211652_close_icon
views-count428 դիտում article-date 19:26 16-11-2020

Վերականգնվել է Ասկերանի շրջանի, Բերձորի, Մարտակերտ քաղաքի գազամատակարարումը

Արցախի Հանրապետությունում այս օրերին լայն թափով իրականացվում են նաև գազամատակարարման համակարգերի վթարավերականգնողական աշխատանքներ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Ստեփանակերտի սեփական տներում և բազմահարկ շինություններում կրկին երկնագույն կրակից օգտվելու հնարավորություն կա: Մայրաքաղաքի բազմաբնակարաններում գազամատակարարումն անջատվել է անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով: Հաղորդագրության մեջ ասվում է՝ «Արցախգազ» ընկերությունից հայտնում են, որ բազմահարկ շենքերի գազամատակարարումը կվերսկսվի բնակիչների ժամանելուն զուգահեռ, քանի որ մեծ է հավանականությունը, որ պատերազմի ժամանակ, քաոսային իրավիճակում, շատերն անզգուշորեն գազասպառման սարքավորումները թողել են միացված: Այսօրերին աշխատանքները շարունակվում են Ազատամարտիկների-Տիգրան Մեծ փողոցների հրետակոծված հատվածներում, որտեղ զգալիորեն տուժել են գազատարները: Նոր խողովակաշար կանցկացվի Իսակով-Սասունցի Դավիթ հասցեների բազմաբնակարանների գազամատակարարումը վերականգնելու նպատակով: Արդեն լրիվությամբ վերականգնվել է Ասկերանի շրջանի, Բերձորի, Մարտակերտ քաղաքի և վերին ենթաշրջանի գազամատակարարումը: Երկնագույն կրակը վաղը հասանելի կլինի նաև Մարտունի, Ճարտար քաղաքում, ապա նաև Բերդաշենի ենթաշրջանում: Աշխատանքները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր