Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

«Դուք հեռացվա՛ծ եք». Թրամփն իր իրանական պարտիայում զոհաբերում է Բոլթոնին. աշխարհը կարող է հանգիստ շունչ քաշել

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունը նախորդ շաբաթվա միջազգային ամենաշատ քննարկված իրադարձություններից էր։ Պատերազմասեր «բազեն» այլևս պետք չէ Թրամփին: Հիմա ամբողջ աշխարհը քննարկում է, փորձում է հասկանալ, թե այս փոփոխությունն ինչպե՞ս կազդի Վաշինգտոնի արտաքին քաղաքականության և ընդհանրապես միջազգային իրադրության վրա: Այս հարցը հետաքրքիր է նաև մեզ՝ հայաստանցիներիս համար, քանի որ Միացյալ Նահանգները լուրջ խաղացող է նաև մեր տարածաշրջանում, իսկ Սպիտակ տան ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ընդհանրապես լուրջ ազդեցություն է ունենում ազդեցիկ այս գերտերության արտաքին քաղաքականության վրա: Բոլթոնն էլ շուրջ մեկուկես տարվա պաշտոնավարման ընթացքում հասցրել էր այցելել մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս, և իր տեսակետները հայտնել թե՛ ռեգիոնալ տարբեր խնդիրների և թե՛ հայաստանյան փոփոխությունների ու արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին: Ընդ որում, Բոլթոնի հայտնի հայտարարությունը Երևանում, թե Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «ուժեղ մանդատ կստանա» և կարող է «վճռական քայլեր ձեռնարկել» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, իր այցից հետո բավական երկար ժամանակ քննարկվում էր հայկական մամուլում:

Թրամփի փոփոխվող վարչակազմը

Բարձրաստիճան պաշտոնյաները Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետում բավական հաճախ են փոխվում։ Գրեթե երեք տարվա նախագահության ընթացքում Ամերիկայի պատմության ամենաոչտրադիցիոն, էքսցենտրիկ ու ոչ համակարգային նախագահներից մեկը հասցրել է փոխել մի շարք խորհրդականների, արտաքին գործոց և պաշտպանության նախարարներին (պետքարտուղարին[1] և Պենտագոնի ղեկավարին[2]), աշխատակազմի մի քանի ղեկավարների[3] ու մի շարք այլ պաշտոնյաների։ Հիմա էլ ազգային անվտանգության հարցերով 4-րդ խորհրդականին է փոխում[4]։ Սպիտակ տնից հեռացավ, ավելի ճիշտ՝ հեռացվեց նեո-պահպանողական ամենահայտնի «բազեներից» մեկը, որը հայտնի էր իր արմատական, ռազմատենչ հայացքներով՝ կապված միջազգային մի շարք հիմնախնդիրների ու կոնֆլիկտների հետ։

«Բազեն» ու «աղավնին»

Ջոն Բոլթոնը աշխատել էր նաև 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում: Նա եղել է 2003 թ․ Իրաքյան պատերազմի հիմնական «ճարտարապետներից» մեկը, թե՛ այն ժամանակ և թե՛ այս վերջին շրջանում կողմ է արտահայտվել Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացմանը։ Բայց խնդիրը միայն ԱՄՆ-Իրան դիմակայությունը չէ։ Այժմ արդեն պարզ է, որ նախագահ Թրամփը և իր խորհրդականը, որն ի պաշտոնե ու նաև իր անձնական հեղինակության, փորձի շնորհիվ լուրջ ազդեցություն ուներ վարչակազմի արտաքին քաղաքական որոշումների վրա, սկզբունքային հակասություններ են ունեցել ոչ միայն «Իրանի խնդրի», այլև Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի, Աֆղանստանի հետ կապված հարցերի ու մի քանի այլ օրակարգային խնդիրների շուրջ։

Վերլուծաբաններն ասում են, որ Բոլթոնի պաշտոնանկությունն, ըստ էության, արտացոլում է որոշակի փոփոխությունները նախագահի արտաքին քաղաքական մոտեցումներում։ Բոլթոնը չափից ավելի «բազեական» էր։ Նա կողմ էր գործնական ու կոշտ քայլերի, միջամտությունների։ Իսկ Թրամփը, թեև սուր հռետորաբանությամբ է հանդես գալիս, այնուամենայնիվ, նա ավելի շատ սիրում է խոսել, քան իրագործել իր սպառնալիքները։

Ամերիկյան CNN-ի վերլուծաբանը գրում է․ «Ջոն Բոլթոնը ստիպված էր հեռանալ, քանի որ նա ուզում էր չեղարկել նախագահ Թրամփի ռեալիթի շոուն ամբողջ աշխարհով մեկ: Նրա հեռանալուց հետո Թրամփն ավելի շատ ժամանակ կունենա անձնատուր լինելու իր խաղաղասիրական բնազդներին, որոնք շատ հազվադեպ են համատեղում խոսքը գործի հետ»:

Հրաժարակա՞ն, թե՞ պաշտոնանկություն

Իհարկե, առաջին հերթին քննարկվում էր այն հարցը, թե ինչպե՞ս է տեղի ունեցել Բոլթոնի հրաժարականը: Կողմերից յուրաքանչյուրն իր վարկածն էր ներկայացնում: Նախագահ Թրամփը սեպտեմբերի 10-ի երեկոյան իր թվիթերյան միկրոբլոգում գրեց, թե նախօրեին տեղեկացրել է Ջոն Բոլթոնին, որ իր ծառայություններն այլևս պետք չեն Սպիտակ տանը:

«Ես, ինչպես և այլոք վարչակազմում, կտրականապես համաձայն չէի իր առաջարկներից շատերին, հետևաբար խնդրեցի Ջոնին հրաժարական տալ, ինչը ներկայացվեց ինձ այսօր առավոտյան»,- գրել է Թրամփը՝ շնորհակալություն հայտնելով Բոլթոնին և տեղեկացնելով, որ կներկայացնի նոր խորհրդականին հաջորդ շաբաթ:

Րոպեներ անց Բոլթոնն է գրառում անում «Թվիթերում»՝ այլ կերպ ներկայացնելով իրադարձությունները: Նա գրել է, թե ինքն է նախագահին նախորդ գիշեր առաջարկել պաշտոնաթող լինել, և Թրամփը երբեք իրեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի խնդրել դրա մասին:

«Ես ծանրութեթև արեցի և այսօր առավոտյան հրաժարական տվեցի»,- նշել է Բոլթոնը:

Թե ինչ է եղել իրականում՝ դժվար է ասել: Ամեն դեպքում, ինչպես գրում է ամերիկյան CNBC-ի վերլուծաբան Քեյվին Բրույնինգերը, «Բոլթոնի՝ Իրանի և Հյուսիսային Կորեայի հարցերում այդպիսի ագրեսիվ քաղաքականության հովանավորի հեռանալը ցնցել է Վաշինգտոնը: Արդյունքում՝ ընկան նաև հում նավթի ֆյուչերսների գները»:

Բոլթոնի կոշտ դիրքորոշումների կարիքն այլևս չկա

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ասում է, որ իրականում այնքան էլ էական չէ՝ Բոլթոնի հրաժարականը պահանջվա՞ծ, թե՞ ինքնակամ ներկայացված հրաժարական էր, որոշումը Թրամփի՞նն էր, թե՞ առաջին քայլն արել է Բոլթոնը: Էականն այն է, որ Բոլթոնի պես կոշտ դիրքորոշում ունեցող գործիչն այլևս ԱՄՆ նախագահի քաղաքական թիմում չէ, իսկ դա իր հետևից բերում է տարբեր հետևանքներ, արտաքին քաղաքականության նոր մոտեցումներ և լուծումներ:

Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Թրամփը խորհրդական Բոլթոնին պաշտոնանկ անելու 10-ից ավելի պատճառ ուներ, և դրանք ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական հարցեր են: Ըստ փորձագետի՝ Բոլթոնը պետք էր Թրամփին այն ժամանակ, երբ նույն Իրանի, Վենեսուելայի հարցերում կոշտ դիրքորոշումների կարիք կար: Բայց հիմա այլևս նման կարիք չկա, ուստի նախագահը նրան ասել է, որ «Ձեր ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն Սպիտակ տանը»:

«Բոլորին հայտնի է, որ Բոլթոնը բավական կոշտ էր արտահայտվում թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Վենեսուելայի նկատմամբ տարվող քաղաքականության վերաբերյալ, և դա, իհարկե, հաճախ Թրամփին դուր չէր գալիս: Իհարկե, կային ուղղություններ, որոնց առնչությամբ Թրամփն էր փոքր-ինչ ավելի կոշտ դիրքորոշում արտահայտում։ Բայց Բոլթոնը, բացի նրանից, որ տարբերվող հայացքներ ուներ տարբեր հարցերի շուրջ, տարաձայնություններ կային նրա ու Թրամփի մյուս թիմակիցների միջև, և սա նույնպես իր ազդեցությունն ունեցավ: Այսինքն, եթե ինձ հարցնեն՝ ես կպատասխանեմ, որ Թրամփի կողմից Բոլթոնին պաշտոնանկ անելը ուներ մեկ տասնյակից ավելի պատճառներ, և դրանք ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքական հարցեր էին: Մյուս պատճառը թիմի ներսում ձևավորված ոչ այդքան առողջ մթնոլորտն էր, որը վերջին մի քանի ամիսներին ավելի ցայտուն էր դարձել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Սպիտակ տան աղմկահարույց պաշտոնանկությունը:

«Խղճուկների ժամանակը»

Ռուսաստանցի վերլուծաբաններից մեկը իր՝ «Խղճուկների ժամանակը» վերտառությամբ հոդվածում Բոլթոնի պաշտոնանկությունը բացատրում է ոչ միայն Իրանի թեմայով, այլև առաջիկա նախագահական ընտրությունների վրա այս թեմայի հնարավոր ազդեցության հարցի հետ: Իրանի հարցը, ըստ բլոգերի, թվում է անլուծելի Թրամփի համար, իսկ նախագահական ընտրությունները չափից ավելի մոտ են, ուստի նա չի կարող թույլ տալ դեմոկրատներին իր դեմ օգտագործել նման «հզոր փաստարկը»:

«Թե ինչու է այդ փաստարկը հզոր՝ պարզ է: Օբաման իր ժամանակ գործարք կնքեց Իրանի հետ: Այն կարելի է քննարկել, բայց այն կնքված էր և գործում էր: Իսկ Թրամփն այն քանդեց, փլուզեց. սովորական երևույթ է: Բայց իրավիճակը փոխել չկարողացավ: Սա՝ ձեռնահասության (կոմպետենտության) ճգնաժամը, ընդհանրապես համընդհանուր երևույթ է:

Աշխարհը չափից ավելի բարդ է, բայց այն կառավարում են մարդիկ, ովքեր ի վիճակի չեն նույնիսկ գիտակցել իրենց շրջապատող աշխարհի բարդությունը: Այդ պատճառով էլ տրոհում են այն պարզ սեգմենտների ու փորձում են լուծել դրանցից յուրաքանչյուրի խնդիրը՝ չտեսնելով որևէ փոխադարձ կապ դրանց միջև»,- գրում է մեկնաբանը:

Սուրեն Սարգսյանն իր հերթին ասում է, որ Թրամփի բոլոր քայլերն էլ այս կամ այն կերպ փոխկապակցված են ընտրությունների հետ: Թրամփն իր երկրորդ ժամկետի նախընտրական քարոզարշավն, ըստ էության, սկսել է նախագահի լիազորությունները ստանձնելուց անմիջապես հետո և ընտրվելուց չորս տարի անց նա արդեն գծել իր պլանները, նախատեսել է իր նախընտրական քարոզարշավը, դրա տրամաբանությունը, առաջաբանը: Այս առումով Թրամփը միշտ էլ պատրաստվել է ընտրություններին ու շարունակում է պատրաստվել: Բայց Թրամփի համար, մեր զրուցակցի կարծիքով, այդքան էլ էական չէ՝ ընտրություններին Բոլթոնը իր կողքին կլինի, թե ոչ: Իր համար ավելի կարևոր է, որ արտաքին քաղաքականության ոլորտում կարողանա ցույց տալ աշխարհին, որ ինքը պայմանավորվածություն ձեռք բերող է, ինչպես ամերիկացիներն են ասում՝ «deal maker» է:

«Բոլթոնը շատ հարցերում խանգարում էր նախագահին համաձայնության հասնելու: Օրինակ, Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում Բոլթոնն ընդհանրապես դեմ էր բանակցային գործընթացին, իսկ Թրամփը կարծում էր, որ կարող է բավական արդյունավետորեն բանակցել Կիմ Չեն Ընի հետ, և ըստ էության, բանակցություններ սկսվեցին: Թեև դրանք ավարտին չեն մոտեցել, բայց բանակցային գործընթաց կար: Նաև չի բացառվում, որ Թրամփը սկսի բանակցություններ Իրանի հետ: Դրա վերաբերյալ ուղերձներ պարբերաբար հնչել են, և Թրամփը նույնպես ասել է, որ ցանկանում է բանակցել Իրանի իր գործընկերոջ հետ: Եվ չի բացառվում, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ընդառաջ այսպիսի ժեստով փորձել է շահագրգռել իրանական կողմին, Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, որպեսզի հանդիպի իր հետ, և քննարկումներ լինեն երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Սա է ընդհանուր վիճակը»:

ԱՄՆ քաղաքականությունը Հրվ. Կովկասում չի փոխվի

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության տեսանկյունից դրական կամ բացասական փոփոխություն, մեծ հաշվով, չի լինի, որովհետև Բոլթոնն այն ֆիգուրը չէր, որ ամբողջապես որոշեր քաղաքականությունը և կյանքի կոչեր այն: Նա ընդամենը գործիչ էր, որը քաղաքական ընդհանուր գծի մեջ իր պորտֆելն ուներ. «Իր պորտֆելը Իրանով էր պայմանավորված, և մեր տարածաշրջան կատարած նրա այցը գլխավորապես պայմանավորված էր Իրանի նկատմամբ իրականացվող քաղաքականությամբ՝ թե որքանով արդյունավետ կարող է լինել այդ քաղաքականությունը, քան թե Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ երկկողմ հարաբերություններով: Միացյալ Նահանգների քաղաքականությունը չի փոխվելու: Իրենց համար առաջնահերթ է լինելու Վրաստանը, երկրորդ տեղում լինելու է Ադրբեջանը, և միայն երրորդ տեղում՝ Հայաստանը»:

Մյուս կողմից Սուրեն Սարգսյանը ընդգծում է, որ ոչ միայն Բոլթոնը, այլ ընդհանրապես ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, որը միաժամանակ նաև երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարն է, ի պաշտոնե շատ ազդեցիկ է վարչակազմում. «Միացյալ Նահանգների Անվտանգության խորհուրդը լրջագույն կառույց է և լուրջ քաղաքական հարցեր է լուծում՝ ի տարբերություն մեր Անվտանգության խորհրդի քարտուղարի, որը ֆիկտիվ կառույց է և ֆիկտիվ պաշտոն է: ԱՄՆ Անվտանգության խորհուրդը բավական լուրջ և ազդեցիկ կառույց է, որը արտաքին և ներքին քաղաքական հարցերում շատ լուրջ ազդեցություն ունի: Այսինքն՝ բուտաֆորիա չէ: Այս առումով՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը մշտապես շատ լուրջ ազդեցություն է ունենում վարչակազմում և նախագահին խորհուրդներ է տալիս արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, գրում է տարբեր տեսակի զեկույցներ, զեկուցագրեր, ռեկոմենդացիաներ, վերլուծություններ, որոնք միանգամից հայտնվում են ԱՄՆ նախագահի սեղանին: Եվ այս առումով, իհարկե, նրա ազդեցությունը բացառիկ է ԱՄՆ նախագահի վրա: Բոլթոնն էլ, որպես կոշտ դիրքորոշում ունեցող գործիչ, մշտապես իր դիրքորոշումը հայտնել է, և դրանք միշտ կոշտ են եղել ու շատ հաճախ տարբերվել են Թրամփի դիրքորոշումից: Հաճախ Թրամփը ստիպված է եղել հանգստացնել Բոլթոնին և ասել, որ «քո դիրքորոշումները շատ կոշտ են և եթե քեզնով լիներ՝ ամբողջ աշխարհը կռմբակոծեիր» և այլն, և այլն: Նախորդ տարվա նոյեմբերից հետո, երբ նրանց միջև որոշակի լարվածություն եղավ, և շատերը սկսեցին վարչակազմում կանխատեսել, որ Բոլթոնի հեռանալն ընդամենը ամիսների հարց է: Եվ այդպես էլ տեղի ունեցավ: Կարծում եմ, որ իրականում սա սպասելի հրաժարական էր՝ եթե ոչ ժամանակի, ապա գոնե ընդհանուր տրամադրության և տրամադրվածության տեսանկյունից»:

Բոլթոնի ադրբեջանասիրության մասին

Բայց մեր ռեգիոնի, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա այս փոփոխությունը էապես չի ազդի, քանի որ, բարեբախտաբար, մեր տարածաշրջանով ոչ թե Անվտանգության խորհուրդն ու Բոլթոնն էին զբաղվում, այլ զբաղվում էր ու շարունակում է զբաղվել Պետական դեպարտամենտը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ, և այստեղ հավասարակշռությունը պահպանվում է: Իսկ Բոլթոնը նույնիսկ մինչև խորհրդական նշանակվելը համարվել է Ադրբեջանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող, նաև տարածքային ամբողջականության սկզբունքին առաջնահերթություն տվող գործիչ: Եվ այս առումով, իհարկե, կարևոր էր կամ կարելի է ասել՝ լավ էր, որ ղարաբաղյան բանակցությունների գործընթացում նա որոշիչ ձայն չուներ:

Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ Մինսկի խմբի համանախագահության բանակցող կողմի պորտֆելն ամբողջությամբ գտնվում է Պետդեպարտամենտում, և սա ինչ-որ առումով դրական է եղել Հայաստանի և Արցախի համար:

Հիշեցնենք, որ պաշտոնաթող դիվանագետ Ջոն Բոլթոնը 2011-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է վերանայի իր մոտեցումը և ավելի շատ աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում:

«You’re fired!»

Ռազմատենչ այս գործիչը, «բազեն», որն իր ծայրահեղական մոտեցումներով պոտենցիալ վտանգ էր ներկայացնում ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև աշխարհի այլ տարածաշրջանների համար, այժմ արդեն բարձր պաշտոն չի զբաղեցնում Սպիտակ տանը և զրկված է իր ազդեցությունից: Շատ փորձագետներ կարծում են, որ սրանով Իրանի ու Միացյալ Նահանգների միջև ռազմական կոնֆլիկտի ռիսկերը էապես կնվազեն: Պարոն Թրամփը հիմա շատ երկար պիտի մտածի ու կշռադատի հաջորդ քայլը՝ իր սկսած իրանական բարդ պարտիան վերջնականապես տանուլ չտալու համար:

Ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ դա կարող է կործանարար լինել իր քաղաքական կարիերայի համար: Այո, իհարկե, ինչպես տեսանք վերևում՝ Բոլթոնի հեռացումը միայն Իրանի գործոնով չէր պայմանավորված: Խոսքն ընդհանրապես արտաքին քաղաքական ոլորտը ղեկավարելու մասին է: Չափից շատ իշխանություն սիրող նախագահը մինչ այս էլ՝ թե՛ նախկին «թոփ ռազմավար» Սթիվ Բենոնի, թե՛ նախկին պետքարտուղար Թիլերսոնի ու այլոց պաշտոնանկություններով, ապացուցել է, որ Սպիտակ տան ղեկավարն ինքն է և ոչ թե որևէ «գորշ կարդինալ»: Թրամփի կարգախոսն ի սկզբանե եղել է «Առաջինը՝ Ամերիկան», իսկ Բոլթոնն, ըստ երևույթին, ուզում էր, որ Ամերիկան լինի ամենուրեք ու շատ դեպքերում՝ ռազմականապես: Դա իրեն պետք չէ: Ու նախկին հաջողակ բիզնեսմեն, միլիարդատեր նախագահը, որը հազարավոր մարդկանց է գործի ընդունել ու ազատել, նույնիսկ տարիներ առաջ իրեն հանրահայտ դարձրած ռեալիթի շոուի ընթացքում վարպետության դասեր էր տալիս սկսնակ գործարարներին, չէր կարող իրեն զրկել իր հայտնի ֆրազը ևս մեկ անգամ ասելու գերագույն հաճույքից. «You’re fired!» – «Դուք հեռացվա՛ծ եք, պարոն Բոլթոն»:

Հղումներ՝

[1] 2017 թ․ փետրվարին ԱՄՆ պետքարտուղար նշանակված Ռեքս Թիլերսոնին 2018 թ․ ապրիլին փոխարինեց Մայք Պոմպեոն։

[2] Ջեյմս Մեթիս, Փաթրիք Շանահան, Մարկ Էսփեր (գործող)։

[3] Ռեյնս Փրեբիուս, Ջոն Ֆ․ Քելի, Միք Մալվենի (գործող)։

[4] Թրամփի երդմնակալությունից հետո նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակվում գեներամ Մայքլ Ֆլինը, որը, սակայն, շուտով ստիպված է լինում հրաժարական տալ։ Պատճառը այդ շրջանում չափազանց թեժ փուլում գտնվող «Ռուսաստանի գործին» առնչվող զարգացումներն ու տեղեկատվական արտահոսքերն էին։ Պարզվեց, որ Ֆլինը նախընտրական շրջանում հանդիպել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, բայց բավարար ինֆորմացիա չի տվել այդ հանդիպման և դեսպանի հետ խոսակցության բովանդակության մասին։ Ֆլինի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց գեներալ Քեյթ Քելլոգը, որն այժմ փոխնախագահ Մայք Փենսի խորհրդականն է։ 2017 թ․ փետրվարին նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակվում գեներալ Հերբերտ Մաքմասթերը, որը պաշտոնավարում է մեկ տարուց քիչ ավելի։ 2018 թ․ ապրիլին նախագահի հրամանով ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվեց Ջոն Բոլթոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում