Հիշեք, թե «միակ տղամարդն» ինչ հետևողականությամբ փակեց «Ա1 պլյուսը». այդ ի՞նչ տեսակ վախ էր զգում. բժիշկ Վահան Վարդապետյան

26/07/2019 schedule18:15

Բժիշկ Վահան Վարդապետյանի հետ զրույցը տեղի ունեցավ մաեստրո Օհան Դուրյանի տուն-թանգարանում` այն սեղանի շուրջ, որտեղ հյուրընկալվել են մեծ ու կարևոր մարդիկ և որտեղ թեժ ու հետաքրքիր քննարկումներ են ծավալվել: Ինքը` Վահան Վարդապետյանը, մեր զրույցի ընթացքում խոսում էր ոչ պակաս թեժ ու ճակատային, և ես ոչ մի հակասություն չէի զգում բժշկի խիստ խոսքից, որովհետև նա իր հանրային խիզախ կեցվածքով և մասնագիտական վաստակով միանգամայն իրավասու է այդպես խոսել, պահանջել, հորդորել և' որպես իսկական ընդդիմադիր` կեղծիքից երես շրջած, դավաճանի ձեռքը չսեղմած, ճշմարտությունն ամենից վեր դասած, և' իբրև մեծ արվեստասեր` տաղանդի ու հռչակի չափ խոցելի արվեստագետին փրկելու-պաշտպանելու գործով` ցկյանս և դրանից հետո: Մաեստրո Օհան Դուրյանի տուն-թանգարանում և հարակից այգում այնպիսի բարձր հոգածություն ու խնամք կա, որ վայել է մասնագիտական մի ամբողջ թիմի  կանոնակարգված քաղաքականությանը, մինչդեռ այն ստեղծվել և պահպանվում է վաստակաշատ բժշկի և որդիների շնորհիվ: Մշակույթի քանի-քանի մեծեր հալածվեցին վերջին քսան տարիներում, և եթե նրանց կողքին էլ լիներ Վահան Վարդապետյանի պես հենարան, ապա, հաստատապես, մշակութային մթնոլորտը` արժեքների ստեղծման և պահպանման հարցում նաև, անհամեմատ այլ կլիներ:

Բժիշկ Վահան Վարդապետյան

Եթե քո զբաղմունքը, քո աշխատանքը գոհացնում է քեզ և երջանկություն է բերում մարդկանց, ուրեմն, ինչու՞ ոչ, կարող ես քեզ համարել երջանիկ: Ահա, եթե այս մոտեցմամբ չափելու լինենք երջանկությունը, ապա ես ուրիշներին երջանկություն նվիրելու և դրանից երջանիկ լինելու շատ պահեր եմ ապրել: Եղել են սթրեսային վիճակներ. մենք միասին մղձավանջային տարիներ ենք անցկացրել մեր երկրում, մեծ անարդարություններ, արժեքավոր մարդկանց հանդեպ ոչ արժանի վերաբերմունք ենք տեսել: Բայց անգամ այդ ծանր օրերին իմ մասնագիտության բերումով շարունակել եմ երջանկություն նվիրել շատերին` վաղուց արդեն 5 հազարից ավելի ընտանքիների: Ամեն անգամ ես այդ ընտանիքներին հավասար, գուցե` ավելի, եթե դեպքը եղել է բարդ և անհուսալի, ունեցել եմ մի հրաշալի զգացում, որ ես կարողացա օգնել այդ մարդկանց:     

Անձնական երջանկություն.

Ինձ համար չկա անձնական երջանկություն, որովհետև չես կարող քեզ համար առանձին երջանիկ լինել: Արդեն ասացի, որ երջանկություն է, երբ կարողանում ես ուրիշին երջանկություն պարգևել: Հաճախ աննկարագրելի է դիմացինի երախտագիտական հայացքը. մարդը չի խոսում, բայց աչքերը աղոթք և շնորհակալություն են արտահայտում: Դրանից ավելի մեծ գնահատական և ավելի մեծ երջանկություն չկա: Երևի, ինձ կհասկանան պրոֆեսիոնալ բժիշկները: Նաև` ինձ համարում եմ երջանիկ, որովհետև կարողացել եմ մեծ մտավորականների օգտակար լինել, նրանց ևս երջանիկ պահեր պարգևել:

Մարդիկ են եղել, որոնց հետ շփումն ինձ համար եղել է անձնական երջանկություն: Եվ առաջինը իմ և Ձեր կողմից շատ սիրելի Այդին Մորիկյանին եմ ուզում հիշել: Այդինը` իսկական մտավորական, հայ լրագրության մեջ բարձր պրոֆեսիոնալ և անգնահատելի ընկեր: Երբեմն ասում են, թե անփոխարինելի մարդիկ չկան: Բայց ես պիտի ասեմ, որ Այդինն անփոխարինելի է:

Ես հիմա այնքան մեկուսացած եմ զգում, որովհետև բացակա է իմ սիրելի Արաքս Դավթյանը, որի հետ ես շատ երջանիկ պահեր եմ ապրել: Երբեք չեմ մոռանա Պավել Լիսիցյանի ծննդյան 95-ամյակը, երբ ելույթ էին ունենում Մեծ թատրոնի ամենահայտնի երգիչ-երգչուհիները, և ամենատպավորիչը Արաքս Դավթյանի կատարումն էր: Բայց եկեք չմոռանանք, թե ինչ խղճուկ աշխատավարձ էին տալիս Արաքսին կոնսերտավորիայում և որքան գիտեմ` Արաքսի ձայնագրությունները չեն պահպանվել:

Իհարկե, ավազակապետական ռեժիմը չէր կարող ավերածություններից ու ձախողումներից զերծ պահել նաև մշակույթի ոլորտը: Բնականաբար, առաջին ամենախայտառակ հարվածը հասնելու էր ամենաժողովրդական, անկաշառ ու խիզախ Օհան Դուրյանին, ում հետ կնքված Օպերայի ցմահ երաժշտական ղեկավարի պայմանագիրը լուծարվեց. «տարիքի հետ կապված հիշողության կորստի» խայտառակ հիմնավորմամբ «սերնդափոխություն» կատարեցին: Դուրյանն առաջինն էր, որ վերադարձրեց «Մեսրոպ Մաշտոց» և «Մովսես Խորենացի» կառավարական բարձր պարգևները: Նա խստագույնս նախատում էր այն անվանիներին, ովքեր ինչպես ինքն էր ասում` «թաքնված էին ժողովրդի թիկունքում և թմրած նապաստակներ էին»: Դուրյանը, ի տարբերություն տարբեր ցուցակներում ընդգրկված մյուս անվանիների, որոնք արժանանում էին ռեժիմի կողմից բաժանվող ամսավճարների, պայքարում էր քաղբանտարկյալների ազատ արձակման համար, անգամ այցելեց կալանավայր, Հյուսիսային պողոտա և այլն: Մինչև կյանքի վերջին շունչը մաեստրոն պայքարում էր իր ժողովրդի ազատության համար: Որքան Դուրյանը քննադատում էր ռեժիմին, այնքան ավելի ու ավելի փախչում էին նրանից, անգամ չլուսաբանեցին մաեստրոյի մոսկովյան փառահեղ համերգաշրջանը. ոչ մի խոսք, ոչ մի լուր, ոչ մի անդրադարձ: Երկար տարիներ մաեստրոյի մոսկովյան ֆիլմը պահվեց Հանրայինի դարակներում և չցուցադրվեց: Ինձ համար երջանկություն է եղել անգամ ամենածանր  պահերին կանգնած մնալ մաեստրո Դուրյանի կողքին, իսկ մոսկովյան շռնդալից համերգների հաջողության ամեն րոպեին ես անձնական երջանկություն եմ ապրել:

Մասնագիտական երջանկություն.

Պահեր են լինում, որ ոչ միայն երջանիկ ես, այլև` հպարտ, երբ անգամ դրսի լավագույն կլինիկաներում անզոր են գտնվել օգնելու մարդուն, իսկ քո ջանքերն արդյունք են տվել: Այս զգացողությունը փառքի հետ կապ չունի, այն մարդկանց անգնահատելի երջանկություն պարգևած լինելու գիտակցումն է:

Հանրային երջանկություն.

Միշտ երջանիկ եմ եղել, երբ համաժողովրդական պայքարը բուռն ալիք է ունեցել, երբ տեսել եմ պայքարող, համախմբված հասարակություն, իր նպատակին հավատացող քաղաքացիներ:

Կարողացա իրականություն դարձնել մաեստրոյի ևս մեկ փափագը` ունենալ տուն-թանգարան: Միշտ խուսափել եմ պաշտոնական միջոցառումներից` համարելով, որ կարևորը բովանդակությունն է: Պարզապես ցանկանում եմ, որ այս անկյունը ծառայի ազատ մտքի մարդկանց լիցքավորելուն, որովհետև այս օջախում հրաշալի մարդիկ են հյուրընկալվել, այստեղ բարձր զրույցներ և կարևոր բանավեճեր են եղել: Սա թանգարան չէ, սա Օհան Դուրյանի տունն է, որտեղ կարելի է մաքրվել, ուժ ու եռանդ ստանալ: Եվ ես երջանիկ եմ, որ կարողացանք Ալիս Դուրյանի հետ միասին այս օջախը վերածել մաեստրոյի մասին իրական հիշողության:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Ամեն մարդ կարող է երջանիկ ապրել իր երկրում, թեկուզ` անախորժություններով, դժբախտություններով, բայց ընդհանուր առմամբ` երջանիկ: Ուրիշ երկրում գուցե ապրես ապահով և բարեկեցիկ մի կյանք, բայց` ոչ երջանիկ: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում:

Մենք երբեմն շատ մեծ պահանջներ ենք դնում իշխանությունների առաջ և վատ չենք անում: Պիտի նշեմ մի կարևոր հանգամանք` ավելի շատ պահանջներ դնում են այն քաղաքական ուժի առջև, որից ակնկալիքները շատ են: Վերջապես մենք ունենք բարձր լեգիտիմությամբ, հասարակության կողմից ընդունված իշխանություն: Եվ հիմա մենք պիտի կարողանանք այս լեգիտիմությունից և օրինակարգությունից թռիչքներ ապահովել:

Նախկին ռեժիմին սպասարկող մամուլն այնպես է խոսում գործող իշխանությունների բարձր լեգիտիմությունից, ասես դա մեծ թերություն է: Ի դեպ, վարչապետն իր ելույթներից մեկում նշել էր, թե լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին ռեժիմի սպասարկուն է: Որքան ուզեցի հիշել, թե որոնք են 10 տոկոս կազմող ազատ լրատվամջոցները, չկարողացա: Ես կասեի, որ մեդիայի 99 տոկոսն է սպասարկում նախկին ռեժիմին: Այսպիսի իրավիճակ ոչ մի երկրում չի եղել: Սա կարելի էր համարել մեծ առավելություն, եթե մեդիան իրավամբ գործեր ազատ, այլ ոչ թե իրագործեր նախկին ռեժիմի սադրող քարոզչությունը: Հիշեք, թե «միակ տղամարդն» ինչ հետևողականությամբ փակեց «Ա1 պլյուսը». այդ ի՞նչ տեսակ վախ էր զգում ազատ լրատվամիջոցից: Բա տղամարդկությունի՞ց էին խոսում: Հիմա էլ դրա ճիշտ հակառակն է` բոլոր ուղղություններով համակարգված, դիվերսիոն լրատվական հարձակումներ ենք տեսնում` «Տեսեք, ոչինչ չի փոխվել, վիճակն ավելի է վատացել» ենթատեքստով: Այդ խեղաթյուրված մեդիարշավը հասարակությանը չարացնում է և գրգռում: Արդյո՞ք սա վտանգավոր իրավիճակ չէ: Եվ ըստ այդ լրատվամիջոցների` մեղավորը ոչ թե սահմանադրական կարգը խախտողն է, ոչ թե հանցավոր հրաման կատարողներն են, զորքերը սահմանից մայրաքաղաք տեղափոխողներն ու խաղաղ ցուցարարներին գնդակոծողները, խայտառակ դատաիրավական գործընթացներ իրականացնողները, այլ` զոհվածներն են ու նրանց հարազատները, ընտրակեղծիքները չհանդուրժած հասարակությունը: Անգամ հեղափոխությունից հետո մենք ոչ մի ափսոսանք, ոչ մի ցավ, ոչ մի զղջում չլսեցինք հայտնի հանցագործներից: Եվ դեռ մի բան էլ մեղադրում են իշխանություններին, թե ինչու՞ են խորանում Մարտի 1-ի գործի մեջ, բոլոր կողմերին մեղավոր հռչակելով լղոզում փաստերը` առաջարկելով թեման շրջանցել ու զբաղվել երկրի տնտեսության զարգացմամբ: Ես պիտի ասեմ, որ սա ամենավտանգավոր մոտեցումն է: Եվ ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ` մինչև արդարություն չհաստատվի, տնտեսություն և երկիր զարգացնել հնարավոր չէ:

Թեև ուշացումով, բայց դատաիրավական ոլորտում էլ սկսվել են հեղափոխական գործընթացները: Իշխանությունն ավելի շուտ պիտի համոզվեր, որ նախկին ռեժիմի ամենաայլասերված ոլորտը` դատաիրավական համակարգը, ինքնուրույն վերափոխվելու ո'չ կարողություն և ո'չ էլ ցանկություն չունի: Ուստի, հեղափոխության ձեռքբերումները կործանումից կանխելու առաջնահերթ պայմանը դատաիրավական ոլորտի հիմնովին բարելավումն է: Ամենաամուր պետությունն անգամ այսպիսի դատաիրավական համակարգի պատճառով կարող է փլուզվել:

Ըստ իս, ամենակարևորն ու ամենաընդգրկունը մտքի, գաղափարի, մտածելակերպի, միջավայրի, անձի, մի խոսքով` մշակութային հեղափոխությունն է, որը կանգառում է, շատ դժվար է տեղից շարժվում: Սա ամենադժվար ու երկարաձիգ ուղին է: Եվ այստեղ է, որ կառավարությունն ունի մտավոր դասի աջակցության կարիքը: Ե՞րբ մեր ձայնն ավելի ուժգին ու լսելի կլինի. այն դեպքում, երբ մեր քննադատությունը կլինի դիպուկ, տեղին, անկեղծ ու սրտացավ: Միշտ ունեցել եմ այս մոտեցումը, որ ցանկացած իշխանություն պետք է զսպվի և զգաստանա մտավոր դասի կողմից: Ոչ մի դեպքում չարժե թեկուզ ամենաբարձր լեգիտիմությամբ օժտված իշխանությանը քծնել որևէ բան պոկելու, թռցնելու, ստանալու ակնկալիքով` լինի շքանշան, պարգև, կոչում կամ պաշտոն: Կոչումներ և պարգևներ շնորհելու երևույթը պետք է վերացնել: Թող կոչումները պահպանվեն միայն զինվորականների համար: Մնացյալ բոլոր դեպքերում այդ երևույթը պետք է արմատախիլ արվի: Ընդհանրապես, ցանկացած իշխանություն քննադատելի է: Իշխանությունը չէ, որ պետք է իմ` բժկիս, արվեստագետի, մտավորականի գնահատականը տա: Ե'ս  պիտի գնահատեմ իշխանությանը, այլ ոչ իշխանությունն` ինձ:

Եվս մեկ անգամ թախանձագին դիմում եմ իշխանությանը` խորշեք քծնանքից, կեղծավորությունից: Թույլ մի տվեք, որ մտնեն: Դուրս շպրտեք «մոմիկներին», որոնք մի տեղից դուրս չեկած` մյուս տեղն են մտնում: Սովոր են: Անիմաստ է նրանց դիմել, այդ պատճառով իշխանությանն եմ դիմում: Հեղափոխությունից հետո նրանց դիրքորոշումից կարելի է եզրակացնել, իբր նրանք 20 տարի շարունակ ծպտված պայքարել են հանրապետական ռեժիմի դեմ: Նախկիններին մեզնից կրծքով պաշտպանած ու նրանցից ամեն ինչ կորզած` կոչում, մեդալ, գիտական աստիճան, անհավատալի արտոնություններ և այլն, այսօր կարող են նաև թունդ հեղափոխականի դիրքերից հանդես գալ: Այս խավի ու այս երևույթների դեմ եմ մշտապես պայքարել: Այս միջավայրի դեմ է իմ պայքարն ու իմ խոսքը, թեկուզ ինձ համարեք «քաղաքական կամ մշակութային ռասիստ»: Այո, «ռասիստ» եմ: Հին միջավայրի պահպանումն ու շարունակումը համարում եմ անթույլատրելի: Չէի ցանկանա, որպեսզի այն «անվանիներն» ու «պատվավորները», ովքեր երբեք չմեղադրեցին մարդասպան ռեժիմին, հակառակը` հերթ կանգնած մեղադրում էին քաղբանտրակյալներին, պայքարող հասարակությանը, անգամ` զոհերին, ահա, այս հնացած ու մաշված, բազմակի օգտագործված դեմքերը դարձյալ հեռուստաեթերից նույն հաճախականությամբ իրենց «իմաստուն խորհուրդներով» հանդես գային: Այս առումով հույսերս մեծացել էին Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի նշանակմամբ: Մինչդեռ Տ. Պասկևիչյանի անհարմարավետությունը Հանրայինում և նրա հրաժարականը խոսում են հին միջավայրի պահպանման մասին: Նոր ու թավշյա միջավայրում,  թերևս, պիտի որ առաջին հերթին Պասկևիչյանն ազատ զգար ու անկաշկանդ գործեր, բայց եղավ հակառակը:    

Հեղափոխության կայացման ու անշրջելիության ցուցիչը համապատասխան միջավայրի ձևավորումն է: Կարողանու՞մ ենք խուսափել կեղծ արժեքներից, գնահատականներից, քանի՞սը նախկին պաշտոնյաներից` նախարարներ, քաղաքապետեր, մարզպետներ, դատավորներ ու դատախազներ, ինքնակամ հրաժարվեցին գիտական աստիճաններից ու կոչումներից: Քանի՞սը խոստովանեցին, որ կեղծել ու պղծել են նաև գիտությունը, որ արժանի չեն այդ կոչումներին և գիտական աստիճաններին: Եղա՞ն հրաժարվողներ: Իհարկե, ոչ: Միևնույն է, հասարակությունը հասունանալու է այն աստիճանի, որ մասնագետին և նրա որակը գնահատելու է ոչ թե կոչումներով ու գիտական աստիճանով, այլ ստեղծած արժեքով և իրական արդյունքով: Այսօրվա Հայաստանում շատ դեպքերում պարզապես պետք է խուսափել բարձր տիտղոսներից` փուչ ու դատարկ: Գնահատականներ ենք շռայլում` համաշխարհային, աշխարհահռչակ, հանճարեղ: Ով ասես մաեստրո է: Կարդում եմ` «Մաեստրո Սերգեյ Սմբատյան»: Միշտ պետք է պահպանել չափի զգացողությունը: Ճիշտ գնահատել սեփական կարողությունները: Դուք այս ընթացքում ականատես եղա՞ք որևէ դեպքի, երբ առաջարկված պաշտոնից հրաժարվեին` համարելով իրենց ոչ համապատասխան կամ տվյալ պաշտոնի համար ոչ կոմպետենտ: Չեղան այդպիսի դեպքեր:

Մի անգամ վարչապետը պատմեց, թե ինչպես է մարդն իր աչքի առաջ «քանդուքարափ» եղել: Ի՞նչ հեղափոխական, եթե գործդ թերի ես կատարում, պրոֆեսիոնալ չես ու «քանդուքարափ» ես լինում: Այդ մարդն, ուրեմն, ամենամեծ հակահեղափոխականն է:

Այն, ինչ ներվում էր ոչ լեգիտիմ իշխանությանը, չի ներվելու համաժողովրդական վստահության արժանացած իշխանությանը: Եվ ոչ միայն իմ, այլև ողջ հասարակության սպասելիքներն ու ակնկալիքները մեծ են այսօրվա իշխանություններից: Ու լավ է, որ այդպես է: Ուստի, մի մաշեցրեք Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու հեղինակությունը, որն այնքան անհրաժեշտ է կենսական ու կարևոր հարցերի լուծման համար:

Կուզեի ավելի հետևողականություն տեսնել, շատ գործընթացներ ավելի տեմպով ընթանային: Կադրային այս սուղ պայմաններում չխրտնեին տարիքից ու փորձից և հակառակը` խորշեին անբարոյականներից ու քծնողներից: Վարչապետի շրջապատում կուզեի տեսնել սեփական տեսակետ ունեցող, առաջարկը պնդող, հակադրվելու ունակ գործիչների:

Բայց շատ չե՞ն իմ պահանջներն ու քննադատությունը: Մի՞թե այսքան շոտ մոռացանք, թե ուր էինք մենք մեկուկես տարի առաջ: Մենք այնպիսի փոփոխությունների ականատեսն ու մասնակիցը դարձանք, ինչի մասին տարիներ շարունակ երազում էինք, պայքարում և հուսահատ շարունակում մեր ոչ հաղթական պայքարը: Հիմա մենք ավելի ազատ ենք շնչում, ավելի անկաշկանդ ենք գործում, սեփական երկրում օտարված լինելուց հետո նորից տիրոջ կարգավիճակում ենք: Քսան տարի անց նորից վերականգնված է սահմանադրական կարգը: Ազատ ու արդար ընտրություններ ենք անցկացնում: Կպատկերացնեի՞նք:  

Մեր բոլոր հաղթանակներն ու ձեռքբերումները եղել են բարձր լեգիտիմությամբ օժտված իշխանությունների ժամանակ: Լեգիտիմությունն ու ժողովրդավարության մեծ պաշարը, միջազգային բարձր հեղինակությունն ու վարկանիշը ավելի համարձակ և անկաշկանդ գործելու հնարավորություն են տալիս, որպեսզի քննարկվեն մինչ այժմ անլուծելի համարվող ու ձախողված հարցեր: Համենայն դեպս, հնարավորինս հայանպաստ լուծումների կարելի է հասնել միայն այս պայմաններում: Եվ ես համոզված եմ, որ մեծ հաղթանակներ ու ձեռքբերումներ կլինեն: Միայն կուզեի իշխանական գործելաոճում տեսնել ավելի մեծ հետևողականություն և տեմպ:       

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
16146 դիտում

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է