Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

Հայաստանում մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ 
միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնը կունենա երկու բացում. օգոստոսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում-քննարկում՝ ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և լեռնադահուկային սպորտի քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է, իսկ օգոստոսի 24-ին կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի Կոմիտաս՝ Արտո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը շնորհակալություն հայտնեց տարբեր երկրներից Հայաստան եկած հյուրերին և հույս հայտնեց, որ այն, ինչ տեսնելու և զգալու են այս օրերի ընթացքում, թողնելու է միայն ամենավառ տպավորությունները, հիշողությունները և ստիպելու են նրանց կրկին վերադառնալ Հայաստան:

«Այս փառատոնը հենված է մարդու և մարդկային արժեքների, գաղափարախոսության վրա: Փառատոնը վեր է դավանական տարբերություններից և միջոցառումը հենվում է մարդու ազատության, անկաշկանդ գոյության, համերաշխության և համակեցության գաղափարների վրա: Կարծում եմ 21-րդ դարում այս արժեքների տարածումը և դրանց քարոզը կենսական նշանակություն ունի, որովհետև, թերևս, երբևէ մարդը չի ունեցել սայթաքելու և սխալվելու այսքան «հնարավորություն» և չի զգացել իրեն այսքան մենակ, ինչպես այսօր: Նման մշակութային միջոցառումներն ունեն ոչ միայն գեղարվեստական նշանակություն, այլ նաև շատ ուժեղ բարոյահոգեբանական նշանակություն»,- ընդգծեց Խզմալյանը:

Նախարարի տեղակալին ուրախացնում է այն, որ փառատոնին կարևորվում է ներառականության գաղափարը: «Փառատոնի միջոցով ևս մեկ առիթ է, որպեսզի ուշադրություն դարձնենք մարդկանց, առավել ևս երեխաներին, ովքեր ունեն ամենօրյա ուշադրության և սիրո անհրաժեշտություն: Հետագա բոլոր արարքները հասարակության մեջ ծագում են այդ սիրո պակասից կամ բացակայությունից»,- ասաց Խզմալյանը:

Նախարարի տեղակալը կարևորեց այն փաստը, որ փառատոնն իր նախագծերն իրականացնում է պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ, որովհետև այդ բաղադրիչը լինելու է նաև հետագայում նախարարության կողմից դրված բոլոր փառատոնների կազմակերպման պահանջներից մեկը:

Խզմալյանի խոսքով` փառատոնը նաև ներկայացնում և դիրքավորում է մարդկանց, ովքեր անձնական փորձով ցույց են տվել, թե ինչպես կարելի է հաղթահարել ամենաբարդ իրավիճակները, երբ մարդուն թվում է, որ որևէ հենակետ չկա և արմատապես վերափոխվել է կյանքը, բայց կամքի, հավատի ուժով մարդիկ կարողացել են հաղթահարել ստեղծված իրավիճակը և դառնալ օրինակ բոլոր մարդկանց համար: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, փառատոնի խորհրդի անդամ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը ասաց, որ եկեղեցին առաջին տարին չէ, որ իր օրհնությունն է տալիս նմանատիպ ծրագրերի և հատկապես «Ֆրեսկո» կինոփառատոնին:

«Փառատոնի ծրագրում եկեղեցիներին կից կամ հարող կառույցներում բավականին շատ միջոցառումներ են իրականացվելու: «Ֆրեսկո» ևս մեկ պատգամ է հոգևոր կյանքի նկատմամբ չսառելու, չհեռանալու, սիրելու հոգևոր կյանքը, որովհետև մարդը մարմին և հոգի է և մեկը առանց մյուսի չի լինում»,- ասաց Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Փառատոնային օրվա յուրաքանչյուր մեկնարկ կտրվի համերգային ծրագրով:

Փառատոնի ծրագրում կընդգրկվեն բացօթյա տարածքներում և դահլիճներում միջազգային ֆիլմերի դիտում-քննարկումներ՝ ֆիլմերի հերոսների հետ, ցուցահանդես «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ» խորագրով:

Այս տարի Ֆրեսկոն լի է նաև նոր ծրագրերով. աշխարհի 5 փառատոներ՝ Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրեսկոյի շրջանակներում կներկայացնեն սեփական փառատոների փորձառությունը, առաքելությունը և լավագույն ֆիլմերը՝ «Պատուհան» դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոն, «Պոկրով» միջազգային Ուղղափառ կինոյի փառատոն «Սակրոֆիլմ» կաթոլիկ ֆիլմերի փառատոն «Կրոնն այսօր» միջազգային ֆիլմերի փառատոն: Իսկ փառատոնի՝ արտերկրից ժամանած և հայաստանյան 30 հյուրերը, փառատոնի ամբողջ ընթացքում կդառնան հանդիսատեսի ուղեկից-ընկերը արվեստում, որոնց թվում են՝ Հայր Մարեք Լիս (Լեհաստան), ով մի շարք կինոփառատոներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ (Կանն, Բրատիսլավա, Ֆրիբուրգ, Վարշավա և այլն, իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը, հյուրերի ցանկում են նաև կինոփառատոների նախագահներ, կինոգործիչներ, հոգևորականներ: Փառատոնը կամփոփվի հանդիսատեսի կողմից ամենասիրված ծրագրով՝ վրանային կինոճամբարով, որը կկայանա Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Սաղմոսավանքում: «Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ, նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Ամենամյա ավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները, որոնք պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվեն հանրությանը. հայկական խաչքարեր՝ Նորատուսի, Գեղարդի, Էջմիածնի և Ջուղայի:

Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am