Ախալքալաքում բողոքողները պահանջել են ազատել ձերբակալված 3 երիտասարդին

Ախալքալաքում բողոքողները պահանջել են ազատել ձերբակալված 3 երիտասարդին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչները, որտեղ միջադեպ էր եղել եկվող ադրբեջանցիների հետ, բողոքի ակցիա են իրականացրել Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց։

Նրանք պահանջել են ազատ արձակել Թորիա գյուղի արոտավայրերում ծեծկռտուքի գործով ձերբակալված 3 երիտասարդին, որոնց նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը, գրում է Jnews-ը։

«Մեր պահանջն է, որ ազատ արձակեն երիտասարդներին, որովհետև իրենք անչափահաս երեխայի են պաշտպանել: Խոտհունձի ժամանակ խնդիր է առաջացել, թուրքերը հարձակվել են մեր վրա:Թուրքերն անչափահաս երեխային ծեծել են»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Թորիա գյուղի բնակիչները նշել են, որ օգոստոսի 23-ի ծեծկռտուքի մասնակիցներն ազատ շրջում են Նինոծմինդայում:

«Մեր պապական 100 տարվա հողերը գնացել ենք քաղելու, թուրքն ասում է՝ չպիտի քաղես: Ոստիկանությունը մեզ համոզելով բերեց, հասցրեց այստեղ», – նշել է մասնակիցներից մեկը:

Թորիա գյուղի բնակիչներն Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմացից հեռացել են պայմանով, որ 4-5 օրից տղաներին ազատ կարձակեն, հակառակ դեպքում թորեացիներն այլ քայլերի կդիմեն:

Օգոստոսի 23-ին Թորիայի բնակիչների և եկվոր ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել: Եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող արոտավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով՝ բռնություն, ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով՝խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---