Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:
Այս պահին քննարկվում է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը՝ Յու. Խաչատուրովի իրավունքների խախտումը վերացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր նախկին նախագահի փաստաբանների միջնորդությունը դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի մասին: Դատախազի բացարկը հիմնավորվում էր այն հանգամանքով, որ նա նախկինում այն կարծիքի էր, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության անհրաժեշտություն չկա, իսկ հիմա պաշտպանում է մեղադրանքը: Փաստաբանների կարծիքով՝ այսպիսի արմատապես տարբերվող դիրքորոշումը վկայում է կա՛մ սուբյեկտիվ վերաբերմունքի, կա՛մ այն ժամանակ կամ հիմա պատվեր կատարելու մասին:
Դատական նիստում Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը վատացավ․դատական նիստն ընդմիջվեց։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հայտարարվեց, որ շտապօգնություն հրավիրելու անհրաժեշտություն չկա։