Մեկնաբանություն

06.11.2018 13:40


Ղարաբաղի հարցը լուծվելու է վերելակո՞ւմ, թե՞ հրապարակում

Ղարաբաղի հարցը լուծվելու է վերելակո՞ւմ, թե՞ հրապարակում

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հակասական քայլեր է իրականացրել Ղարաբաղի հարցով:

Փաշինյանը հրապարակավ ասում է, որ Ղարաբաղի մասով Ղարաբաղը պետք է բանակցի և ինքը բանակցելու է միայն Հայաստանի մասով, բայց իրականում ինքը Ղարաբաղի թեմայով բանակցություններ է վարում Ալիևի հետ ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդավորված ձևով:

Այն, որ Երևանի ու Բաքվի միջև բանակցություններ պետք է լինեն, քննարկման առարկա չէ: Քննարկման ու մտահոգության առարկան այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ չի հայտնում իր մոտեցումները և ավելի շատ վերածվել է արձագանքողի, քան նախաձեռնողի:

Միլսը, Բոլթոնը հստակ խոսում են տարածքային զիջումներից ու ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի մասին, բայց դրանց հետևում են միայն լրագրողական ոճի պատասխաններ, որոնք մտահոգությունների, ինչպես նաև կասկածների տեղիք են տալիս:

Ղարաբաղի հարցով խոսում են բոլոր հիմնական խաղացողները, բայց լռում է Փաշինյանը՝ հայտարարելով, թե Ղարաբաղի հարցով ժողովուրդն է որոշում կայացնելու:

Թե ինչ է իրականում նշանակում «ժողովուրդն է որոշում կայացնելու» ձևակերպումը, գիտակից մարդկանց բացատրելու կարիք չկա: Դա վերացական ու պատասխանատվությունից խուսափող ձևակերպում է:

Ժողովուրդը հրապարակում չի կարող ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև մյուս հարցերի վերաբերյալ որևէ որոշում կայացնել, քանզի հրապարակում հնարավոր չէ դատողություններ անել ու որոշում կայացնել: Դա դեմագոգիա է և ամբոխավարություն:

Աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի ժողովուրդ չի կարող հրապարակում հավաքվել ու որոշում կայացնել, քանզի հավաքված ժողովուրդը ամբոխանում է, իսկ ամբոխի հավաքական մտավոր կարողությունը, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են հավաքվածները՝ ակադեմիկոսներ, թե չոբաններ, չի գերազանցում տարրական դասարանի երեխայի մտավոր կարողությանը: Սա գիտականորեն ապացուցված թեզ է, այնպես որ «լոլոներ» պետք չէ անել:

Պարզ չի՞, որ հրապարակում ոչ թե որոշումներ են կայացվում, այլ նախապես կայացված որոշումներն արժանանում են «այո՜»-ի ու ծափահարությունների: Այնպես որ պետք է դադարեցնել դեմագոգիան ու լրջանալ: Հարցերը, պատկերավոր ասած, քննարկել վերելակում, իսկ հետագայում որոշման կայացման պատասխանատվությունը դնել հրապարակի վրա, առնվազն սխալ մոտեցում է:

Եթե Փաշինյանին թվում է, որ եթե ինքը տեսակետ չհայտնի Ղարաբաղի մասով, ապա ավելի շահեկան դիրքում կհայտնվի, ապա չարաչար սխալվում է:

Եթե Ալիևը դառնա օրակարգ թելադրող, ապա դա մթնոլորտ կձևավորի, ինչից հետո չես կարող ասել, թե «ժողովո՛ւրդ, բոլորը մեր դեմ են, դե հիմա ասեք ի՞նչ անենք»: Ժողովրդի դատին որոշումը ներկայացնելուց առաջ պետք է ճիշտ բանակցել ու ձգտել թելադրող դառնալ, այլ ոչ թե լսել, թե ինչ են ասում ու վերջում խնդիրը բարդել «ժողովրդի» վրա:

Եվ ամենակարևորի մասին՝ Ղարաբաղի հարցը որոշվելու է ոչ այնքան բանակցություններով, որքան ուժերի բալանսով: Այնպես որ պետք է երկրի ներսում մթնոլորտ փոխել ու տնտեսություն զարգացնել, այլ ոչ թե պոպուլիզմով զբաղվել:

Ի դեպ, Ալիևը կրկին խոսել է այն մասին, որ պետք է հայերը հանձնեն հողերը և հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը կգնա այդ քայլերին:

Ցավալին այն է, որ Ադրբեջանի նախագահը, օգտվելով Փաշինյանի բառապաշարից ու մեզանում վարվող քարոզչական բանաձևերից, հանցագործների ու թալանչիների բանակ է անվանել հայկական բանակը:

«Այն, ինչ ասում էինք մենք տարիներ շարունակ, այժմ ասում է հայ ժողովուրդը: Մենք ասում էինք, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, հայ գեներալներն ու հայկական ղեկավարությունը հանցագործներ են, այժմ նույնն ասում է հայ ժողովուրդը»,-նկատի ունենալով գեներալների ու ղարաբաղյան պատերազմով անցածների դեմ Հայաստանում իրականացվող փաշինյանական հակաքարոզչության կոդերը՝ հայտարարել է Ալիևը:

Եվ ուրեմն, Փաշինյանից Ղարաբաղի մասով տեսակետ է պահանջվում, ինչպես նաև զգուշավորություն՝ զինվորական վերնախավի դեմ պետականորեն տարվող հակաքարոզչություն իրականացնելիս, եթե, իհարկե, առանձնահատուկ նպատակ չկա այդ ամենի տակ թաքնված:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Ալիևը հայտարարություններ է արել նաև Նախիջևանի ուղղությամբ դիրքերի մասին: Սրան կոնկրետ պաշտոնական արձագանք է պահանջվում հայկական կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը