Սեղանի թենիսի ՀՀ վարչապետի գավաթի մրցաշարը կանցկացվի նաև Արցախում. Հաղթողը 1 մլն դրամ կստանա

Սեղանի թենիսի ՀՀ վարչապետի գավաթի մրցաշարը կանցկացվի նաև Արցախում. Հաղթողը 1 մլն դրամ կստանա

PanARMENIAN.Net - Մեկնարկել է սեղանի թենիսի ՀՀ վարչապետի գավաթի սիրողական մրցաշարը: Այն անցկացվելու է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ: Հաղթողը 1 մլն դրամ կստանա։

Մրցաշարի առաջին փուլն անցկացվելու է մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում, Երևանում և Արցախում:

Երկրորդ՝ եզրափակիչ փուլի մրցաշարն անցկացվելու է մարտի 12-13-ը Չարենցավան քաղաքում, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները՝ սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, ովքեր չունեն առողջական խնդիրներ:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, որոնք վերջին 5 տարվա ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, ինչպես նաև բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերի մասնակիցները:

Մրցաշարը կանցկացվի տարիքային 2 խմբով և 2 փուլով.

1) 1-ին փուլի մրցումները կանցկացվեն Երևանում, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում,

2) Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում ըստ տարիքային խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք.

1-ին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1987-2004 թթ. ծնված) կանայք, 18-40 տարեկան (1982-2004 թթ. ծնված) տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 36 (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1981 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ:

Առանձին հաշվարկով մեկ տարիքային խմբով անցկացվելու են նաև մրցումներ դեսպանատների ներկայացուցիչների, օտարերկրյա քաղաքացիների և զբոսաշրջիկների համար:

ՀՀ մարզերում, Երևանում և Արցախում ըստ տարիքային խմբերի 1-3 տեղերը գրաված մասնակիցները (12 մասնակից) «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը՝ համաձայն կցված հայտի ձևի:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները` դրամական մրցանակներով, իսկ դեսպանատների ներկայացուցիչները, օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները՝ հուշանվերներով և հավաստագրերով:

1- 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն՝ 1-ին տեղ՝ 1,000,000 դրամ, 2-րդ տեղ՝ 600,000 դրամ, 3-րդ տեղ՝ 400,000 դրամ, 4-րդ տեղ՝ 150,000 դրամ, 5-րդ տեղ՝ 100,000 դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75,000 դրամ, 11-20-րդ տեղերը՝ 50,000 դրամ (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):

Մրցաշարի բոլոր մասնակիցներին կտրվեն մարզաշապիկներ և հավաստագրեր: Արդյունքները կամփոփվեն մրցումների ավարտից անմիջապես հետո:

Մասնակիցները անձը հաստատող փաստաթղթերով պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---