1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսուհետ կհնչի երգեհոնային երաժշտություն

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսուհետ կհնչի երգեհոնային երաժշտություն

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսուհետ կհնչի երգեհոնային երաժշտություն, ավելին՝ հանրապետության երկրորդ քաղաքն ունի երգեհոնային դպրոց ստեղծելու բոլոր նախադրյալները: Միջազգային մրցույթների դափնեկիր, ֆրանսաբնակ, Գյումրու ծնունդ հայտնի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը հայրենի քաղաքին նոր երգեհոն է նվիրել:

Երգեհոնի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտված են: Հատուկ դրա համար Գյումրի էին եկել մասնագետներ Ֆրանսիայից: Դեռ 10 տարի առաջ Գյումրու Սբ Յոթվերք եկեղեցում կայացած երգեհոնային համերգի ժամանակ Նարինե Սիմոնյանը խոստացավ՝ հայրենի քաղաքին ավելի լավ երգեհոն նվիրել, այնպիսին, ինչպիսին չկա շատ երկրներում: Իսկ թե ինչու երգեհոնը տեղադրվեց Սբ Նշան եկեղեցում:

Երգեհոնահարուհին «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ՝ եկեղեցին հենց այն տան դիմաց էր, որտեղ ծնվել, մեծացել ու մանկության տարիներն անցկացրել է արվեստագետը: «Ամեն մեկս մի բան ունենք տալու մեր հայրենիքին. մենք միայն առնելիք չունենք, մենք ստացել ենք մեր հայրենիքից մեր ինքնությունը, մեր ազգային արժեքները, բայց պետք է մտածենք, որ ամեն մեկս մի բան ունենք տալու մեր հայրենիքին ու հատկապես այս քաղաքին, որտեղ շատ մեծ հոգևոր էներգիա կա»,- նշեց Նարինե Սիմոնյանը: Երգեհոնահարուհին վստահեցնում է՝ Գյումրիում այսուհետ շատ պատարագներ երգեհոնի նվագակցությամբ կհնչեն:

«ճիշտ է՝ Յոթ Վերք եկեղեցում կա երգեհոն, բայց փոքրիկ է ու շատ վատ վիճակում, իսկ այստեղ՝ եկեղեցում արդեն մի զարդ ունենք. առանց ամաչելու ցանկացած աշխարհահռչակ երաժշտի կարող ենք հրավիրել»,- նկատեց Նարինե Սիմոնյանը՝ հավելելով, որ այս գործիքը ավելի քան 200 տարի կարող է ծառայել գյումրեցիներին, սա նաև երգեհոնային դպրոց բացելու լավ հիմք է :Երգեհոնի պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 21-ին: Նախատեսվում է անցկացնել երկօրյա փառատոն, որի ժամանակ կհնչի երգեհոնային երաժշտություն: Նարինե Սիմոնյանն ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը: Լինելով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, դաշնակահարուհի` 1991 թվականից մեկնել է Փարիզ` շարունակելով իր երաժշտական գործունեությունն արդեն որպես երգեհոնահար: Անցած տարիներին նա մենահամերգներով մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]