News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ոստիկանության 456 ծառայող կարգապահական տույժի է ենթարկվել: Այս մասին նշվել է հուլիսի 14-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2017 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը:

Ոստիկանության մարմինների գործունեությունը դիտարկելով համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում՝ Վլադիմիր Գասպարյանը կարեւորեց գոծընթացի շարունակականությունն ու անցումը որակական ու խորքային փոփոխությունների:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Նշվեց, որ 2017 թ. առաջին կիսամյակում նվազել են սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բնակարանային գողության, խուլիգանության, մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը: Դրան զուգահեռ՝ թվարկված բոլոր հանցատեսակներով բացահայտման ցուցանիշներն էականորեն աճել են:

Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 8,0%-ով:

Դրա հետ մեկտեղ, աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը, ընդ որում՝ 43,7%-ով՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը:

35,5%-ով աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման թիվը, դրանց 33,9%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 66-ը կաշառակերության դեպքեր են, որոնցից 44-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից:

Հետախուզվողների հայտնաբերման աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ հայտնաբերվել է 920 հետախուզվող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 818-ի դիմաց, որոնցից 348-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով, իսկ 572-ը՝ առանձնապես ծանր, ծանր եւ այլ հանցագործություններ կատարելու համար:

Հաշվետու տարում, ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 74766 նյութ, հարուցվել է 3033 քրեական գործ:

Ոստիկանության ուժերով հասարակական կարգի պահպանություն եւ հասարակական անվտանգություն է ապահովվել ՀՀ Ազգային ժողովի, Երեւանի ավագանու ընտրությունների եւ 3223 զանգվածային այլ միջոցառումների ընթացքում:

Հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1499 պատահար, զոհերի թիվը նվազել է 6-ով:

Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 737 ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 456 ծառայող:

Վլադիմիր Գասպարյանը որպես աշխատանքի գերակա ուղղություններից մեկը դիտարկելով անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարը՝ առանձնացրեց հատկապես սինթետիկ թմրանյութերի խնդիրը:

Ոստիկանության պետը տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նաեւ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը:

Խոսելով հետաքննության ծառայության որակական փոփոխության մասին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ստորաբաժանումների ղեկավարները պետք է լիարժեք օգտագործեն իրենց կարգավիճակը:

Անդրադարձ արվեց նաեւ հանրության հետ անմիջական շփման ամենամեծ մակերես ունեցող ստորաբաժանումների՝ Ոստիկանության զորքերի եւ Ճանապարհային ոստիկանության աշխատանքին:

Նիստի ավարտին արվեցին մի շարք կադրային փոփոխություններ եւ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ