Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը ակնկալում ենք, որ կլինի 55,4 տոկոս. Վարդան Արամյան
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Ներկայացված օրենսդրական փաթեթի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ մեր ունեցած հարկաբյուջետային կանոնները բավական կոշտ են և տնտեսական զարգացման տեսլականից չեն բխում, և դեռ ավելին՝ արհեստածին խոչընդոտներ են ստեղծում, որ հարկաբյուջետային քաղաքականությունը լինի ճկուն»,- ելույթում հայտարարեց հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Արամյանի խոսքով՝ այսօրվա գործող հարկաբյուջետային քաղաքականության կանոններից մեկն այն է, որ եթե կառավարության 50 տոկոս պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ գերազանցում է 50 տոկոսը, ապա պետք է ծրագրավորես և իրականացնես այնպիսի քաղաքականություն, որ քո դեֆիցիտը նախորդ երեք տարվա պարտք-ՀՆԱ-ի նկատմամբ միջինը 3 տոկոսը չգերազանցի:
«Եթե 60 տոկոս է, ապա նոր պարտք չես կարող վերցնել և կամ բոլոր պարտքերը դառնում են առ ոչինչ: Սրանք բավական կոշտ մեխանիզմներ են, և կյանքը ցույց է տալիս, որ երկրները մեկը մյուսի հետևից փոխանակ կանոն դնեն դեֆիցիտի վրա, կանոն են դնում ծախսային քաղաքականության վրա»,-նշեց ֆինանսների նախարարը։
Անդրադառնալով փոփոխության գաղափարին՝ նա ներկայացրեց, որ նախ շեմերին որևիցե ձևով ձեռք չեն տալու՝ 50-60 տոկոս կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշների շեմերը պահպանվում են, ավելացվում է ևս մեկ շեմ՝ 40 տոկոս. «Կանոնը հետևյալն է, որ եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գերազանցում է պարտք-ՀՆԱ ցուցանիշը, պետք է այնպիսի քաղաքականություն անես, որ քո կապիտալ ծախսերն ավելին լինել, քան քո պակասուրդն է: Այլ կերպ ասած՝ պարտք ես վերցնում, անպայման, կապիտալ ծախսեր արա, որ տնտեսությունդ աճի։ Եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համար վերցրած 50 տոկոսը գերազանցում է, հետևաբար այս նոր կանոնը ավելի է կոշտացվում, և նոր կանոն պետք է սահմանվի ընթացիկ ծախսերի աճի համար»։
Արամյանը մանրամասնեց, որ եթե գերազանցվում է 60 տոկոսը, ապա կառավարությունը պետք է ավելի կոշտացնի կանոնները։
«Կա նաև մեկ կանոն, բացառման դեպքեր՝ տարերային եղանակ, պատերազմական վիճակ և ճգնաժամ, այդ դեպքերը կսահմանվեն կառավարության որոշումով»,- եզրափակեց Վարդան Արամյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարարին խնդրեց ներկայացնել, թե 2018 թվականի ընթացքում պետական պարտքն անցնելու՞ է 60 տոկոսը, թե՞ ոչ։
«Մենք բյուջեն ներկայացնելիս ասացինք, որ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը այս տարվա վերջ ակնկալում ենք, որ կլինի 55,4 տոկոս, և 1 տոկոսային կետով ծրագրում են 2018-ի ընթացքում նվազեցում»,- պատասխանեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- «Կամ հատուկ մազոխիզմով եք տառապում, կամ չգիտեք՝ ո՞ր խաղի կանոնն է արդար». Նաիրա Զոհրաբյան
- «Սա ի՞նչ խաղի կանոններ են». Մելքումյանը՝ ֆիննախին
- Դաստաներով այս օրենքները գալիս վերջին օրերին մտնում են խորհրդարան. Մարուքյան
- ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ