանելուն և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությանը, ասել է, որ, եթե աշխարահաքաղաքական հանգամանքները հօգուտ մեր երկրի դասավորվեն և Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա բոլոր տեղական տնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը, հայտնում է Արմենպրեսը։

«Մեր տեղեկություններով՝ դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Եվ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այդքան էլ գրավիչ չէ»,-ասել է Քերոբյանը:

Նախարարը, այնուամենայնիվ, չի բացառել, որ որոշակի ապրանքատեսակների համար այսպիսի կանոնավոր փոխադրումներ տեղի ունենան:

«Համենայնդեպս, օդային ուղևորափոխադրումների հետ մեկտեղ նաև բեռներ էլ են տեղափոխվում, որն ըստ էության, օդային բեռնափոխադրումների մի տարատեսակ է: Ուղղակի բեռնատար օդանավեր չկան դեռ, գուցեև չլինեն էլ: Մենք դրա համար առանձնապես շատ չենք անհանգստանում»,-ասել է նախարարը:

Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման ազդեցությանը տնտեսության վրա, Քերոբյանն ասել է․ «Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը տալու է լայն հնարավորություն, հասանելիություն՝ թե հենց թուրքական շուկային, թե մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով: Այս ամբողջը, բնականաբար, պետք չէ լոկալ, փոքր պատկերով նայել: Սա մեծ պատկերի փոքր մաս է: Եվ, եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ մեզ դասավորվեն, և մենք ի վերջո հասնենք այդ պահին, ապա վստահ եմ, որ Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը»:

Անդրադառնալով սահմանի բացման պայմաններում Հայաստանի արտադրողների համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ բնականաբար ռիսկեր էլ կլինեն, բայց Կառավարությունը լուրջ աշխատանք է կատարում: Որպես օրինակ նա նշել է մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտների ընկերություններին աննախադեպ աջակցության մասին, որպեսզի ընկերությունները, օգտագործելով նաև տնտեսական բարձր աճի տված հնարավորությունները, կարողանան արդիականացնել իրենց բիզնեսը, թվայնացնել, սարքավորումները, պրոցեսները թարմացնել և դառնալ բարձր արտադրողական և մրցունակ ընկերություններ:

«Անցյալ տարվա տվյալներով՝ 56 մլրդ դրամի գործարք ենք ֆինանսավորել, որի արդյունքում 901 պայմանագիր է կնքվել՝ նոր սարքավորումների ձեռքբերման և բիզնեսներում օգտագործման համար»,-ընդգծել է Քերոբյանը:

2022-ի հուլիսին Հայաստանը և Թուրքիան հայտարարեցին, որ պատրաստվում են բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար և թույլ տալ օդային ուղիղ բեռնափոխադրումների իրականացում: Չնայած Անկարայի՝ երկու գործնական քայլ անելու մասին հայտարարությանը, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները դեռ չեն բացվել, իսկ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին նորից սկսեցին խոսել առաջին հայտարարությունից միայն 6 ամիս անց։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---