1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ գրականությունը թարգմանություններում. 29 գիրք՝ 15 լեզվով

Հայ գրականությունը թարգմանություններում. 29 գիրք՝ 15 լեզվով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս մամուլում և համացանցում ակտիվ քննարկման առարկա է դարձել «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում արտերկրում հրատարակվում է հայ դասական և ժամանակակից գրականություն։ 

Գրահրատարակչության ոլորտում պետական քաղաքականության, հայ գրականության հանրահռչակման մեխանիզմների, ինչպես նաև քննարկվող դրամաշնորհային ծրագրի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Արմեն Սարգսյանի հետ։ 

-Ի՞նչ քաղաքականություն է իրականացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրահրատարակչության ոլորտում։

-Նախարարությունը ոլորտի քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս առաջնորդվում է այն համոզմամբ, որ ոլորտի յուրաքանչյուր օղակի զարգացումը հավասարապես կարևոր է՝ սկսած ստեղծագործականից, մինչև գրադարան և ընթերցող։ Այս բնագավառում նախարարության ծրագրերը միտված են գրական դաշտի բոլոր օղակների հավասարաչափ զարգացմանը, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանը և հանարհռչակմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման, ինչպես նաև գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

-Կբացե՞ք «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի փակագծերը:

-ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2017 թվականին մեկնարկած «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը միտված է հայ գրականության տարածմանը Հայաստանի սահմաններից դուրս։ Այս դրամաշնորհին կարող են դիմել արտերկրի հրատարակչությունները՝ հայ դասական և ժամանակակից գրականություն թարգմանաբար հրատարակելու համար։ Նախարարությունն աջակցում է հայտով ներկայացված նախագծերին՝ հատկացնելով գրքի թարգմանության համար անհրաժեշտ գումարը։

-Ինչպե՞ս են տեղեկանում ծրագրի մասին արտերկրի հրատարակչությունները և ինչպե՞ս են պատկերացում կազմում հայաստանյան գրական շուկայի մասին։

-Արտասահմանյան հրատարակչությունները ծրագրի մասին տեղեկանում են գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին մեր երկրի ակտիվ և պարբերական մասնակցության, ինչպես նաև հայաստանյան հրատարակչությունների և գրական գործակալների ակտիվ ջանքերի և պայմանավորվածությունների շնորհիվ։ Ծրագրի տարածմանը մեծապես նպաստում են նաև թարգմանիչները, արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատները։

Նախարարությունը մշակել է ծրագրի բրենդային և իրազեկող փաթեթ, որը գրքի միջազգային ցուցահանդեսների ժամանակ տրվում է բոլոր հրատարակչություններին և դրամաշնորհով հետաքրքրված անձանց ու կազմակերպություններին։ Իրազեկող փաթեթում ներառված անգլերեն գրքույկը պարունակում է հայ գրատպության, գրականության պատմության համառոտ ակնարկ, տեղեկություններ հայաստանյան այն հրատարակչությունների և գրական գործակալությունների մասին, որոնք ունեն իրենց հետ պայմանագրերի հիմքով համագործակցող գրողներ և լիազորված են ներկայացնելու նրանց ստեղծագործությունները արտերկրի գրական շուկաներում։ Այսինքն՝ արտասահմանյան հրատարակչությունը իր հայաստանյան գործընկերոջ հետ ընտրում է այն հեղինակին, որի գործի թարգմանության համար դիմում է դրամաշնորհի։ Կարևոր եմ համարում ընգծել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գրական գործակալի դեր չի՛ իրականացնում, որովհետև կա հեղինակի գույքային իրավունքի առանցքը։ Նախարարությունն իրավասու է առաջարկել արտերկրի հրատարակչություններին միայն ա՛յն գրողների գործերը, որոնց մահից անցել է 70 տարի՝ համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի և Բեռնի կոնվենցիայի, որը վավերացրել է նաև Հայաստանի Հանրապետությունը։

-Ինչպե՞ս դիմել այս դրամաշնորհին։

-Արտերկրի հրատարակչությունը «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով ֆինանսավորում ստանալու համար նախևառաջ ծանոթանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան հայտարարության պահանջներին, որտեղ նշված են այն բոլոր փաստաթղթերը և նյութերը, որոնք պետք է կցել հայտաձևին և էլեկտրոնային փոստով դիմում է նախարարությանը։ Այնուհետև դրամաշնորհային ծրագրի համակարգողը պատասխանում է հայտատուին, որ հայտը ստացվել է, գրանցվել և կներկայացվի նախարարության գրահրատարակչության ոլորտի նախաձեռնությունները քննող մասնագիտական խորհրդի հավանությանը։ Համակարգողը հայտատուին տեղեկացնում է նաև, որ վերջինը դրական կամ բացասական պատասխան կստանա երեք ամսվա ընթացքում, իսկ դրական պատասխանի դեպքում նախագծի իրականացումը կֆինանսավորվի դարձյալ երեք ամսվա ընթացքում։ Միանշանակ այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ հայտատուն՝ հրատարակչությունը, համաձայնի գումարի այն չափին, որն իրեն կառաջարկի նախարարությունը։ Թերևս, մինչև այժմ նման խնդիր չի առաջացել։ 

-Ի՞նչ է մասնագիտական խորհուրդը, և ովքե՞ր են ներառված հանձնաժողովում։

-Մասնագիտական խորհուրդը նախարարության գրահրատարակչության ոլորտի նախաձեռնությունները քննող և հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի նոր կազմը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2020 թվականի հունվարի 31-ի N 62-Ա հրամանով։ Խորհուրդի կազմն ամեն տարի փոխվում է առնվազն մեկ երրորդով։ Այս տարվա խորհրդի աշխատանքներում ընգրկվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, գրականագետներ Ալվարդ Սեմիրջյանը, Քրիստինե Հովհաննիսյանը, Սիրանուշ Դվոյանը, Գևորգ Տեր-Գաբրիելյանը, արձակագիրներ Արտավազդ Եղիազարյանը, Լուսինե Խառատյանը, արձակագիր և հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը, թարգմանիչ, բանասեր Ալվարդ Ջիվանյանը, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը։

-Ի՞նչ ճանապարհ է անցնում մասնագիտական խորհրդի հավանությանն արժանացած հայտը։

-Մասնագիտական խորհրդի հավանությունից հետո կազմվում է նիստի արձանագրություն-որոշում, որը հաստատվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով։ Այդ հրամանն առաքվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսաբյուջետային վարչություն, որտեղ էլ Հայաստանի ազգային գրադարան ՊՈԱԿ-ի հետ կնքվում է պայմանագիր, իսկ վերջինն էլ իր հերթին մեկից երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքում արտասահմանյան հրատարակչության հետ։ Սովորաբար թարգմանության և հրատարակման համար հատկացվում է մեկական տարի։ Հրատարակչությունն իր հետ կնքված պայմանագրով պարտավորվում է ապահովել որակյալ թարգմանություն և հրատարակում՝ արդյունքում գրքի տպաքանակից 20 օրինակ ուղարկելով Հայաստանի ազգային գրադարանին՝ հայաստանյան կողմի նկատմամբ ավարտելով պայմանագրային պարտավորությունները։

-Ի՞նչ փաստեր և արդյունքներ կան «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ, ովքե՞ր են հրատարակվել արտերկրում։

-«Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով մինչև այսօր աջակցություն է ստացել 29 գրքի հրատարակման հայտ՝ 15 լեզվով։ Հատկացվել է 43 674 824 ՀՀ դրամ։ Մեկ գրքին տրված դրամաշնորհի միջին չափը 1 506 028 ՀՀ դրամ է։

Այս ծրագրով 2017 թվականին աջակցություն է ստացել 6գիրք, 2018-ին՝ 7, 2019-ին՝ 16։ Ծրագրի ֆինանսավորումը, պայմանավորված արտակարգ հանգամանքներով, 2020 թվականին դադարեցվել է, բայց կշարունակվի 2021 թվականին, և ֆինանսավորում կստանան նաև 2020 թվականին ներկայացված նախագծերը։

«Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով են լույս տեսել դասականներից Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը՝ լատվիերեն, հոլանդերեն, գերմաներեն, լիտվերեն, Կոմիտասի  «Նամակներ»-ը՝ անգլերեն, Րաֆֆու «Խենթը»՝ շվեդերեն, ալբաներեն, ժամանակակիցներից Արամ Պաչյանի գրքերը՝ անգլերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, Գուրգեն Խանջյանի գործերը՝ ալբաներեն, մակեդոներեն, Ալեքսանդր Թոփչյանինը՝ սերբերեն, լատվիերեն, Կարինե Խոդիկյանի, Գրիգի, Սուսաննա Հարությունյանի գրքերը՝ անգլերեն, Հրաչյա Սարիբեկյանինը՝ մակեդոներեն, Վարդան Գրիգորյանինը՝ ուկրաիներեն, Հրանտ Ալեքսանյանինը՝ խորվաթերեն և այլն։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]