×


Ֆաինա Հարությունյան. «Երազել անգամ չէի կարող, որ Պաուզինին իմ զգեստով կլինի ամսագրի շապիկին»

Հանրահայտ երգչուհի Լաուրա Պաուզինին դիզայներ Ֆաինա Հարությունյանի զգեստով հայտնվել է իտալական «Բիլբորդ» ամսագրի առաջին թվային շապիկին:

«Թե ինչպես հասանք Միլան, միայն ես ու Ֆաինան գիտենք։ Հետո իմացա, որ իր ծննդյան օրն էր, ու ներքուստ վստահ էի, որ նվեր է լինելու՝ 10 դիզայներից հենց Ֆաինայի զգեստն էին ընտրելու»,- Ֆեյսբուքում գրել է Tariel Bisharian Showroom Milano-ի հիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Տարիել Բիշարյանը:

Իսկ թե ինչպես է զգեստը հասել Միլան ու իր հույզերի մասին BRAVO.am-ին պատմել է հենց Հարությունյանը: Դիզայները նշել է, որ այն ցուցադրվել է Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում, որտեղ էլ զգեստը նկատել է ու հավանել ամսագրի համար Պաուզինիի նկարահանման դիզայներ Սուսաննա Աուսոնին:

Ֆաինա Հարությունյանը


«Նա Տարիելին ասել է. «Եթե կարողանաք զգեստն ուղարկել, ցույց կտանք Լաուրային: Հավանելու դեպքում այն կընտրենք, բայց դեռ ոչինչ չենք խոստանում»: Տարիելն ամեն ինչ շատ արագ կազմակերպեց, ու զգեստը մի քանի ժամվա ընթացքում ուղարկեցինք Միլան»,- նշել է Ֆաինան:

Դիզայների խոսքով՝ եղել է միայն զգեստի ամենափոքր չափը, եւ բավական սեղմ ժամկետով կարել են երգչուհու կազմվածքին համապատասխան տարբերակն ու ուղարկել Միլան. «Բարդ էր ու անհավատալի, որ ոչ միայն կհավանի, այլ նաեւ հենց դրանով կնկարվի շապիկի համար: Այդ մասին երազել անգամ չէինք կարող»:

Պաուզինին ներկայացված 10 դիզայներների աշխատանքից հենց Ֆաինայի հեղինակած զգեստին է նախապատվությունը տվել ու յուրահատուկ հմայք հաղորդել ամսագրին:

«Բիլբորդ» ամսագրի շապիկը


«Լուրն իմանալուն պես կիսվեցի դրանով: Շատ ուրախ էի եւ հուզված: Կարծում եմ՝ ցանկացած դիզայների համար մեծ պատիվ է, երբ համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհին նկարվում է իր զգեստով, այն էլ՝ շապիկի համար»,- խոստովանել է Հարությունյանը:

Երեկոյան զգեստը դիզայների «Նիկա» հավաքածուից է, որն ամբողջությամբ կնոջ ուժի մասին է: Մեծ ու ծավալուն թեւքերը խորհրդանշում են թեւեր, որոնք օգնում են կնոջը ճախրել, պաշտպանել եւ լինել ուժեղ:


«Սիրում եմ հագուստի ստեղծման ժամանակ շեշտը դնել թեւքերի վրա: Հավաքածուն ստեղծելիս լրիվ այլ տրամադրություն ունեի, ցուցադրում էինք այն ընթացքում, երբ Ջերմուկում մարտեր էին ընթանում: Ուզում էի ցույց տալ, թե որքան ուժեղ, բայց միաժամանակ փխրուն կանայք ունենք: Իմ հավաքածուները միշտ կնոջ մասին են՝ ուժեղ, նուրբ, զգայուն, երբեմն՝ թույլ, բայց ամեն պահի նրանք վերածվում են անպարտելիների»,- ավելացրել է Ֆաինան:

Հիմա դիզայները պատրաստում է ամառային հավաքածուն ու սպասում մի քանի նախագծերի հաստատմանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին