HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. նախարարը կարգադրել է խստիվ հետևել Երևանում գազալցակայանների համապատասխանությանը սահմանված չափորոշիչներին

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Ինչպես հայտնում է նախարարությունը, խորհրդակցության սկզբում նախարարը ներկայացրել է Ռուսաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները: Հունիսի 6-8-ը Մոսկվայում անցկացվել էր «Համալիր անվտանգություն 2018» խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցություն ուներ նաև Հայաստանը: Նախարար Ռոստոմյանը նշել է, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են եղել ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հարցեր, ինչպես նաև՝ նոր ծրագրերի իրականացման հիմնախնդիրներ:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և հանձնարարականների կատարման մասին: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մոտ 25000 ահազանգ, մարզերում իրականացվել են թեմատիկ դասընթացներ և ուսումնական վարժանքներ:

Անդրադառնալով ուսումնական հաստատություններում իրականացվող վարժանքների արդյունավետության բարձրացմանը՝ նախարարը Փրկարար ծառայության ղեկավար կազմին հանձնարարել է մշակել չափորոշիչներ և գնահատման մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հստակ գնահատել հաստատության կարողությունները տարբեր արտակարգ իրավիճակներին համապատասխան վարքականոնների պահպանման հարցում: Նախարարի հանձնարարեց նաև սեղմ ժամկետում ներկայացնել կատարված վարժանքների քանակն ու գումարային ծախսը:

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են մարզերում շահագործվող շարժական գազալցակայանների ստուգումները, ինչպես նաև՝ խնդրի վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկվել տարածքային կառավարման և զարգացման նախարարին:

Նախարար Հ. Ռոստոմյանը Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետերին հանձնարարել է մանրակրկիտ ստուգումներ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ավտոգազալիցքավորման ճնշակայաններում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել կայանների շահագործումը՝ անկախ պատկանելիությունից. «Սկսենք Երևանից և անցնենք մարզերին»,-հավելեց նա:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն անդրդարձել է նախորդ շաբաթ Հայաստանում գրանցված երկրաշարժերին և նշել, որ այս պահին անհանգստության որևէ պատճառ չկա, ծառայության մասնագետները իրականացնում են օպերատիվ հերթապահություն: Լոռու մարզային փրկարարական վարչության պետն էլ նշել է, որ մարզում սեյսմիկ վիճակը համեմատաբար հանգիստ է, մարզային ստորաբաժանման աշխատակիցներից ձևավորվել են շրջիկ խմբեր, ովքեր հանդիպում են բնակիչների հետ և բացատրական աշխատանքներ իրականացնում՝ ավելորդ անհիմն տեղեկության տարածումից խուսափելու համար: Կ. Հովհաննիսյանը նաև ավելացրել է, որ մարզի 43 համայնքի ուղարկվել են սողանքի դեպքում վարվեցողության նյութեր, իրականացվել է մարզային ՃԿԿ-ում գրանցված ահազանգերի հետադարձ կապ՝ խուճապային վիճակը կարգավորելու ուղղությամբ:

Նախարար Ռոստոմյանը հանձնարարել է նաև քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները՝ ծառայության սակագինն իջեցնելու և ծառայության համար ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին:

Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և վարչության պետերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter