Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել Ադրբեջան զինվորականներ ուղարկելու հարցը

Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել Ադրբեջան զինվորականներ ուղարկելու հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելւ հարցը, սակայն նման անհրաժեշտություն դեռևս չկա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ադրբեջանի զինված ուժերը ցույց տվեցին աշխարհին, որ ունակ են ինքնուրույն հասնելու հաղթանակի։ Ուստի չեմ կարծում, որ թուրք զինվորականների մասնակցության առաջարկն անհրաժեշտ կլինի, քանի դեռ երրորդ երկրները չեն ներգրավվել հակամարտությանը՝ անտեսելով ՄԱԿ բանաձևերը»,- ասել է Շենթոփը։

Ըստ նրա՝ պետք է հարգել միջազգային իրավունքն ու ՄԱԿ ԳՎ բանաձևերը, որոնք «պահանջում են, որ հայկական զինված ուժերը հեռանան Ադրբեջանի գրավյալ տարածքներից»։

Ավելի վաղ, անդրադառնլով ՄԱԿ բանաձևերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Այդ բանաձևերում գրված է, որ Ադրբեջանը` խախտելով զինադադարի միջազգային պայմանավորվածությունը, դրա արդյունքում ունեցել է տարածքային կորուստներ, որովհետև ԼՂ ինքնապաշտպանության ուժերը ստիպված են եղել պաշտպանվել։ ՀՀ ներգրավվածության մասին ԱԽ բանաձևերում որևէ բան գրված չէ: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն ընդունվել են 1993-ին, շատ կոնկրետ օպերատիվ իրավիճակում և վերաբերվել են հենց այդ կոնկրետ օպերատիվ իրավիճակին»։

«Հակառակ դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի օգտագործել իր ինքնապաշտպանության իրավունքը, որը թույլ է տալիս հավաքական ջանքեր այդ ուղղությամբ։ Եթե Ադրբեջանը դիմի խնդրանքով այդ համատեքստում, այն պատշաճ կերպով կքննարկվի և որոշում կկայացվի ինչպես նախագահի, այնպես էլ Թուրքիայի խորհրդարանի կողմից»,- ասել է նա։

Նա հավելել է, որ «ամեն դեպքում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին անփոփոխ է՝ բոլոր միջոցներով և ցանկացած եղանակով, որով նա կցանկանա»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---