Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը եզրափակվեց «Սպասուհիների աշունը» ներկայացմամբ

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը եզրափակվեց «Սպասուհիների 
աշունը» ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը, որը մեկնարկել էր նոյեմբերի 21-ին, եզրափակվեց «Սպասուհիների աշունը» ներկայացմամբ, որը հանդիսատեսի դատին հանձնեց «Ռոյալ դիսթրիքթ» թատրոնը (Գերմանիա-Վրաստան):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիսատեսն այն դիտելու հնարավորություն ունեցավ նոյեմբերի 24-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով՝ «Սպասուհիների աշունը» բեմադրության ցուցադրությամբ, որը 2021-ի փառատոնի միակ ոչ առցանց ներկայացումն էր, հայտարարում են հոբելյանական 20-րդ «Հայ ֆեստի» մեկնարկը։ Ազգությամբ վրացի ռեժիսոր Նինո Հարաթիշվիլիի և բեմանկարիչ, զգեստների ձևավորող Յուլիա Նովիկովայի համատեղ ներկայացման առանցքում կանայք են, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում և անցել դաժան փորձությունների միջով։

Նինո Հարաթիշվիլին արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ադալբերտ Շամիսոյի, Բերտոլտ Բրեխտի, Աննա Սեղերսի և Շիլլեր Մեմրոիալի մրցանակի։ Սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամայի և կինոյի ինստիտուտի կինոռեժիսուրայում, իսկ բեմական ռեժիսուրա՝ Համբուրգի թատերական ակադեմիայում (Գերմանիա): 2007-ից աշխատում է որպես անկախ ռեժիսոր, դրամատուրգ և արձակագիր` գործունեություն ծավալելով ողջ Եվրոպայում և Վրաստանում:

Փառատոնի բացումը 2021-ին ազդարարվեց ցուցահանդեսով, որտեղ ներկայացվեցին հայ թատրոնի անվանի բեմանկարիչների աշխատանքներ։  Գաղափարը վերջերս կյանքից հեռացած փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է։ Այն կյանքի է կոչել և համադրել ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։ Աշխատանքներին աջակցել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը (խորհրդատու՝ Մարինե Հարոյան)։

Առցանց հարթակում փառատոնի մեկնարկն ազդարարել էր Arlekin Players թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին էր հանձնվել բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» (փորձարարական խաղ) առցանց ներկայացումը՝ ըստ Ա. Չեխովի «Բալի այգին» պիեսի։ Այս ներկայացման ձևաչափն անսովոր էր. ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք էր գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացում այն հեռակառավարման վահանակի դեր է ստացել, և սյուժետային գիծը հնարավոր է եղել փոխել՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։ Անտոն Չեխովի դերում բալետի լեգենդ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովն է եղել, Ռանևսկայայի դերում՝ «Թոնի» թատերական մրցանակակիր Ջեսիկա Հեքթը։

Փառատոնի օրերին առաջին անգամ ցուցադրվել են մեծանուն բեմադրիչ Քշիշտով Գարբաչևսկու (Լեհաստան) «Բացատրություն» և «Աստծո դատաստանը վերջ տալով» VR (ներկայացում վիրտուալ իրականության մեջ) ներկայացումները։ Գերհագեցած են եղել փառատոնի առցանց հարթակները. հեղինակային ներկայացումների ցուցադրություն, միջազգային կոնֆերանս՝ «Վերանայելով թվայինը՝ վերակերտում ենք արվեստը», ինչպես նաև zoom հանդիպումներ՝ թատրոնի հայտնի դեմքերի հետ՝ Կիրիլ Սերեբրեննիկով և այլք։

Փառատոնն անցկացվել  է նաև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։ Ցուցադրվել են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով արտացոլվել են բնակելի շենքերի պատերին։ «Հայ ֆեստը» այս տարի նվիրված է եղել փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։ Այն կրում էր «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» կարգախոսը։ 2019-2021 թվականներին Եվրոպական փառատոների ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Փառատոնն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]