«Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում». Էդվարդ Ֆիցգերալդ. panorama.am

panorama.am-ը զրուցել է բրիտանացի իրավաբան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Էդվարդ Ֆիցգերալդի հետ

– Պարոն Ֆիցգերալդ, կասե՞ք՝ այս պահին ինչ փուլում է գտնվում Քոչարյանի գործը Ստրասբուրգում։

Քոչարյանի իրավաբանական թիմը երկու գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։ Մենք պնդում ենք, որ նախագահ Քոչարյանին կալանավորելը ոչ իրավաչափ է, անհիմն, և խախտում է Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրված վերջինիս իրավունքները։

Պրն․ Քոչարյանին ուղղված մեղադրանքները անորոշ են և շինծու։ Գրեթե համոզված եմ՝ շուտով կհաստատվի, որ քրեական հետապնդումը և կալանավորումը քաղաքականորեն մոտիվացված են։ Դա շատ կարևոր կլինի ոչ միայն մեր, այլև Հայաստանի ամբողջ հասարակության համար։ Ներկայումս թիմը աշխատում է մեկ ուրիշ գանգատի վրա առ այն, որ պրն. Քոչարյանը արդար դատաքննության բացակայության, այսինքն՝ արդարադատության մերժման զոհ է։

-Ի՞նչ նկատի ունեք արդարադատության մերժում ասելով։

– Կա բավարար ապացույցներ, որ իշխանությունները ձախողել են Կոնվենցիայով ամրագրված ընդհանուր և հատուկ երաշխիքների ապահովումը։ Քրեական դատավարությունում խախտումները և երաշխիքների բացակայությունը անկասկած ստեղծում են արդարադատության մերժման մի ամբողջ համակարգ Հայաստանում։

Թույլ տվեք ներկայացնել մի քանի վառ օրինակ։ Նախ, 2018թ.-ի դեկտեմբերին Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավորի նշանակումը ոչ իրավաչափ էր և բացահայտորեն հակասում էր ներպետական օրենսդրությանը։ Դատավորների վրա ներքին և արտաքին ազդեցություն է գործադրվել (օրինակ` ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի ղեկավարների միջև հայտնի հեռախոսային խոսակցությունները)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, որոնք խախտում են անմեղության կանխավարկածը։ Նրանք համոզմունք են ձևավորել հասարակության շրջանակներում, որ պրն. Քոչարյանը մեղսագործ է, որն էլ կաշկանդում է դատարանին՝ փաստերը ճիշտ գնահատելու։ Որոշ լրատվամիջոցներ սկսել են ատելություն սերմանող մամլո արշավներ՝ բացասականորեն  ազդելու արդար դատաքննության վրա՝ ձևավորելով հանրային կարծիք և ազդելով Քոչարյանի անմեղության կանխավարկածի վրա։ Եվ այս օրինակները կարելի է շարունակել։

-Այսինքն Դուք վստա՞հ եք, որ գործը ունի քաղաքական դրդապատճառները։

-Այո, իհարկե։ Վերաքննիչ դատարանը հապճեպորեն հրապարակեց կալանքի որոշումը 2018թ.-ի դեկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Պրն. Քոչարյանը կալանավորվել է անորոշ և շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է՝ ակնհայտորեն վերջինս պատժելու նպատակով (այս համատեքստում է օգտագործվում վենդետա հասկացությունը) և կանխելու նրա մասնակցությունը որևէ քաղաքական գործընթացներին։ Իշխանությունները նաև ճնշում են գործադրում մարդկանց վրա` փորձելով ձեռք բերել ապացույցներ, որոնք կարող են հետագայում օգատագործվել Քոչարյանի դեմ։

Ակներև է, որ նախագահը զրկվել է ազատությունից քաղաքական դրդապատճառով։ Դատախազությունը և քննչական մարմիններն իրենք էլ գործում են չբացահայտված բայց ենթադրելի մոտիվներով։ Եվ վերջապես, կա հստակ ապացույց, որ առնվազն այս գործում դատարանները գործադիր իշխանությունից բավարար կերպով անկախ չեն գործել։

Տեսանյութեր

Լրահոս