Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանն աջակցություն է ցուցաբերել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցին

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանն աջակցություն է 
ցուցաբերել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցին

ԳԱՎԱՌ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բեռնարդ Մաթիաս Քիսլերի աջակցությամբ հիմնանորոգվել եւ տեխնիկապես հագեցվել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ճաշարանն ու խոհանոցը: Հայաստանում Գերմանիայի դեսպանատան գործուն աջակցությամբ արդեն չորրորդ տարին է, ինչ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցն ընդգրկված է «Դպրոցները՝ ապագայի գործընկերներ» ծրագրում եւ մասնակցում է Գյոթեի անվան ինստիտուտի կրթամշակութային ծրագրերին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նորոգված ճաշարանի եւ խոհանոցի բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բեռնարդ Մաթիաս Քիսլերը, ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք: Բացելով հանդիպումը՝ դպրոցի տնօրեն Հայկ Նահապետյանը նշեց, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի աջակցությամբ դպրոցում շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հոկտեմբերին եւ ավարտվել դեկտեմբերի 11-ին:

«Մեզ տրամադրվել է 1 միլիոն 200 հազար դրամ կանխիկ եւ մոտ 600 հազար դրամի աջակցություն տեխնիկական սարքավորումների տեսքով, ինչի արդյունքում հիմնանորոգվել է դպրոցի ճաշարանի տանիքը, ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվել խոհանոցային հատվածում եւ ճաշարանում, խոհանոցն ապահովվել է մշտական ջրով եւ գազով, ձեռք է բերվել գազօջախ, սառնարան, լվացարան: Ճաշարանից օգտվում է մեր դպրոցի 1-4-րդ դասարանների 219 աշակերտ, ովքեր ամենօրյա սնունդ են ստանում ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» շրջանակում: Նախկինում ունեինք շատ ավելի դժվարին, անմխիթար վիճակ, իսկ այսուհետ արդեն երեխաները սնունդ կստանան բարվոք պայմաններում»,- ներկայացրեց դպրոցի տնօրենը:

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին՝ սահմանամերձ համայնքի դպրոցին աջակցություն ցուցաբերելու համար:
Ապա հյուրերը դպրոցի տնօրենի ուղեկցությամբ այցելեցին գերմաներեն լեզվի ուսուցման կաբինետ, որտեղ գերմաներեն լեզվի ուսուցչուհի Էմմա Թորոսյանը ներկայացրեց դպրոցի մասնակցությունը Գերմանիայի դեսպանատան եւ Գյոթեի անվան ինստիտուտի համագործակցային ծրագրերին, վերջին 4 տարում արձանագրած հաջողություններին եւ ձեռքբերումներին: «Գյոթեի ինստիտուտի օժանդակությամբ մենք հարստացրել ենք գերմաներեն լեզվի կաբինետի նյութատեխնիկական բազան, ուսուցման հնարավորությունները: Համագործակցությունը, որը գոյություն ունի արդեն 4 տարի, մեր աշակերտներին հնարավորություն է տալիս անմիջականորեն շփվել գերմաներեն լեզվի եւ մշակույթի հետ: Համացանցը, համակարգիչները, էլեկտրոնային գրատախտակը, դասագրքերը օգնում են երեխաներին՝ զարգացնել գրելու, կարդալու եւ խոսակցական գերմաներենի հմտությունները: Բացի այդ, ամեն տարվա ավարտական քննությունների ժամանակ Գյոթեի ինստիտուտի ներկայացուցիչների կողմից ընտրվում են բարձր միավորներ հավաքած երկու աշակերտ, ովքեր 3 շաբաթով մասնակցում են Գերմանիայում կազմակերպվող լեզվի եւ հանգստի ճամբարներին: Եվս տասը լավագույն աշակերտ ընտրվում են՝ մասնակցելու Արտանիշում կազմակերպվող նույնանուն ճամբարներին: Մենք ապացուցում ենք, որ մայրաքաղաքից դուրս էլ կարելի է կազմակերպել որակյալ ու արդյունավետ կրթություն, ինչը գնահատում են նաեւ մեր օտարերկրյա գործընկերները»,-ներկայացրեց Էմմա Թորոսյանը:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բեռնարդ Մաթիաս Քիսլերն էլ իր հերթին արդյունավետ գնահատեց համագործակցային ծրագրերի իրականացումը:

«Մեզ համար շատ կարեւոր է ծրագրերի իրականացումը մայրաքաղաք Երեւանից դուրս, առավելապես՝ սահմանամերձ շրջաններում, որոնցից մեկն էլ Ճամբարակն է: Աջակցությունը տրամադրել ենք ֆուտբոլային մրցախաղերի ժամանակ հանգանակված գումարների հաշվին: Առաջիկայում էլ նմանօրինակ հանգանակությունների միջոցով կփորձենք նոր նախագծեր իրականացնել: Մենք, իհարկե, ոգեւորված ենք այն հաջողություններով, որ Գյոթեի ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում գրանցել է այս դպրոցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ բացակայում են կենսական նշանակության շատ պայմաններ, որոշեցինք փոքր ծրագրերի միջոցով ցուցաբերել աջակցություն, որպեսզի երեխաներն ավելի բարվոք պայմաններում կարողանան օգտվել «Սնունդ» ծրագրից: Սա իմ երրորդ այցն է Ճամբարակ, որոնց ընթացքում հետզհետե նկատում եմ աշակերտների առաջադիմությունը գերմաներեն լեզվի ուսուցման մեջ: Մեր համագործակցությունը կլինի շարունակական»,-նշեց Բեռնարդ Մաթիաս Քիսլերը:
Ծրագրի իրականացումից գոհունակություն հայտնեցին նաեւ դպրոցի «Սնունդ» ծրագրի խոհարարները: «Դեռեւս մեկ ամիս առաջ մենք խոհանոցում չունեինք ամենանվազագույն բավարար պայմաններ՝ մշտական տաք ու սառը ջուր, լվացարան, գազ ու գազօջախ, սառնարան, իսկ այսօր մեզ համար ապահովված են լավագույն պայմանները: Իսկապես, մեզ համար աշխատելն ու երեխաներին սպասարկելը շատ է հեշտացել»,-հավաստեց խոհարար Գյուլնարա Պողոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]