HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուբայի փոխարեն` Ծաղկաձոր. Հայաստանում մատչելի հանգիստը միֆ չէ

Անուշ Թորոսյան

Հայաստանում մատչելի հանգստի կազմակերպումն անհնար չէ: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ զբոսաշրջիկին առաջարկվող հանգստի տարբերակները բազմազան են, գները` ևս. մեկ անձի հաշվով օրական` սկսած 5000 դրամից մինչև մի քանի տասնյակ հազար դրամ:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշում է, որ կարելի է հանգստանալ զբոսաշրջային տներում՝ հանրապետության տարբեր մարզերում, հատկապես՝ գյուղական համայնքներում, շփվել տանտերերի՝ տարբեր մասնագիտությունների, նախասիրությունների տեր անձանց հետ, հետաքրքիր և տպավորիչ ժամանակ անցկացնել, նաև` գումար խնայել: Ապրեսյանը համամիտ չէ մշտապես հնչող դժգոհություններին՝ «Եթե հարուստ ես, մի գնա Դուբայ, գնա Ծաղկաձոր», դժգոհողներին հակադարձում է՝ նույն Ծաղկաձորում հյուրանոցային լավ պայմաններում երկու անձի համար հանգստի արժեքը՝ նախաճաշով, 15 000 դրամ է:

Հանգստի հարմար տարբերակներ գտնելու համար կան առցանց ամրագրման միջազգային` booking.com expedia.com, ինչպես նաև հայաստանյան՝ hotels.am. armhotels.am. allhotels.am համակարգեր, որտեղից կարելի է հետաքրքիր տեղեկություններ ստանալ: 2012-ից գործում են սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայություններ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Զբոսաշրջության պետական կոմիտեի կայքերում հատուկ էջ կա, որտեղ հաշվառված են ավելի քան 60 զբոսաշրջային ընկերություններ, յուրաքանչյուրը Հայաստանում և Արցախում հանգստի կազմակերպման առնվազն 30 փաթեթ-առաջարկ է ներկայացնում: Դրանցից կարող են օգտվել անգամ սոցփաթեթ չունեցողները, պարզապես պետության փոխարեն իրենք են վճարելու:

Ապրեսյանը նշում է՝ սխալ է Վրաստանում հանգիստը համեմատել և առավել ևս հակադրել հայաստանյան հանգստի պայմաններին: Նրա համոզմամբ՝ Վրաստան մեկնում են ոչ թե գնի համար կամ այն պատճառով, որ Հայաստանը գների, ծառայությունների որակի առումով մրցունակ չէ, այլ՝ ըստ նպատակի, այն է՝ ծովային հանգիստ կազմակերպելու համար: «Հայաստանն այդ հնարավորությունը չունի: Մենք ունենք հրաշալի Սևան, նույն Վրաստանից էլ շատ են գալիս՝ Սևանը վայելելու, բայց դա ծովային հանգիստ չէ: Հայերը, չունենալով ծով, շատ են սիրում ծովային հանգիստ, իսկ այդ հանգիստն առաջարկող երկրների մեջ Վրաստանն ամենից նախընտրելին է՝ մոտ է, մատչելի. հեռավորության ու գնային առումով ամենից շահավետը»,- ասում է նա:

Ապրեսյանը խորհուրդ է տալիս համեմատելի մեծություններ համեմատել. Երևանը Բաթումիի կամ Քոբուլեթիի հետ չի կարելի համեմատել, այլ՝ Թբիլիսիի հետ, Ծաղկաձորը՝ Բակուրիանիի, Գուդաուրիի հետ: Նա վստահեցնում է՝ ճիշտ համեմատություն անելիս կհամոզվենք՝ Հայաստանում գներն ավելի մրցունակ են:

Հայաստանի ներքին զբոսաշրջությունը տարեցտարի աճում է: Սոցփաթեթների առկայությունն այստեղ որոշակի դեր խաղում է, սակայն այն ամբողջ ներքին զբոսաշրջության 10-15 տոկոսն է կազմում և ընդհանուր պատկերն էականորեն չի փոխում:

Զբոսաշրջային հայտնի կենտրոններից՝ Դիլիջանից, Ջերմուկից, Ծաղկաձորից, Աղվերանից բացի, Ապրեսյանն առաջարկում է հանգստի մեկնել դեպի հարավ՝ Եղեգնաձոր, Արենի, Շատին, նաև` դեպի Աշտարակ, Բյուրական, Իջևան, Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Ստեփանավան, Վանաձոր: Մեծ թիվ են կազմում նաև Արցախում հանգստի կազմակերպումը նախընտրող զբոսաշրջիկները: Ի դեպ, ապրիլյան պատերազմը որևէ կերպ չի վնասել զբոսաշրջիկների հոսքին դեպի Արցախ, ավելին՝ թվերը խոսուն են. Արցախի զբոսաշրջությունը 2017-ին 223 տոկոս աճ է գրանցել, ընդ որում` եկել են թե´ Հայաստանից, թե´ արտասահմանից:

Մեր երկրում ներքին զբոսաշրջիկները երբեմն նախընտրում են հանգիստը կազմակերպել շաբաթ-կիրակի օրերին, իսկ արձակուրդին հանգստյան վայրում են անցկացնում միջինը 7-10 օր: Մոտավոր հաշվարկներով՝ 15 000 դրամ օրավարձով սենյակում (երկու անձի համար, երեքանգամյա սնունդով) մեկ շաբաթում ծախսվում է մոտավորապես 100 000 դրամ կամ ավելի քիչ: Բնականաբար, կարող են լինել և կան ավելի բարձր գներով ծառայություններ:

Ներքին զբոսաշրջությունը Հայաստանում
Create line charts

Պետությունը մասնավոր հատվածի գնային քաղաքականությանը կարող է միջամտել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով, այն է՝ երբ կա շուկայում գերիշխող կամ մենաշնորհային դիրք: Զբոսաշրջության ոլորտում, ըստ Ապրեսյանի, նման խնդիր չկա, կոշտ մրցակցություն է, և այստեղ պետությունն անելիք չունի:

Էքստրեմալ հանգստի սիրահարներին առաջարկվող տարբերակները ևս բազմազան են. Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում քայլարշավների, լեռնամագլցման, պարապլանիզմի, արդեն նաև՝ Զիպլայնով թռչելու հնարավորություն կա, թեթև, գերթեթև ավիացիայի ծրագրեր են մշակվում:

Ներգնա զբոսաշրջության դեպքում Երևանն առաջատար է՝ իր ենթակառուցվածքներով, զարգացմամբ, հայտնիությամբ, բնական է՝ Հայաստան այցելող բոլոր զբոսաշրջիկները Երևանում լինում են: Ներկայում, սակայն, հատուկ քաղաքականություն է գործում՝ Երևանի դերը չնսեմացնելով՝ ապակենտրոնացնել զբոսաշրջությունը Երևանից դեպի հանրապետության մարզեր:

Կառավարություն է ներկայացվել նոր ռազմավարության նախագիծ՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր»: «Մեր խնդիրներից է դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը: Մենք ունենք այդ հնարավորությունը: Օգտագործելով մեր ռեսուրսները՝ զարգացնել նաև զբոսաշրջության այլ ձևերը՝ առողջապահական-բուժական, առողջարանային, գիտական, այդ թվում՝ աստղագիտությունը, նաեւ ձմեռային, խոհանոցային, կրոնական, էքստրեմալ, էկո, գյուղական, ագրոզբոսաշրջությունը. սա գյուղականի մասնավոր դեպքն է, երբ կարող են ներգրավվել նաև գյուղատնտեսական աշխատանքներին՝ բերք հավաքել, կով կթել, պանիր պատրաստել և այլն»,- ասում է նա:

Հայաստանում զբոսաշրջության ոլորտում սպասարկում-որակ հարաբերակցությունն Ապրեսյանը բավարար է գնահատում: Նա նշում է՝ այդ առումով մեր երկիրը հարևանների համեմատությամբ ավելի մրցունակ է, սակայն դեռ աշխատելու, աճելու տեղ կա. երբ գնալով մեծանում է մեր երկրի պահանջարկը առաջարկվող զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ, ավելանում են ներքին և ներգնա այցելությունների թիվը, պետք չէ մոռանալ որակը պահպանելու մասին:  

Կառավարություն է ներկայացվել նոր նախագիծ, որով նախատեսվում է լիցենզավորել զբոսավարների, ուղեկցորդների, օպերատոր-գործակալների գործունեությունը և հյուրանոցային ծառայությունները: Տարածաշրջանային հանգստի փաթեթների մշակումը շարունակում է մնալ ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում: Ըստ Ապրեսյանի՝ այս կերպ հնարավոր է լինում առավել ակտիվորեն ներգրավվել համաշխարհային զբոսաշրջային զարգացումներում, ներկայացվել միջազգային շուկայում, Հայաստանն ավելի մրցունակ է դառնում, մանավանդ՝ հեռու երկրներից այցելող զբոսաշրջիկների համար. տարածաշրջան այցելելիս նրանք նախընտրում են միանգամից մի քանի երկրում լինել, այս առումով լավ գործակցություն կա Վրաստանի, Իրանի հետ, մասնավոր հատվածը գործակցում է նաև հարևան այլ երկրների հետ:

2016-ին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը եղել է 1 մլն 260 հազար: Այս տարվա առաջին եռամսյակում ներգնա զբոսաշրջային այցելություների թիվն աճել է 18.2 տոկոսով՝ հասնելով 599 291-ի: Հայաստան այցելել են հիմնականում Իրանից, Ռուսաստանից, ինչպես նաև Չինաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: 2017-ի առաջին եռամսյակում ներքին զբոսաշրջությունն աճել է 20.1 տոկոսով:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նշաձող է սահմանել` ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 մլն-ի, որի ուղիղ կեսը սփյուռքահայեր պիտի լինեն:

Գրեթե այդքան է նախորդ տարի Հայաստանից Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը՝ 1 496 246: Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով Հայաստանը թոփ-հնգյակում երկրորդն է: Խոսքերն ու խոստումները զբոսաշրջիկին քիչ են հետաքրքրում, նրան հետաքրքրում են հնարավորություններն ու պայմանները, իսկ դրանց ապահովումը պետք է լինի թե´ պետության, թե´ մասնավոր հատվածի մշտական ուշադրության կենտրոնում:

Ի դեպ, ոլորտին պետական աջակցության ֆինանսական պատկերը վերջին տարիներին անփոփոխ է: 2017թ. պետբյուջեից ոլորտին նախատեսված է հատկացնել 100 մլն դրամ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter