Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրենց իշխանության օրոք Հայաստանում ընտրություններ չեն կեղծվելու
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որևիցե շանս չկա, որ Հայաստանում չլինեն արդար ընտրություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին վստահեցրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու շեշտեց՝ իրենց իշխանության օրոք ընտրություններ չեն կեղծվելու:
«Անարդար ընտրություններ կազմակերպելու շանս Հայաստանում չկա: ՏԻՄ ընտրությունները, Երևանի ավագանու ընտրությունները եղել են հին ընտրական օրենսգրքով: Մեկ քվեաթերթիկի ձայն անգամ չի կեղծվել: Ես համոզված եմ, որ մեր իշխանության օրոք ընտրություն չի կեղծվելու, հաղթելու է ժողովուրդը. ինչպես քվեարկեն, այդպես էլ լինելու է »,-ասաց Փաշինյանն ու հավելեց՝ եթե պարտվեն ընտրություններում, կճանաչեն այն ու կգնան:
Նա շեշտեց՝ հին ընտրական ավանդույթներն այլևս չեն լինելու:
Վարչապետի պաշտոնակատարը նաև նշեց՝ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է Ընտրական օրենսգրքի մասով, կազմել, բերել է ԱԺ, Վենետիկի հանձնաժողովում համաձայնությունը ստացել է, հիմա գնդակը խորհրդարանի դաշտում է: Նա վստահեցրեց՝ գործող ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալը ձեռնտու է միայն իշխանությանը, այսինքն՝ իրենց: «Մենք խնդիր չունենք: Հին համակարգը չի լինելու այլևս, այն մարդիկ, ովքեր իրենց ձայն էին բերում, այլևս չեն լինելու իրենց հետ, քանի որ նրանք հազիվ ազատագրվել են: Ես վարչապետ ընտրվելուց հետո մի քանի հոգու հրավիրել եմ և հարցել, թե իրենց ինչին է պետք է պատգամավորի թեկնածու առաջադրվելը, փող ծախսելը: Ուզում էի հասկանալ նրանց մոտիվացիան: Եվ նրանցից մի քանիսը անկեղծ ասացին, որ իրենց կանչել են, ասել, որ որոշակի ձայն պետք է ապահովեն, գնան առաջադրվեն, գումար ծախսեն, ձայներ ապահովեն»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ հիմա ոչ մեկին չեն առաջարկելու նման բան:
Անդրադառնալով նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակներին՝ Փաշինյանն ասաց, որ քննարկումներն այդ հարցով ընթանում են: Նրա նշեց, որ հնարավոր է՝ դաշինքով մասնակցեն խորհրդարանական ընտրություններին, հավանաբար հանդես կգան «Իմ քայլը» անունով: Նա նշեց՝ իրենց ցուցակում կարող են լինել անհատներ տարբեր տեղերից, բայց կուսակցական պայմանավորվածություն չկա: Իսկ ցուցակը կգլխավորի հենց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ Շիրակ Թորոսյանը չի բացառում, որ ինքը կընդգրկվի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում, Փաշինյանը պատասխանեց՝ ինքը ևս չի բացառում: Մեկ այլ դիտարկմանն ի պատասխան Փաշինյանը նշեց՝ չի կարծում, որ իրենց նախընտրական ցուցակում կլինի Գևորգ Կոստանյանը: «Տպավորություն չստեղծվի, որ մեր ցուցակը կազմված է լինելու հանրապետականներից: Մեր ցուցակում կարող են լինել ՀՀԿ-ից մեկ-երեք մարդ»,-եզրափակեց Փաշինյանը:
ԸՕ-ի բարեփոխումների փաթեթը ԱԺ հոկտեմբերի 22-ի նիստում չհավաքեց բավարար ձայներ: Ելք և Ծառուկյան խմբակցության պատգամավորի ստորագրությամբ հոկտեմբերի 29-ին հրավիրվել է արտահերթ նիստը՝ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին օրակարգ բերելու նպատակով:
Փաշինյանը հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում չընտրվեց վարչապետի պաշտոնում: Նա միակ թեկնածուն էր: Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում