ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ կազմակերպությունների սեփականության իրավունքի պաշտպանության հարցով
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմում-բողոքներ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականության հարցով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ նշված օրենքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում՝ օրենքը չի նախատեսում դրանում կիրառված եզրույթների բացահայտումը Կառավարության որոշմամբ: Պարզվել է, որ ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից:
Աղբյուրը տեղեկացնում է, որ օրենսդրության համակողմանի վերլուծության արդյունքում հայտնաբերված այդ համակարգային խնդրի լուծման համար դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան: