News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորումը պատվիրված է։ Այսպիսի տեսակետ այսօր՝ հուլիսի 11-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը։

«Դավիթ Համբարձումյանը հայտնվել է այնտեղ միջադեպը հանդարտեցնելու պահին, այստեղ Դավիթ Համբարձումյանի մեղքը որտե՞ղ է։ Ավելի լավ է ասեն՝ ով է պատվիրել։ Գնացեք քննիչին հարցրեք՝ ո՞ւմ պատվերն է կատարում»,–նշեց նա։

Մուրադ Մուրադյանը տարակուսանք հայտնեց, որ նոր պայմաններում բարձր պաշտոններ ստացած անձինք փորձում են ամբողջ մեղքը Դավիթ Համբարձումյանին վերագրել. «Այնտեղ միջադեպ է եղել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ։ Ոստիկաններից քանի հոգու տարել են հիվանդանոց, թող ավելի ազնիվ գտնվեն, հիվանդանոցում գրանցեին վիրավորներին, հիմա սաղ բարձր պաշտոններ ստացան, Դավիթ Համբարձումյանը մեղավոր դուրս եկա՞վ»։

Պատգամավորի համոզմամբ՝ անօրինականություն է տեղի ունեցել. «Նախ Քննչական վարչությունը իրավունք չուներ  զբաղվել դրանով, քանի որ միջադեպը եղել է միլիցիայի եւ քաղաքացիների միջեւ։ Հետո նույն ոստիկանապետին տարել են հիվանդանոց, օգնություն են ցույց տվել, ինչի՞ չեն գրանցել։ Սա՞ է ձեր արդարությունը»։

Մուրադ Մուրադյանը համոզված է՝  իրավապահ մարմինները օգտվում են հանգամանքից, որ Դավիթ Համբարձումյանը «խեղճ տղա է». «Խեղճ տղա եք գտե՞լ։ Գյուղացի տղա է, աներն էլ այստեղ չի, ո՞վ պետք է Դավիթ Հարությունյանին օգնի, ուզո՞ւմ եք իմ վրա էլ ճնշում գործադրել, ես էլ չօգնե՞մ, ես օգնելու եմ»։

Նրա խոսքով, այս բոլոր «խաղերը» Դավիթ Համբարձումյանի «աթոռի» համար է։ «Դավիթ Համբարձումյանը Էրեբունու այդ միջադեպին ներկա չի եղել, ինքը երդում ա կերել, ո՞նց կարա խաբի։ Ինքը 1 տոկոս մեղք չունի։ Անարադարություն կա, որը կպարզվի։ Ես այսօր եւ վաղը պատրաստ եմ օգնել»,–եզրափակեց նա։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, նոր մեղադրանք է առաջադրվել։

Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության, իսկ եղբորը՝ մի խումբ անձանց կողմից կազմակերպված, ինչպես նաեւ զենքի գործադրմամբ խուլիգանության համար: Դատարանը որոշել է կալանավորել քաղաքապետին եւ նրա եղբորը։

Մասիսի քաղաքապետին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրեական գործով՝ Երեւանի Էրեբունի թաղամասում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների գործով: Համբարձումյանը ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժել էր նրան կալանավորելու՝ քննչական մարմնի միջնորդությունները:

Տպել
Ամենաշատ