Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«ՇոփԻնԱմերիկա» հարթակի շնորհիվ ԱՄՆ-ից ՀՀ ապրանքների առաքումը կիրականացվի առանց մաքսային զննության

«ՇոփԻնԱմերիկա» հարթակի շնորհիվ ԱՄՆ-ից ՀՀ ապրանքների առաքումը կիրականացվի 
առանց մաքսային զննության

ԵՐԵՎԱՆ. 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ֆինանսների նախարարությունը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն հայտարարել են «ՀայՓոստ»-ի նոր ծառայության՝ «ՇոփԻնԱմերիկա» հարթակի մեկնարկի մասին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՓոստ»-ի լրատվական ծառայությունից: 

ՀՀ Ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև համագործակցության արդյունքում տեղի են ունեցել ապրանքների ներմուծմանն առնչվող մաքսային օրենսդրության փոփոխություններ, որոնց շնորհիվ Հայաստանի բնակիչները կազատվեն ապրանքների ներմուծման հետ կապված հարկերից:

ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցության և նշված փոփոխությունների արդյունքում «ՀայՓոստ»-ը հնարավորություն է ունեցել պարզեցնելու ԱՄՆ-ից կատարվող գնումների ընթացակարգը: Այսուհետ Հայաստանի բնակիչները կարող են կատարել ներմուծվող ապրանքների մաքսազերծումը և վճարել մաքսատուրքը «ՀայՓոստ»-ի հայաստանյան բաժանմունքներում: «ՀայՓոստ»-ի անձնակազմը մաքսազերծման վերաբերյալ վերապատրաստման արագացված դասընթացներ է անցել՝ գործընթացներն արդյունավետորեն կառավարելու նպատակով:

Մաքսազերծման գործընթացը կնպաստի ապրանքների ներմուծման գործընթացի թափանցիկությանը և պետական եկամուտների ավելացմանը: ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև ավելի քան մեկ տարի առաջ մեկնարկած համագործակցության շնորհիվ «ՀայՓոստ»-ը կարողացել է մշակել և գործարկել նոր ծառայություն, որը նպատակ ունի պարզեցնելու ԱՄՆ-ից կատարվող առցանց գնումների ընթացքը և առաքումը հայաստանաբնակ հաճախորդների համար: Shopinamerica.am հարթակի միջոցով Հայաստանի գնորդները կարող են գրանցվել և ձեռք բերել ամերիկյան փոստային հասցե  Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում գտնվող «ՀայՓոստ»-ի նորաբաց բաժանմունքում՝ այդպիսով հնարավորություն ստանալով օգտվելու ամերիկյան ապրանքների շուկայի հասանելիությունից:  

«ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունք առաքումից հետո գնված ապրանքներն անմիջապես ուղարկվում են Հայաստան՝ գնորդին առավել մոտ գտնվող «ՀայՓոստ»-ի բաժանմունք: Այս նորարարական հարթակը նպատակ ունի պարզեցնելու, ավելի արագ և մատչելի դարձնելու ԱՄՆ-ից Հայաստան կատարվող առցանց գնումների առաքման գործընթացը և «ՀայՓոստ»-ի ընդլայնված ցանցի շնորհիվ այդ ծառայությունը հասանելի դարձնելու անգամ ՀՀ ամենահեռավոր գյուղերի բնակիչների համար:

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի Կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նշել է. «Մենք ուրախ ենք և հպարտ, որ մեկնարկում ենք «ՇոփԻնԱմերիկա» հարթակը և լիահույս ենք, որ Հայաստանի համար աննախադեպ այս ծառայությունը մեծ հաջողություն կունենա՝ շուկայական նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի սպառողների ու ձեռնարկատերերի համար և  արագ ու վստահելի ելք բացելով դեպի նոր հնարավորությունների աշխարհ: Գլենդելում գտնվող «ՀայՓոստ»-ի մեր նոր բաժանմունքը հնարավորություն է ընձեռում ապրանքների լայն տեսականի առաքելու ԱՄՆ-ից Հայաստան արագ և ապահով կերպով՝ առանց մաքսակետով անցնելու անհրաժեշտության: Ամսական մինչև 200,000 ՀՀ դրամ արժողությամբ և 30 կգ քաշով գնումներ կատարելու դեպքում գնորդները կարող են օգտվել ապրանքների՝ հարկերից ազատված ներմուծման հնարավորությունից: Այս յուրահատուկ հարթակը կնպաստի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կատարվող առևտրի ծավալների մեծացմանը: Մեր նպատակն է բարելավել և ընդլայնել մեր ծառայությունները մեր հաճախորդների կարիքները բավարարելու, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի միջև նոր կամուրջ ստեղծելու նպատակով: Այսուհետ դուք կարող եք գնումներ կատարել այնպես, ասես ապրում եք ԱՄՆ-ում»:

Shopinamerica.am հարթակը կմեկնարկի ս.թ. oգոստոսի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am