Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանական կողմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը


Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը պատրաստվում է բողոքարկել և՛ Վճռաբեկ դատարանում, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այս մասին այսօր հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«էն որ բողոքարկելու ենք` դա հաստատ է, էն որ միայն Վճռաբեկ դատարան չենք դիմելու, այլ նաև զուգահեռաբար ՄԻԵԴ ենք դիմելու, դա էլ է հաստատ», ֊ նշեց փաստաբանը։

Վերաքննիչ քրեական դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն ավարտվել է փետրվարի 4-ին։ Քոչարյանի փաստաբանները վիճարկում էին առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ին որոշումը՝ ևս երկու ամսով երկարաձգել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանի կալանքը: Փետրվարի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը. պաշտոնաթող նախագահը շարունակում է մնալ կալանքի տակ։ Հայկ Ալումյանը դատարանի որոշումը «քաղաքական բնույթի» որակեց, նշելով՝ «այն կայացվել է քաղաքական պատվերի շրջանակներում»։

Հայկ Ալումյանն այսօր կրկին պնդեց՝ 2008 թվականի մարտի 1֊ի լուսադեմին Ազատության հրապարակում ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, իսկ այս մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացել է միայն առավոտյան, երբ աշխատանքի է գնացել։ Ալումյանն ասաց՝ նախնական պայմանավորվածություն է եղել, որ որևէ բռնություն, կոշտ հակամարտություն չպետք է լինի Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների հետ։ Նախատեսված է եղել գործողություն, որը չէր ենթադրում ուժի կիրառում։ Ըստ փաստաբանի՝ պետք է կատարվեր զննություն, որի մասին զեկուցված է եղել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև օրեր շարունակ ստացվում էին օպերատիվ տեղեկություններ, որ հրապարակում հավաքված անձանցից ոմանց մոտ առկա են զենքեր, ընդհուպ մարտական ինքնաձիգեր, մարտական նռնակներ:

«Երբ ոստիկանությունը մոտեցել է այդտեղ, ինչպես ձեզ հայտնի է, ցուցարարները նախապես զգուշացված են եղել ոստիկանների գալու մասին։ Երբ ոստիկանները հայտնել են իրենց գալու մասին, քարեր են նետվել դեպի իրենց կողմ ու ոստիկաններին դիմադրություն է ցուցաբերվել։ Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, որը մինչև այդ նախատեսված չէր», ֊ նշեց Ալումյանը։

Պաշտպանն ասաց, թե անգամ վարույթ իրականացնող մարմինը չի համարում, որ Ռոբերտ Քոչարյանն այդ օրը ցուցում է տվել, որպեսզի Ազատության հրապարակում գտնվողների նկատմամբ կիրառվի ուժ։ Այդ իսկ պատճառով իր մեղադրանքի մեջ այդպիսի բան Քոչարյանին մեղսագրված չէ։ «Ազատության» հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ հրահանգով է ոստիկանությունը ուժ կիրառել, Ալումյանը պատասխանեց՝ չի տիրապետում այն տեղեկությանը, թե ում հրահանգով է ուժ կիրառվել ու հավելեց. ֊ «Եթե ոստիկանությունը որևէ գործողություն է կատարում, որի ընթացքում իրեն ցույց են տալիս դիմադրություն, ապա ոստիկանությունը օրենքով իրավունք ունի կիրառել ուժ։ Խնդիրն այն է, որ ուժի կիրառումը պետք է լինի համաչափ։ Ինչպես գիտեք՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը չի գտել, որ ուժը կիրառված է եղել ոչ օրենքով, չի գտել, որ ուժը կիրառված է եղել ոչ օրինական նպատակների համար, այլ գտել է, որ ուժի կիրառումը եղել է անհամաչափ»։

Մարտի 1֊ի իրադարձություններն ուսումնասիրելու համար ստեղծված նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը, մինչդեռ, պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող տեղյակ չլինել Մարտի 1֊ի լուսադեմին տեղի ունեցած միջադեպից։ ֊ «Ժամը 5֊6֊ին ժողովուրդը ոչ արթունա եղել, ոչ էլ կկարողանար դիմադրել ոստիկանության աշխատողներին։ Բոլորը վրանների մեջ քնած են եղել», ֊ փաստում է Սաֆարյանը՝ շարունակելով. ֊ «Ավելին, եթե նրանց նպատակը միայն զննությունը լիներ, ապա նրանք բռնություն կկիրառեին միայն զննության տարածքում, մինչդեռ նրանք մինչև Մամուլի շենքը մարդկանց առաջները գցած՝ հետապնդելով, ծեծելով գնացել են»։

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG