×


«Որդի ունենալը Շանթի մեծագույն երազանքն էր». Հասմիկ Կարապետյան

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն ամիսներ առաջ կրկին մայրացավ. կյանքի այս փուլում նա զբաղված է փոքրիկների խնամքով: BRAVO.am-ի հետ զրույցում Հասմիկը կիսվել է որդու ծննդյան բերկրանքի, արտակարգ իրավիճակի ստեղծած կենցաղային անհարմարությունների եւ ստեղծագործական կյանքի կարոտի մասին:

- Ապրիլի 21-ին ծնվեց Ձեր տղան՝ Գրիգորը, ի՞նչ զգացողություններ ունեք. որպես փորձառու մայրիկ՝ վախերն ու անհանգստությունները նվազե՞լ են:
-Այս շրջանում երկրորդ բալիկի մասին առհասարակ չէի մտածում, եւ եթե անկեղծ լինեմ՝ իմ պլաններում երկրորդ երեխա ունենալու միտք անգամ չկար. Գրիգորս մեզ համար իսկապես Աստծո պարգեւ է:

Այո, պետք է ասեմ, որ երկրորդ բալիկի դեպքում վախերն ու տագնապները չքվում են, քանի որ դու արդեն փորձառու մայրիկ ես, գիտես՝ եթե երեխան լաց է լինում, ինչը կարող է լինել պատճառը, եւ այլն, բայց, իհարկե, դժվարություններ եւս կան:

-Թեեւ հայրիկները խենթանում են իրենց աղջիկների համար, հայ տղամարդկանցից շատերի երազանքն է ունենալ տղա երեխա: Ձեր ամուսնու՝ Շանթի պարագայում այդպե՞ս էր:
- Որդի ունենալը Շանթի մեծագույն երազանքն էր, եւ կարծում եմ՝ այնքան անկեղծ էր, որ կատարվեց: Համաձայն եմ, որ հայրիկները խենթանում են իրենց աղջիկների համար, բայց հատկապես հայ տղամարդիկ, անկախ ամեն ինչից, ցանկանում են որդի ունենալ, իրենց ազգանունն ու ցեղը շարունակող ունենալ: Որդի ունենալն առանձնահատուկ հպարտությամբ է լցնում հայ տղամարդուն. նրանք հայտնվում են յոթերորդ երկնքում: Ու մի բան էլ կա. կարծես սկսում են ավելի շատ սիրել իրենց որդի պարգեւած կնոջը (ծիծաղում է,-հեղ.):

Շանթը եւ Հասմիկը՝ նորածին Տաթեւի հետ (արխիվային լուսանկար)


- Ինչպե՞ս Տաթեւը ընդունեց Ձեր ընտանիքի նոր անդամին:
- Այս մասին ցավով պիտի խոսեմ, քանի որ կարծում էի՝ Տաթեւը միանգամից կընդունի եւ կմերվի եղբոր հետ, սակայն արդեն երկու ամիս է անցել, բայց նա ոչ մի կերպ չի համակերպվում, որ մեր ընտանիքը համալրվել է: Սկզբում անգամ Գրիգորի ներկայությունը նրան նյարդայնացնում էր: Հիմա իրավիճակը մեղմացել է, բայց խանդը դեռ կա, ինչը բնական է, քանի որ Տաթեւը շատ սպասված բալիկ է, ով միշտ եղել եւ շարունակում է մնալ բոլորիս ուշադրության կենտրոնում:

-Սոցիալական հարթակում հաճախ եք հրապարակում Տաթեւի լուսանկարները, բայց փոքրիկ Գրիգորից գրեթե նկարներ չկան. ինչու՞:
-Երբեք էլ չեմ սիրել հանրության հետ շատ կիսվել բալիկներիս լուսանկարներով, բայց Տաթեւի դեպքում այլ էր: Երեք տարի ամուսնացած լինելուց հետո երբ բալիկ ունեցա, կարծես իրավունք էլ չունեի նրա լուսանկարները չհրապարակելու կամ հանրությունից գաղտնի պահլու (ծիծաղում է,-հեղ.): Երկրորդ բալիկի դեպքում, այո, չեմ հանրայնացրել եւ չեմ էլ պատրաստվում. ուզում եմ նրան մեծացնել հանգիստ միջավայրում, վայելել մայրությունս, բայց, իհարկե, գիտեմ, որ հանրային մարդ եմ, եւ շատերը սպասում են՝ տեսնելու նրան: Դրա ժամանակն էլ կգա. հիմա ամենակարեւորն այս համաճարակը հաղթահարելն ու բնականոն կյանքին վերադառնալն է:

-Ի դեպ, ինչպե՞ս եք այս արտակարգ պայմաններում կազմակերպում Ձեր եւ փոքրիկների առօրյայն:
-Պիտի ասեմ, որ հիմա ինձ համար շատ դժվար է, քանի որ երկու փոքրիկ բալիկի կենցաղը կազմակերպելն իսկապես պատասխանատու գործ է: Տաթեւը երեք տարեկան է. նրա զարգանալու տարիքն է, եւ ցավում եմ, որ իրավիճակով պայմանավորված՝ չի կարող հաճախել մանկապարտեզ, զարգացման կենտրոններ, երաժշտության, սպորտի. այդ տարիքի երեխաների համար սրանք կարեւորագույն զբաղմունքներ են:

Հիմնականում տանն ենք լինում, անգամ ծնողներիս տուն հաճախ չենք այցելում, բայց առավոտյան զբոսանքները մեր օրվա պարտադիր մասն են, քանի որ ե՛ւ արեւն է օգտակար Գրիգորի համար, ե՛ւ Տաթեւն է կարողանում վազվզել, սպառել էներգիան:

Հասմիկ Կարապետյանը՝ դստեր հետ


- Խոսեցինք սոցիալական հարթակից. վերջերս Ձեր էջում հաճախ եք կիսվում արխիվային լուսանկարներով՝ դրանց բավական կարոտած գրառումներ կցելով. արդյո՞ք այն խիտ ու հագեցած ստեղծագործական կյանքը, որ ունեիք մինչ ընտանիք կազմելը, երբեմն պակասում է Ձեզ:
- Կարծում եմ՝ այդ կյանքը պակասում է յուրաքանչյուր արվեստագետի, ով նվիրումով ու սիրով է ապրել այն: Այո, ճիշտ եք նկատել, վերջերս հաճախ եմ հիշողություններով կիսվում, քանի որ շատ լեցուն ու գունավոր կյանք եմ ունեցել: Գիտեք, երբ արվեստագետը չի զբաղվում ստեղծագործական կյանքով, հոգեպես հիվանդանում է, թուլանում, ընկճախտի մեջ է հայտնվում: Կարծես, օդ չի լինում շնչելու, գորշ տխրություն է իջնում մարդու վրա: Ես մինչ վերջերս այս իրավիճակում էի, սակայն ավելի թեթեւ տարա այդ ընթացքը, քանի որ ունեմ հրաշալի բալիկներ ու ընտանիք: Եթե մինչ օրս միայն ստեղծագործեի եւ չունենայի ընտանիք, կարծում եմ՝ ավելի ծանր վիճակում կլինեի, այնպես որ, շնորհակալ եմ Աստծուն, որ իմ կյանքում ամեն ինչ հավասարակշռության մեջ է:

-Այնուամենայնիվ, Ձեր հանդիսատեսը սպասում է Ձեզ. նախատեսու՞մ եք վերսկսել ակտիվ գործունեությունը շոու բիզնեսում:
- Այժմյան շոուբիզնեսյան իրակաության մեջ, եթե կարող ենք այդպես անվանել, իմաստ չեմ տեսնում ակտիվ գործունություն ծավալել: Իհարկե, կան արտիստներ, որ այս քաոսում կարողացել են պահպանել իրենց դեմքը, բայց ընդհանուր մթնոլորտն էլ այն չէ: Երբ անցնեն այս դժվար ժամանակները, անշուշտ, ես լինելու եմ նույն ակտիվ Հասմիկ Կարապետյանը, ով պարբերաբար կներկայանա թե՛ երգերով, թե՛ տեսահոլովակներով:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Կարապետյանի արխիվից
Գլխավոր լուսանկարը՝ Tert.am Life-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին