1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի քաղաքապետարանում կներդրվի «Mulberry» համակարգ

Երևանի քաղաքապետարանում կներդրվի «Mulberry» համակարգ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով Երևանի քաղաքապետարանում կներդրվի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում հունվարի 24-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետը հանձնարարել է՝ «Էլփաս» ծրագրի անխափան աշխատանքին զուգահեռ հետևողական քայլեր ձեռնարկել նոր համակարգն արագորեն ներդնելու նպատակով:

«Մենք պետք է գործիքներ ունենանք, որպեսզի քաղաքապետարանը կարողանա պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին: Եթե մենք մեզ մոտ չունենանք լավ գործիքներ, չենք կարող որակյալ ծառայություններ մատուցել: Քաղաքապետարանն այսօր աշխատում է «Էլփաս» համակարգով, որն անգամ արդիականացնելու արդյունքում չի կարող արդյունավետ գործիք դառնալ, և ես որոշում եմ կայացրել, որ Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի էլեկտրոնային «Mulberry» համակարգով: Այս կերպ մենք կկարողանանք պատշաճ վերահսկողություն ապահովել փաստաթղթաշրջանառության նկատմամբ, ինչն, իմ գնահատմամբ, այսօր գտնվում է վատթարագույն վիճակում: Այսօրվա համակարգը հնարավորություն չի տալիս վերահսկողություն իրականացնել անգամ մեր աշխատակիցների կատարած աշխատանքի նկատմամբ»,- ընդգծել է քաղաքապետը:

Կկառուցվի շարժակազմի լվացման ժամանակակից կայան

Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում կկառուցվի շարժակազմի լվացման նոր՝ ժամանակակից կայան: Այն կապահովի ինչպես տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունը:

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով քաղաքապետարանում կգործարկվի կառավարման կենտրոն: Համայնքային նոր ավտոբուսներում առկա տեսախցիկներով կենտրոնի աշխատակիցները մշտական հսկողության տակ կպահեն հասարակական տրանսպորտի աշխատանքը:

«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել ձեռք բերված նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման խնդիրներն ու ապահովել շարժակազմի հերթական խմբաքանակի շահագործումը:

«Մենք ձեռք ենք բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան։ Տրամաբանություն չկա։ Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,–նշել է քաղաքապետը։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրով մայրաքաղաքում կշարունակվի արտաքին լուսավորության համակարգի արդիականացումն ու էներգախնայող լուսատուների տեղադրումը

Այդ նպատակով 2022թ. նախատեսված 100 մլն դրամի փոխարեն Երևանի բյուջեից կհատկացվի շուրջ 250 մլն դրամ: Կարևորելով ծրագրի շրջանակում արձանագրվող զգալի տնտեսումները՝ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ դրանք կուղղվեն ոչ միայն ընդհանուր համակարգի բարելավմանը, այլև գիշերային լուսավորության ժամանակացույցի երկարացմանը:

Երևանի կանգառասրահների հարակից տարածքում կտեղադրվեն նոր աղբամաններ: Զեկուցվել է, որ հայտարարվել է շուրջ 1200 աղբամանի ձեռքբերման մրցույթ:

Երևանյան լճի մաքրման ծրագրով նախորդ տարի աշխատանքներ են տարվել եղեգները չորացնելու համար: 16 հա զբաղեցնող եղեգնուտը հանգեցնում է ջրի չնախատեսված կորստի: Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ, կքննարկվի տարածքում հանգստի գոտի կառուցելու հնարավորությունը:

Մաշտոցի պողոտայի Գրիգոր Լուսավորչի փողոցին և «Փակ» շուկային հարակից ստորգետնյա անցումների վերակառուցման առումով հանձնարարվել է մշակել գործողությունների ծրագիր: Քաղաքապետարանն, ի դեպ, պատրաստ է Գրիգոր Լուսավորչի փողոցի հարակից ստորգետնյա անցումի առնչությամբ քննարկել ներդրումային առաջարկներ:

Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր կառույցները, քաղաքում ընթացող ծավալուն շինարարությանը զուգահեռ, պետք է պատրաստ լինեն մատակարարում ապահովել: Նշվել է, որ Երևանում արձանագրվել են բազմաբնակարան բոլոր շենքերի համար տրված շինթույլտվությունները, որոնք կտրամադրվեն նաև «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» ընկերություններին՝ կառուցապատման մոտավոր ծավալների մասին պատկերացում կազմելու և սպասարկման հնարավոր հզորությունները գնահատելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]