211652_close_icon
views-count2385 դիտում article-date 23:34 02-10-2019

Ադրբեջանը ահաբեկչության հովանավոր է. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ զեկույցի քննարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանը ահաբեկչության հովանավոր է, քանի որ այդ երկրի նախագահը մայորի կոչում ու բնակարան է տվել Ռամիլ Սաֆարովին, ով կացնով սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն իրագործելու ժամանակ։ Այս մասին նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով «Ահաբեկչության զոհերին պաշտպանելու և աջակցելու մասին» վերտառությամբ զեկույցի քննարկման ընթացքում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի գրասենյակից, Սոս Ավետիսյանն իր ելույթում նշել է. «Նախ և առաջ ցանկանում եմ կարևորել տիկին Մարիետտա Կարամանլիի ջանքերը այս զեկույցը կազմելու համար: Ահաբեկչության զոհի պաշտպանությունը, ինչպես նաև աշխարհի ցանկացած մասում դրա դեմ պայքարը իսկապես շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավերներից մեկը բոլոր պետությունների համար: Զեկույցը ծայրաստիճան արժեքավոր է երկու պատճառով. նախ` զեկույցները փորձում են կանչել այն ահաբեկչության զոհը, որը նպատակաուղղված է և նպատակ ունի անդամ պետություններին առաջարկություններ ներկայացնել ահաբեկչության զոհերին աջակցելու իրենց քաղաքականության մեջ: Ահաբեկչությունը՝ որպես մեր օրերում առավել տարածում գտած երևույթ (չնայած նախկինում նույնպես տեղի են ունեցել այդպիսի անմարդկային գործողություններ), բարդ հետևանքներ է ունենում: Տուժողի սահմանումը կարող է անմիջապես տուժած անձից տարածվել նաև նրա համայնքի վրա, որը թիրախավորվել է՝ որպես ահաբեկչության արդյունք: Ավելին, զեկուցողը իրավացիորեն ընդգծել է, որ ահաբեկչական գործողություններից տուժածներին անհրաժեշտ է հատուկ ֆիզիկական, նյութական և հոգեբանական աջակցություն: Անհրաժեշտ եմ համարում կրկին շեշտել, որ պետք է համընդհանուր ջանքեր գործադրվեն ահաբեկչությունից տուժածներին պաշտպանելու համար: Մենք պետք է հասուն լինենք այս հարցում: Ցավոք սրտի, մեր ադրբեջանցի գործընկերներ տիկին Ֆատալուևան և տիկին Գաֆարովան, չնայած իրենց հարաբերական երկար փորձին այս կառույցում, չեն դադարում էժանագին մանիպուլյացիաներ անել և հույս չկա, որ այս ստերը չեն տարածվի: Այն երիտասարդը, որ նկարում էր այս ստահոդ տեսանյութերը, միայն այդ նպատակը ուներ, մյուս գրանցված ադրբեջանցի գործընկերները նույնպես այդ մոտեցումն են ցույց տալու: Քանի որ խոսքը գնաց ահաբեկչությունից, դժվար է չհիշել այն, որ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպայի՝ Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն իրագործելու ժամանակ: Հետո ձեր սիրելի նախագահը նրանց տվեց մայորի կոչում ու բնակարան: Երբ պետությունն է դառնում ահաբեկչության հովանավոր, սա ուղղակի տխուր երևույթ է: Ես հիշեցնում եմ, որ պատերազմը հաճախ օգտագործվում է՝ որպես ծխածածկույթ ահաբեկչական գործողությունները կոծկելու համար: Դժբախտաբար, սա այն դեպքն էր, երբ 2016-ին Ադրբեջանը ագրեսիայի ենթարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և այս անօրինական ռազմական գործողության ընթացքում ԼՂՀ խաղաղ բնակիչներ կտտանքների և խոշտանգման ենթարկվեցին, որը չուներ ոչ մի ռազմական նպատակ: Մենք պետք է բարելավենք համապատասխան կոնվենցիան, որը կպաշտպանի ահաբեկչություններից տուժածներին: Այս զեկույցում արդեն դրված են որոշ կարևոր սահմանումներ, ինչպես նաև քաղաքականության առաջարկությունները: Եվ վերջապես, ես ցանկանում եմ ողջունել զեկուցողի մոտեցումը և շրջահայացությունը: Այն իրավացիորեն ցույց է տալիս, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չի հակասում ահաբեկչության դեմ պայքարի՝ պետությունների վճռականությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր