Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան»-ը 83 երկրից ստացել է ավելի քան 600 հայտ. փառատոնը մեկտեղելու է լավագույն կինոնկարները  

«Ոսկե ծիրան»-ը 83 երկրից ստացել է ավելի քան 600 հայտ. փառատոնը մեկտեղելու է 
լավագույն կինոնկարները

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի 83 երկրից ստացել է ավելի քան 600 հայտ: Հայաստանում սիրված և երկրի սահմաններից դուրս ընդունված կինոփառատոնի մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեցին փառատոնի կազմակերպիչները:

Բացման և փակման ֆիլմեր

Փառատոնը կմեկնարկի Ռոբեր Գեդիգյանի (Ֆրանսիա) «Առանձնատունը» կինոնկարով: Փակման արարողությանը կցուցադրվի Թերի Գիլիամի (Իսպանիա, Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն) «Դոն Կիխոտին սպանած մարդը» ֆիլմը:

Միջազգային խաղարկային մրցույթ

 «Փառատոնն այս տարի հաջողություններ է գրանցել ֆիլմերի քանակի առումով, նույն հաջողությունները կան նաև որակական իմաստով: Խաղարկային միջազգային մրցույթում փորձ է արվել շեշտը դնել բազմազանության վրա, ինչպես նաև հեղինակային կինոյի, կինոլեզվի նոր հարթություններն ուսումնասիրելու հարցերին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Խաղարկային ֆիլմերի մրցույթի ընտրող հանձնախմբի անդամ Կարեն Ավետիսյանը: Նրա խոսքով՝ ընտրված ֆիլմերի աշխարհագրությունը շատ լայն է, ներառում է կինոնկարներ Ֆիլիպիններից, Լատինական Ամերիկայից, Պաղեստինից  և այլ երկրներից:

Միջազգային վավերագրական մրցույթ

Վավերագրական ֆիլմերի մրցույթի ընտրող հանձնախմբի անդամ Դիանա Մարտիրոսյանը, ներկայացնելով մրցույթը, նշեց, որ վավերագրական ֆիլմերը խաղարկայինների ֆոնին տուժում են, քանի որ դրանց նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէ: Նրա խոսքով՝ այս մրցույթում ընդգրկվել է 13 ֆիլմ, ինչպես տարածաշրջանից՝ Վրաստանից ու Իրանից, այնպես էլ հեռավոր երկրներից: Առկա է ֆիլմ Բեռլինի կինոփառատոնից՝ Ալեքսանդր Աբատուրովի (Ռուսաստան, Ֆրանսիա) «Որդին»:

«Հայկական համայնապատկեր» ծրագիր

«Հայկական համայնապատկեր» ծրագրի համակարգող Արծվի Բախչինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ընտրված 27 ֆիլմից միայն 4-ը հայկական թեմատիկայով չեն, մյուս բոլորը կամ հայկական թեմաներով են, կամ առնչվում են Հայաստանին: Ներկայացվել են ֆիլմեր 9 տարբեր երկրներից:

«Հայ ռեժիսորներին նույն հարցերն են մտահոգում, ինչ նախորդ  տարիներին՝ հայ-թուրքական հարաբերություններ, Արցախի հարց, Հայոց ցեղասպանություն»,-ասաց Արծվի Բախչինյանը՝ հավելելով, որ այս մրցույթում հանդիսատեսը կգտնի նաև դիմանկար-ֆիլմեր:

«Երևանյան պրեմիերաներ» ծրագիր

«Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը կներկայացնի 2017-2018 թթ. համաշխարհային կինոյի լավագույն նմուշները: Առկա են ֆիլմեր Վենետիկի, Բեռլինի, Կաննի, Ռոտերդամի փառատոններից»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով փառատոնային այս ծրագիրը: Հայաստանում, մասնավորապես, կներկայացվեն Վենետիկի փառատոնին ցուցադրված Սամուել Մաոզի (Իսրայել, Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա) «Ֆոքստրոտ», Աբդելլատիֆ Քեշիշի (Ֆրանսիա, Իտալիա, Թունիս) «Մեքտուբ, իմ սեր. երգ առաջին», Բեռլինի կինոփառատոնին ցուցադրված Էմիլի Աթեֆի (Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա) «Երեք օր Քիբերոնում», Ալեքսեյ Գերմանի (Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա) «Դովալթով», Հու Բոյի (Չինաստան) «Անշարժ նստող փիղը», Ռոտերդամի կինփոռատոնին գլխավոր մրցանակ ստացած  Ցայ Չենծեի (Չինաստան) «Այրի վհուկը», Կաննի կինոփառատոնում ներկայացված Ասղար Ֆարհադիի (Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա) «Բոլորը գիտեն», Հիրոկաձու Կորեեդայի (Ճապոնիա) «Խանութի գողերը», Լի Չհան-դոնի  (Հարավային Կորեա) «Հրդեհողը» կինոնկարները:

Հարգանքի տուրք

Հարգանքի տուրք կմատուցվի Ինգմար Բերգմանի հիշատակին՝ շվեդնշանավոր ռեժիսորի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին:

Կբացվեն նաև կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանի, կինոռեժիսոր Արա Վահունու, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանի անվանական աստղերը:

Հուլիսի 8-ին կմեկնարկի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրան»-ը և ութ օր շարունակ կմիավորի կինոփառատոնի երկրպագուներին: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին: «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վերՓառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]