Համաճարակի պատճառով 20 կալանավորի խափանման միջոց կարող է վերանայվել

Համաճարակի պատճառով 20 կալանավորի խափանման միջոց կարող է վերանայվել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` Գլխավոր դատախազությունը կմիջնորդի ռիսկային խմբում գտնվող կալանավորների խափանման միջոցը փոխելու հարցում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրգործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք:

Խոսքը 20 անձի մասին է՝ նմանատիպ միջնորդություններ կներկայացվեն առաջնահերթորեն ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող 11 անձի, ինչպես նաև այլ ՔԿՀ-ներում պահվող 9 անձի վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են՝ մեղադրող դատախազները դրանցով հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով դատարաններին դիմելու և այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ազատության մեջ հայտնվող անձանց տվյալները կփոխանցվեն նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներ՝ ինչպես վերջիններիս կողմից պատշաճ վարքագծի, այնպես էլ պարետի կողմից սահմանված ինքնամեկուսանալու պարտադիր պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Ապաքինվել է 43 անձ։ Մահվան ելքով դեպքերը 7-ն են։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---