«Բոլոր տեսակ քննադատություններին վերաբերվում եմ նորմալ։ Մարդիկ իրենց կարծիքն ունենալու իրավունք ունեն։ Գիտեմ՝ ոմանց համար ծիծաղելի էր, ոմանց համար՝ ցավալի, եղան մարդիկ, ում համար անգամ ողբերգական էր։ Կրկնում եմ՝ ես վստահում եմ վարչապետին, վստահում եմ այն թիմին, որ այսօր աշխատում է կառավարությունում, ես անկեղծ հավատով եմ լցված, որ կառավարության ամեն մի պաշտոնյա կունենա և ունի այնքան քաղաքական կամք, որ կկարողանա այդ ծանր բեռը ի կատար ածել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով երեկվանից հնչող քննադատություններին։
Նա նշեց, որ ցավալի բացահայտում է արել իր համար, մեր հանրությունը անկեղծություն չի սիրում․ «Եթե կան մարդիկ, ում համար պատգամավոր դառնալը կյանքի գերնպատակ է, ես մեծ հաճույքով կփոխվեմ իրենց հետ տեղերով, փոխարենը պահանջելով, որ նրանք ինձ վերադարձնեն այն ամենը, ինչ ես կորցրել եմ պատգամավոր դառնալով»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ երեկ պատգամավորը հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ հետևյալ ձևակերպմամբ «Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորը արմատներ ունի, որ եթե կառավարության ծրագրում միայն գրված լիներ՝ ամեն ինչ լավ է լինելու, միևնույն է՝ կողմ էի քվեարկելու…»։