Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ և երրորդ երկրների կողմից ԱՀ միջազգային ճանաչումը՝  որպես առաջին հրատապության հարց

ՀՀ և երրորդ երկրների կողմից ԱՀ միջազգային ճանաչումը՝  որպես առաջին 
հրատապության հարց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը գերխնդրի է վերածվել, ուստի, դիմում ենք միջազգային հանրությանը ակտիվ քաղաքական խոսույթ և գործելակերպ դրսևորելու  Արցախի Հանրապետության  միջազգային ճանաչման ուղղությամբ: Ադրբեջանի կողմից սանձազերծված, պարտադրված պատերազմի պայմաններում ԱՀ  չճանաչվածությունը  ցույց տվեց, որ ԱՀ-ն չի կարող օգտվել  անվտանգության այն արտաքին երաշխիքներից, որոնցից օգտվում է համաշխարհային ընտանիքը: Չնայած այս հանգամանքին՝  ԱՀ-ն այսօր  առանց արտաքին ուժերի օգնության, սեփական զինված ուժերով կազմակերպում է սեփական ժողովրդի անվտանգությունը, ինչը, թերևս, ամենագլխավոր պայմանն է պետության բնութագրական հատկանիշներում:

Տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես զսպման մեխանիզմ համակարգել է արտաքին քաղաքական, ներքաղաքական, ռազմաքաղաքական գործառույթներ: Պայմանավորված ռազմաքաղաքական իրողություններով՝ ՀՀ և ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունն է միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, ինչն իրականացվում է աշխարհաքաղաքական իրողությունների և դիրքափոխությունների գնահատմամբ:

1991 թվականին Արցախի Հանրապետության անկախության հռչակմանը հաջորդած տասնամյակների ընթացքում գերակա է եղել  այն սկզբունքը, որ որևէ պետության իրավաբանական գոյությունը կախված է ոչ թե այլ պետությունների կողմից նրա գոյության ճանաչումից, այլ միջազգային իրավունքով սահմանված պետությունը բնութագրող հատկանիշների ամրագրումից: Այսօր, առավել քան երբևէ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չէ, խնդրում գերակա է մի ամբողջ ժողովրդի անվտանգության ապահովման բաղադրիչը՝ ճանաչման դեպքում դրա  ամրագրումը միջազգային մակարդակի երաշխիքներով:

Տասնամյակներ շարունակ ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի հետաձգումը քաղաքական-դիվանագիտական զսպման մեխանիզմ էր, և ենթադրվում էր, որ դա  կարող է իրականացվել Արցախի Հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում: Այսօր, առավել քան երբևէ, այդ պահը հասունացել է:

Մենք կարևորում ենք Արցախի Հանրապետության  ճանաչումը ոչ միայն ՀՀ, այլ նաև պետությունների համաշխարհային ընտանիքի կողմից, որովհետև պատմական, քաղաքական և իրավական  բոլոր հիմքերը ԱՀ օգտին են:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացն ապահովելու ճանապարհին  կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտության լծակների  վերաթարմացումը, օրենսդրական լծակներ կիրառելու բոլոր գործնական հնարավորությունները:

Կարևորում ենք նաև միջազգային մամուլի արձագանքների վերաթարմացումը, հաշվի առնելով ԱՀ  ճանաչման օգտին նախկինում միջազգային մամուլում ձևավորված դրական վերաբերմունքը  և համակրանքի դրսևորումները:

Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը վտանգել է տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը, հետևաբար Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարևորվում է նաև այն  վերականգնելու համատեքստում:

Ի թիվս արտաքին մարտահրավերների՝ ԱՀ ճանաչումը պետք դիտարկվի նաև Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական տանդեմի և փաստացի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում  Արցախի Հանրապետության ստանձնած դերակատարությամբ  և կոնկրետ գործողություններով, որոնք հերթական անգամ փաստում են, որ որ ԱՀ-ն կայացած ժողովրդավարական, իրավական պետություն է և հասունացել է նրա՝ որպես միջազգային իրավունքի առաջնային սուբյեկտ լինելու փաստի արձանագրումը պետությունների համաշխարհային ընտանիքի կողմից:

 

Նելլի Բաղդասարյան, Արցախի Հանրապետության նախագահի

միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am