News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զբոսնել է գիշերային Սինգապուրով, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատմական գագաթաժողովի համար, որը կկայանա հունիսի 12-ին,  Կիմ Չեն Ընը Սինգապուր է ժամանել նախօրեին:  Գագաթաժողովի  նպատակն է ստիպել Հյուսիսային Կորեային հրաժարվել իր միջուկային զենքից եւ հրթիռներից` տնտեսական խթանների եւ անվտանգության երաշխիքների դիմաց:

Երիտասարդ հյուսիսկորեացի առաջնորդը քաղաքի կենտրոնի հյուրանոցում լուրջ հսկողության տակ է գտնվում եւ մինչ այսօր առավոտյան չէր երեւացել հանրությանը: Սակայն այսօր նա անսպասելի հայտնվել է իր քրոջ՝ Կիմ Յո Չոնի եւ օգնականների ուղեկցությամբ եւ նստել սեւ լիմուզին:

Reuters-ի թղթակիցները հետեւել են նրա թափորին, որին բացի ԿԺԴՀ-ի անվտագության ծառայության աշխատակիցներից մոտոցիկլներով ուղեկցել են նաեւ Սինգապուրի ոստիկանները:

Կիմի առաջին կանգառը «Ծոցի մոտակա այգիներ» ֆուտուրիստական ինստալացիաներով այգին է եղել, որտեղ գտնվում է  ամենախոշոր ապակե ջերմոցը եւ աշխարհի ամենաբարձր ծածկված ջրվեժը:

Հետո Կիմը կանգ է առել Marina Bay Sands հյուրանոցում, որը նման է սերֆինգի հսկա տախտակի եւ գտնվում է երեք բարձր սյուների վրա` տանիքի վրա գտնվող այգուց եւ լողավազանից քաղաքի վառ գույներին նայելու համար:

Զարմացած հյուրերը, վայելելով արեւադարձային երեկոյի հարաբերական սառնությունը, Կիմին լուսանկարել են իրենց սմարթֆոններով: Վերադառնալու ճանապարհին Կիմը զբոսնել է ափի  երկայնքով:

Կիմի ուղեւորությունը Սինգապուր ամենաերկար արտասահմանյան այցելությունն է, որը նա կատարել է 2011-ին իշխանության գալուց հետո:

Այս տարվա մարտին Կիմը երկու անգամ այցելել է Չինաստան նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպելու համար: Բացի այդ այս տարվա ապրիլին եւ մայիսին ապառազմականացված գոտում, որը բաժանում է Հյուսիսային եւ Հարավային Կորեաները, բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացրել Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ:

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ