«Ընդդիմության առաջնորդի հայտ է ներկայացվել». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ ընդդիմության առաջնորդի հայտ է ներկայացվել՝ ի դեմս Միքայել Մինասյանի: Ըստ նրա՝ չնայած սրան, ընդդիմությունը բազմաբևեռ է, կա նաև «քնած ընդդիմություն»:

«Նոր ընդդիմադիր բևեռ է ձևավորվում՝ ի դեմս Միքայել Մինասյանի: «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարում հնչեց այն կարծիքը, որ ինքն ամենապատրաստվածներից է, իր հարցազրույցն է խոսում այդ մասին: Ընդդիմության դաշտում առաջնորդ չէր նշմարվում մինչև այժմ, հիմա գոնե մեկ հոգի նշմարվել է: Երկրորդ բևեռը Ռոբերտ Քոչարյանն է, որը ևս ընդդիմության հայտ է ներկայացրել, բայց հստակ չէ, թե ով է լինելու առաջնորդը: Առնվազն երկու բևեռ ունենք, և դեռ էլի կառաջանան: Կա «քնած» ընդդիմություն, դա ԲՀԿ-ն է, որը շատ դեպքերում Նիկոլ Փաշինյանի հետ համակարծիք չէ, բայց ստիպված է լռություն պահպանել, գիտենք՝ մեզ մոտ ինչպես են լռեցնում, ինչ-որ քրեական գործ կհարուցվի, և կուսակցությունը կարող է զրոյանալ»:

Ընդդիմադիր ուժերի համախմբումը Միքայել Մինասյանի շուրջ Տիգրան Քոչարյանը հավանական է համարում, չի բացառում նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կձևավորի իր ընդդիմությունը:

«Դա կախված է Միքայել Մինասյանի հետագա քայլերից: Նիկոլ Փաշինյանը վարկանիշը կորցնում է, բայց եթե այս կիրակի ընտրություններ լինեն, ինքը կրկին բարձր տոկոսով կընտրվի վարչապետ, ինչո՞ւ, որովհետև դիմացը թեկնածու չկա, հայտ ներկայացված չէ: Հիմա այդ հայտն առնվազն Միքայել Մինասյանի կողմից կա, և հիմա բոլորը սպասում են Քոչարյանի խոսքին: Երևի ձևավորվի «Կոնսենսուս-1» ֆորմատը, որտեղ  և՛ Մինասյանը, և՛  Քոչարյանը կառաջադրեն համաձայնեցված թեկնածու, միգուցե էլի կուսակցություններ առաջ կգան, միգուցե Փաշինյանը կձևավորի իր ընդդիմությունը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության հենքի վրա, ովքեր Փաշինյանի ընդդիմախոսն են Ամուլսարի մասով, ակտիվ աշխատում են Ֆեյսբուքում և էկոակտիվիստների հետ: Հնարավոր է, որ նրանք ընդդիմադիր դաշտ ձևավորելու նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը: Վիկտոր Սողոմոնյանն էլ է անդրադարձել «Ադեկվադի» հայտարարությանը Միքայել Մինասյանի մասին, ասել է, որ դեռ շուտ է, չգիտեմ՝ ինչն է շուտ, երևի ինքը՝ որպես քաղաքագետ, ավելի լավ գիտի, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է»:

Տիգրան Քոչարյանի համար անհասկանալի է խորհրդարանական ընդդիմությունը:

«Ընդդիմության ընդդիմությունն է ձևավորվում ԱԺ-ում՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանը» լքած Արման Բաբաջանյանի, որը պարզ չէ՝ ինչքանով է հարմարվելու «Իմ քայլի» մեջ, կամ իր առանձին ուղեծիրն է բռնելու Նիկոլ Փաշինյանի հետ:  Անհասկանալի է «Լուսավոր Հայաստանի» վիճակը, նրանք ինչ-որ երրորդ ուղին են բռնել, որը երևի միայն իրենք են հասկանում, որովհետև կողքից նայելով՝ իրենք մեկ Փաշինյանին կողմ են, մեկ՝ դեմ, և եթե կուսակցությունը չի կարողանում պահել իր ցուցակի երրորդ համարին, դա արդեն խնդիր է առաջացնում»:

Հեղափոխությունից հետո ենթադրվում էր, որ ՀՀԿ-ն պետք է ստանձնի ընդդիմության դերը, բայց, ըստ Տիգրան Քոչարյանի, կուսակցությունը՝ որպես ընդդիմություն, չկայացավ:

«ՀՀԿ-ն՝ որպես ընդդիմություն, կա, բայց ոչ՝ որպես կուսակցություն, այլ անհատների միջոցով: Դաշտում մնացել են այն ՀՀԿ-ականները, ովքեր համարվում էին իրենց ինտելեկտուալ թևը՝ Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան, որը սառեցրել է ժամանակավորապես իր անդամակցությունը, որպես բուն ՀՀԿ կառույց՝ իր մարզային կառույցներով, օլիգարխներով, հեղինակություններով՝ չկա: Միգուցե ինչ-որ X ժամի ժամանակ կմիավորվեն, ինչ-որ բան կանեն, բայց ՀՀԿ-ն ընդդիմության հայտ առայժմ չի ներկայացրել, շատ հավանական է, որ նրանք ուղղակի իրենց փորձով,  ռեսուրսներով կօժանդակեն նոր ձևավորվող ուժերին: Պատմական և քաղաքագիտական առումներով հեղափոխությունից հետո ժողովուրդը հոգնելու է նաև հեղափոխականներից, հներից, հայտ է լինելու քիչ թե շատ երիտասարդ, բայց փորձառու իշխանության ձևավորման»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս