Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է պարզել «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ կրակոցներ արձակած երկրորդ անձի ինքնությունը

Այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ասուլիս էր կազմակերպել՝ լրագրողներին ներկայացնելով իրենց կառույցի 2017 թվականին իրականացված և 2018 թվականին իրականացվելիք ծրագրերը:

«Ներկայացնեմ 2017 թվականին արձանագրված դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ: 2017 թվականին արձանագրվել է կատարված հանցագործության 1332 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1087 դեպք, այսինքն՝ շուրջ 245 դեպքով հանցագործությունների դեպքերի աճ ունենք մարզում: Նախորդ տարի ունեցել ենք սպանության 7 դեպք, այս տարում՝ սպանության 6 դեպք. Այսինքն՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործեր, որից անցած տարի բացահայտվել է 6-ը, չի բացահայտվել 2-ը: Այս տարի մենք ունենք չբացահայտված 2 դեպք:

2017 թվականի ապրիլի 22-ին ունենք արձանագրված սպանության դեպք. անձի կողմից ռուս զինծառայողին ապօրինաբար կյանքից զրկելու դեպքի մասին է խոսքը: Նշված քրեական գործն ուղարկվել է համապատասխան քննչական մարմին: Հաջորդն ունենք հարուցված քրեական գործ՝ սպանության հատկանիշներով՝ Աղավնի Օհանյանի անհետ կորելու դեպքի առթիվ: Օրենքով թույլատրված ժամկետում նշված անձին չհայտնաբերելու պատճառաբանությամբ ստիպված ենք եղել հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Կատարված հետաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նշված անձը, և նշված քրեական գործով վարույթը կարճվել է: Պարզվել է, որ այդ անձը Գյումրի քաղաքի բնակչուհի է եղել, մի քանի օր տանից բացակայել է, գտնվել է Երևանում՝ իր ընկերուհիների տանը: Այդ պատճառով վերջինիս գտնվելու վայրը պարզելուց հետո նշանակվել է համապատասխան դատաբժշկական փորձաքննություն, և նրա մարմնի վրա որևէ մարմնական վնասվածքներ առկա չեն եղել:

Կարդացեք նաև

Հաջորդն Արթուր Աշոտի Հարությունյանի սպանության դեպքի մասին է խոսքը: Կատարվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձի կամ անձանց ինքնությունը բացահայտելու առումով: Կոնկրետ ես իմ դժգոհությունն եմ հայտնում նշված դեպքը չբացահայտելու առումով, բայց իմ կողմից բազմաթիվ ցուցումներ, հանձնարարագրեր են ուղարկվել համապատասխան մարմիններին:

Հաջորդ գործը, որը հարուցվել է սպանության հատկանիշներով, Ռոզա Ռզևաևի անհետ կորելու դեպքի մասին է խոսքը: Քրեական գործը հարուցվել է այն հիմնավորմամբ, որ նյութերի նախապատրաստվելու թույլատրելի ժամկետում տվյալ անձին չենք կարողացել հայտնաբերել: Գործը հարուցելուց հետո անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվել այդ անձին հայտնաբերելու համար, սակայն մինչ օրս որևէ տեղեկություն նշված անձի գտնվելու մասին ձեռք չի բերվել, ուստի նշված քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի, առաջին մասի առաջին կետով:

Հաջորդ քրեական գործը հարուցվել է Ստեփան Մարկոսյանին ապօրինաբար կյանքից զրկելու դեպքի առթիվ: Նշված գործը բացահայտված է, գտնվում է քննության փուլում, որպես մեղադրյալ՝ ունենք կալանքի տակ գտնվող անձ: Անձամբ իմ կողմից ուսումնասիրվել է քրեական գործը, կատարվում է բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն: Մոտակա օրերին այս քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվելու:

Հաջորդ դեպքը, որը մենք հարուցել ենք 104-րդ հոդվածի հատկանիշներով, դա Գառնիկ Հարութի Եղոյանին դիտավորյալ կյանքից զրկելու դեպքի մասին է: Մենք հայտնաբերել ենք նշված անձի դիակը, որի վրա առկա են եղել վասվածքներ: Առևրևույթ վնասվածքներ պարունակելու փաստի կապակցությամբ քրեական գործը հարուցեցինք 104-րդ հոդվածի հատկանիշներով, որի շրջանակներում նշանակվեց դիակի դատաբժշկական փորձաքննություն և հիմնավոր ապացույցներ ձեռք բերվեցին այն մասին, որ նշված անձի մահվան պատճառը եղել է հիվանդությունը՝ ինֆարկտը: Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքներին, ապա քննության արդյունքում պարզվեց, որ անձը մարմնական վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով»,- մանրամասնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Կազմակերպված ասուլիսի ընթացքում վերջինս անդրադարձ կատարեց նաև կատարված սպանության փորձերին:

«Հաշվետու ժամանակահատվածում մարզի տարածքում արձանագրվել է սպանության փորձի 4 դեպք, որոնցով հարուցվել է քրեական գործ: Դրանցից մեկը հունիսի 26-ին Գյումրու «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց տեղի ունեցած կրակոցների մասին է խոսքը: Ունենք մեղադրյալ ներգրավված երկու անձ, որոնք գտնվում են կալանքի տակ: Գործն այժմ գտնվում է դատաքննություն փուլում:

Ունենք նաև այս քրեական գործից անջատված մաս, քանի որ մենք գործի նյութերով պարզել ենք, որ կոնկրետ անձի վրա կրակոցներ արձակվել են 2 անձի կողմից, որոնցից մեկի ինքնությունը բացահայտված է, մյուսի անձը դեռևս չենք պարզել: Այդ անձի ինքնությունը չպարզվելու պատճառաբանությամբ քրեական գործից անջատել ենք մաս, նախաքննությունը շարունակվում է: Իմ կողմից հետաքննական մարմնին բազմաթիվ հանձնարարություններ են տրվել՝ պարզելու համար նշված անձի ինքնությունը: Հանրապետության գլխավոր դատախազը հանրապետության գլխավոր ոստիկանապետին հանձնարարել է պարզել նշված անձի ինքնությունը:

Հաջորդն Արտակ Դիլանյանի սպանության փորձին է վերաբերում, ով հանդիսանում է Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ, ով Գյումրու գիշերային ակումբներից մեկում վիճաբանության մեջ է մտել Պետրոս Նազարյանի հետ, որի ընթացքում վերջինս փորձել էր ապօրինաբար կյանքից զրկել Արտակ Դիլանյանին: Նշված քրեական գործը ևս մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել:

Հաջորդ սպանության փորձն անձի կողմից իր ծնողներին ապօրինաբար կյանքից զրկելու փորձի փաստի վերաբերյալ է, երբ դյուրավառ նյութը լցնելով ծնողների վրա՝ փորձել էր նրանց այրել: Քրեական գործն ուղարկվել է դատարան: Նշված անձի հանդեպ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել, փորձագետների կողմից փաստվել է նրա անմեղսունակ լինելու հանգամանքը»:

Շիրակի մարզի դատախազը նշեց, որ նախորդ տարի առողջությանը ծանր վնաս պատճառելու 25 դեպք է արձանագրվել, այս տարի՝ 9 դեպք: Անցած տարի՝ նմանատիպ 5, այս տարի՝ 2 դեպք չի բացահայտվել:

Ճանապարհային երթևեկության խախտման հետ կապված դեպքերի վերաբերյալ Կ.Գաբրիելյանը պարզաբանեց, որ մենք ունենք մահվան ելքով պատահարների նվազում: Նախորդ տարի դրանց թիվը 15-ն է եղել, այս տարի՝ 12-ը:

Մյուս դեպքերով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ մենք աճ ունենք՝ միջին, ծանր, թեթև մարմնական վնասվածքների մասին է խոսքը:

Անցած տարի արձանագրվել է 65 դեպք, այս տարի՝ 73:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ Կ.Գաբրիելյանը նշեց, որ անցած տարի 250 դեպք է արձանագրվել, այս տարի՝ 359-ը: Անցած տարի արձանագրվել է բնակարանային գողությունների՝ 51, այս տարի՝ 71 դեպք:

«Գողությունները կանխարգելելու նպատակով իմ կողմից գրություններ են ներկայացվել Գյումրու, Արթիկի և Մարալիկի համայնքների ղեկավարներին՝ գործուն քայլեր ձեռնարկելու համայնքների տարածքում գործող շենքերը՝ տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ կոդավորվող փականներով փակցնելու ուղղությամբ»:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս